ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանին ArmLur.am-ը հարց ուղղեց, թե երբ են պատրաստվում ավելի կոնկրետ եւ հասցեական գործողություններ անել, քանի որ հասարակությունը այս պահին ընդդիմադիրներից հենց դա է պահանջում:
-Պարո՛ն Վարդեւանյան, շարժման մասնակիցներն ասում են, որ լիդերներից ու շարժումը համակարգողներից գործողություններ են ակնկալում: Միայն հանրահավաքներին ու երթերին մասնակցելը բավարար չէ, եւ դրանով են պայմանավորում, որ չեն իջնում Ֆրանսիայի հրապարակ: Ինչո՞ւ է հապաղում ընդդիմությունը գործողություն անել:
-Երեկ, երբ քայլերթը մեկնարկեց, Բաղրամյան պողոտան ամբողջությամբ փակ էր, մոտ 10-15 ոստիկանական ուժեր, ավտոբուսներ կենտրոնացած էին, բայց մենք անցանք այնտեղով: Հիմա դա գործողությո՞ւն է, թե՞ ոչ: Բնական է, որ Պռոշյան փողոցը երեք շերտ ոստիկաններով փակված էր, չէին ուզում այդտեղով քայլերթ լիներ: Մենք ի՞նչ արեցինք. անցանք:
-Այսինքն՝ ոստիկաններին հաղթահարելը համարում եք գործողություններ կատարե՞լ:
-Ես հիմա հարցնում եմ՝ դա գործողությո՞ւն է, թե՞ ոչ: Այսինքն՝ երբ ժողովուրդն իր կամքը, կարելի է ասել, թելադրում է իրավիճակում, կարծում եմ, որ դա գործողություն է:
-Ստացվում է, որ դա թելադրում է իրավիճա՞կը:
-Եթե ժողովուրդն իր կամքը չարտահայտեր, Բաղրամյան պողոտան փակ էր լինելու: Ենթադրենք՝ եթե փակ լինի, ես ու Դուք որոշենք անցնել Բաղրամյանով, կբացե՞ն. չեմ կարծում:
-Մարդիկ կոնկրետ գործողությունների են սպասում. շենքեր գնալ, իրազեկել, այլ ակցիաներ անել չե՞ք պատրաստվում: Այլապես ստացվում է, որ ամեն օր նույն բաներն եք անում, նույն քայլերթը, նույն տեքստերը, որոնք հոգնեցնում են:
-Ես ասեմ, որ ամեն անգամ նոր բան լինում է: Օրինակ՝ նախօրեին Իշխան Սաղաթելյանը մի քանի կարեւոր շեշտադրում ներկայացրեց, որը նախկինում ոչ ոք չէր լսել. սա կարեւոր էր: Նաեւ այսպիսի մի հանրային արձագանք էլ ասեմ, որը շատ դրական էլ ընդունվել է. մենք երեկ չորս ուղղություններով քաղաքը պարալիզացրել ենք:
-Դա ամեն օր անում եք, այլ բաներ չե՞ք անելու: Մարդիկ նորից շարունակում են աշխատանքի գնալ, բոլորի բնականոն կյանքը շարունակվում է. դուք ոչ մի բան չեք պարալիզացնում:
-Եթե քաղաքում եղել է մոտ 8-9 բալ խցանում ժամը 4-5 սահմաններում, դա այլ ինչ է, եթե ոչ պարալիզացում: Այսպես ասեմ. եթե մեր հայրենակիցները մի բան ավել են ուզում, ուրեմն ճիշտ են: Բայց եկեք համբերատար մոտենանք դրան եւ կասկածի տակ չդնենք, որ ամեն անգամ այստեղ գալով, ֆիզիկապես ներկա գտնելով քայլերթին, որն իրականում միշտ մարդ է ավելացնում ու փոխանցում մեր էներգիան, դա որեւէ կերպ թող չնսեմացնեն:
Զրուցեց ՍեՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՄԲ Է ԶԲԱՂՎԵԼ
Ներսես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չունենալով «Զենքի մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված, ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ այն ձեռք բերելու եւ պահելու իրավունք, ինչպես նաեւ ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ Կհ ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ձեւակերպված համապատասխան թույլտվություն, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք հանդիսացող թվով 4 հատ «ՁՁ» տեսակի ատրճանակներից եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված 7.62մմ/7.62ճ25/ տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2022 թվականի մարտի 4-ին՝ վերջինիս Երեւան քաղաքի Խուդյակով 136/1 տան խուզարկության ընթացքում: Փոխթաղապետը վերջին շրջանում պարբերաբար հայտնվում էր սկանդալային իրադարձությունների կենտրոնում։ Փետրվարի 26-ին ոստիկաններն ուժեղացված ծառայության ժամանակ Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն էին բերման ենթարկել 2 քաղաքացու, որոնցից մեկը եղել էր Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը` 42-ամյա Ներսես Պողոսյանը։ Նրա մոտ հայտնաբերվել էր օգտագործած կաթուցիչ: Ըստ մամուլի` Պողոսյանն ասել էր, որ կաթուցիչը գտել է մեկ օր առաջ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգում, վերցրել է ու մոռացել գցել։ Ավելի ուշ ոստիկանությունը փոխթաղապետի տանն իրականացված խուզարկությամբ նաեւ քիչ չափաբաժնով հաշիշ էր հայտնաբերել։ Հարուցվել էր քրեական գործ։ Ստացվում է՝ խուզարկության ժամանակ նաեւ ռազմամթերք է հայտնաբերվել:
ՔՊ-ԱԿԱՆ ՓՈԽԹԱՂԱՊԵՏԻ ԵՂԲԱՅՐԸ
Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործով շարունակում են ձերբակալված մնալ դաշնակցական Գոռ Սարգսյանը եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը: Նկատենք, որ ձերբակալված Գոռ Սարգսյանն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ՔՊ-ական Սերոբ Սարգսյանի հարազատ եղբայրն է: Ասել է թե՝ եղբայրներից մեկը ընդդիմադիր է, իսկ մյուսը՝ քաղաքական իշխանության թիմակիցներից մեկը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթն օրերս անդրադարձել էր նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհանիսյանին եւ վերջինիս քեռուն: Մասնավորապես գրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, օրինակ, վերջին օրերին ունեցած հարցազրույցների ժամանակ ընդդիմադիրներին անվանում է «վատ հասկացողների խումբ», «ստերի պղպջակներ արձակողներ», «ռեւանշիստներ», «ժողովրդին չսիրողներ», որոնք պատերազմ են ուզում, եւ այլն։ Հետաքրքիր է՝ ընդդիմադիրներին նման գնահատական տալով՝ արդյոք իր հարազատ մորեղբորը՝ Ռուբեն Հովհաննիսյանի՞ն էլ նկատի ունի, որ երկար տարիներ քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետն է եղել եւ այս օրերին ամեն օր Ֆրանսիայի հրապարակում է։ Պատգամավոր Հովհաննիսյանը, չենք կարծում, թե տեղյակ չէ, որ հարազատ քեռին նույնպես իր եւ իր ղեկավարի հրաժարականն է պահանջում ու մասնակցում այս օրերին Երեւանի փողոցներում ընթացող անհնազանդության ցույցերին։
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Ապրիլի 17-ից՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կողմից նստացույց սկսելու օրվանից մինչ օրս, ներկայիս իշխանության օրոք տարբեր պաշտոններ զբաղեցրած շատ անձինք միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Այս օրերին Ազատության հրապարակում, ապա նաեւ Ֆրանսիայի հրապարակում ակցիա իրականացնողների եւ քայլերթի մասնակիցների շարքերում կարելի է տեսնել բազմաթիվ անձանց, որոնք այս չորս տարիներին պաշտոն են զբաղեցրել, սակայն հիմա պայքարում են հենց նրանց դեմ:
ԻՍԿ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՆՐԱՆՔ.
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանն Ազատության հրապարակ Արթուր Վանեցյանի հետ զրուցելու էր եկել ապրիլի 19-ին եւ խոսել նաեւ իր հրաժարականի պատճառների մասին՝ ասելով, թե զորքերի հայելային հետքաշման մասին լսելուց անմիջապես հետո է նման որոշում կայացրել: ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շատ վաղուց է միացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների թիմին եւ երբեք չի թաքցրել, որ հենց նրան է տեսնում ապագա ղեկավար: Այս ընթացքում նա նաեւ ճանապարհներ է փակել, բերման ենթակվել: ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը եւս այս օրերին հասցրել է լինել Ազատության հրապարակում եւ զրուցել Արթուր Վանեցյանի հետ: «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն այս ընթացքում անգամ հասցրել է ամբիոնից ելույթ ունենալ եւ բարձաձայնել այս իշխանությունների հրաժարականի անհրաժեշտության մասին: Պատերազմի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին եւս պայքարի առաջին օրերից կարող ենք տեսնել ընդդիմության շարքերում: Նա գրեթե ամեն օր լինում է Ֆրանսիայի հրապարակում: Այս օրերին Ֆրանսիայի հրապարակում են եղել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը, արդարադատության նախկին փոխնախարար Արտակ Ասատրյանը, Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Հայկ Մհրյանը եւ այլք:
ՉԻ ՊԱՀԱՆՋՎԻ
ArmLur.am-ը ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ, հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են: Մասնավորապես, մայիսի 12-ից ուժը կորցրած կճանաչվի հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ եւ մարզասրահ, գրադարաններ եւ թանգարաններ, թատերահամերգային, կինոյի եւ այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը: