Սասուն Խաչատրյանը ծանրաբեռնվածությունից դժգոհում է. գործերի մի մասը կտան Քննչական կոմիտեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած մի քանի ամիս է՝ Հակակոռուպցիոն կոմիտեն սկսել է գործել, սակայն արդեն դժգոհում են, թե գերծանրաբեռնված են աշխատում: Այդ մասին Ազգային ժողովում պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը եւ առաջարկել փոփոխություններ կատարել«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության»: Եվ նշվում է, որ Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը մշակվել է Հակակոռուպցիոն կոմիտեում առկա գործերի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու նպատակով: «Ըստ էության` Հակակոռուպցիոն կոմիտեին թողնվելու են պաշտոնատար անձանց կողմից կատարվող կոռուպցիոն հանցագործությունները, իսկ մասնավոր գործերը փոխացվելու են այլ մարմինների, մասնավորապես, Քննչական կոմիտեին»,- ասել է փոխնախարարը:

Նշվել է, որ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են գործող օրենսգրքին: Նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու առաջիկա հուլիսի 1-ից:

Հավելենք, որ կառույցի՝ 2022 թվականի տարեկան բյուջեն արդեն հաստատված է: Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում եւ քննության ապահովում բյուջետային» ծրագրի իրականացման համար կուղղվի 2 մլրդ 378 մլն 900 հազար դրամ: Ծրագիրը բաղկացած է երեք միջոցառումից: «Քրեական վարույթի իրականացում» միջոցառման անցկացման համար կտրամադրվի 2 մլրդ 336 մլն դրամ:

«Վերապատրաստման եւ հատուկ ուսուցման կազմակերպում» միջոցառման իրականացումը նախատեսված է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով: Կվերապատրաստվի կոմիտեի 96 ծառայող, ծախսը կկազմի 12,6 մլն դրամ: Միջազգային գործընկեր կազմակերպությունների միջոցների հաշվին եւս կլինեն վերապատրաստումներ:
Երրորդ միջոցառումը Հակակոռուպցիոն կոմիտեի պահուստային ֆոնդն է. այն կկազմի 30,3 մլն դրամ:

Ըստ կանխատեսումների՝ 2022 թ. նախատեսվում է քննել մոտ 2000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ: Նախատեսվում է գործարկել նաեւ տարածքային ստորաբաժանումները:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս