Արցախի կարգավիճակի շուրջ դիսկուրսում երբեմն թյուրիմացաբար կարող է ընկալվել, որ անվտանգության եւ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ներդրումը կարող է հիմք հանդիսանալ Արցախն Ադրբեջանին կրկին բռնակցելու համար. այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Միջազգային հանրության մոտ նման մոլորությունները պետք է իսպառ փարատել՝ ներկայացնելով ոչ միայն 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունները, հայատյացության սահմաններ չճանաչող դրեւորումները, այլ նաեւ պատմության կոնկրետ ժամանակահատվածում՝ Խորհրդային Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելու 70 տարիների ընթացքում իրականացված խտրական քաղաքականությունն ու Արցախի հայության համար ստեղծված կործանարար իրավիճակը։ Ոչ վաղ անցյալի փաստերը, որոնք արձանագրված են խորհրդային ժամանակների վիճակագրական տեղեկագրերում, հստակ ու աներկբա ցույց են տալիս խտրականության բացահայտ դրսեւորումները։
Ընդ որում՝ պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ադրբեջանական ղեկավարության կողմից նման խտրական քաղաքականություն իրականացվում էր խորհրդային ինտերնացիոնալիզմի եւ եղբայրության հայտարարված սկզբունքների ժամանակահատվածում, ինչը եւ ցույց է տալիս, որ որեւէ մեխանիզմ չի կարող զսպել Ադրբեջանին Արցախը հայաթափելու ու Արցախի տարածքը ուղղակիորեն յուրացնելու իր մշտական նպատակից։ Խորհրդային տարիներին տպագրված պաշտոնական քարտեզները վկայում են, որ անգամ պատմական Արցախի մի փոքր հատվածում կազմավորված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններն ու տարածքները Խորհրդային Ադրբեջանի կազմում լինելու 70 տարիների ընթացքում անընդհատ ենթարկվել են փոփոխությունների, որի հետեւանքով ԼՂԻՄ հայությունը կորցրել է ցամաքային կապը Հայաստանի հետ։ Դրանից բացի, Մարզի հայկական բնակավայրերի մերձակայքում արհեստականորեն ձեւավորվում էին ադրբեջանցիներով բնակեցված բնակավայրեր, որոնք կարճ ժամանակ անց հանվում էին Մարզի ենթակայությունից եւ դրվում հարեւան ադրբեջանական շրջանների ենթակայության տակ, ընդ որում՝ այդ ադրբեջանաբնակ համայնքները, որպես կանոն, ստեղծվում էին ռազմավարական իմաստով կարեւոր տեղանքում՝ ճանապարհների հարեւանությամբ, բերրի եւ ոռոգովի վարելահողերի վրա կամ մերձակայքում, հայկական բնակավայրերը մի քանի կողմերից շրջապատելու դիրքերով։ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նկատմամբ իրականացվում էր տնտեսական խտրական քաղաքականություն։ Մարզի կոլտնտեսությունների համար սահմանվում էին այնպիսի բարձր պլաններ, որոնք չէին համապատասխանում առկա պոտենցիալին։ Փաստորեն, ԼՂԻՄ-ը արտադրում էր շատ, իսկ Բաքվի իշխանություններից ստանում էր իր արտադրածից անհամեմատ չնչին ֆինանսավորում. սա այն պարագայում, երբ հարեւան ադրբեջանական շրջանները, որ նման արտադրողականություն չունեին, ունեին ավելի բարձր կենսամակարդակ։
Չնայած այն հանգամանքին, որ հայ առաքելական եկեղեցին 1950-ական թվականներից ակտիվացրել էր իր գործունեությունը հայության շրջանում հոգեւոր ավանդույթների պահպանության բնագավառում, Արցախի թեմը վերաբացվել է միայն 1989 թվականին։ Արցախի հայկական եկեղեցիները վեր էին ածվել գոմերի եւ պահեստների։ Այն դեպքում, երբ ադրբեջանական տարբեր համայնքներում մուսուլմանական ավանդույթները պահպանվում եւ ազատորեն իրացվում էին, Արցախում հայկական հոգեւոր-մշակութային ավանդույթները ճնշվում եւ վերացվում էին։ 70 տարի շարունակ ԼՂԻՄ-ի հայկական բնակչությունը զրկված էր հետուստատեսությամբ մայրենի լեզու լսելու եւ հարազատ մշակույթին հաղորդակից լինելու հնարավորությունից։ Սրանք փաստեր են, որոնք արձանագրված են այդ ժամանակահատվածի վիճակագրական տեղեկագրերում եւ մամուլում։ 1960-ականն թվականներին Մոսկվայի կենտրոնական իշխանություններին ուղղված նամակում Արցախի մտավորականները հետեւյալ միտքն են արտահայտում. «Մեր վիճակն այժմ վատթար է, քան 1918-1920 թթ. թուրք-մուսավաթական եւ անգլիական նվաճման շրջանում։ Ամեն ինչ կատարվում է բարեկամության եւ եղբայրության քողի տակ»։ Կան նաեւ խտրականության դրեւորման եւ ԼՂԻՄ հայությանը մայր հայրենիքում ապրող հայությունից կտրելու այլ դրսեւորումներ, որոնց վերաբերյալ ականատեսներն ու այդ ժամանակներում ապրած մարդիկ են փաստում: Ստեփանակերտում շատ դժվարությամբ կարող եք գտնել հայկական վարդագույն տուֆով կառուցված տներ ու շենքեր, որովհետեւ այն արգելված էր միայն այն պատճառով, որ ԼՂԻՄ հայերին հիշեցնում էր Հայաստանը։ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը (Տատիկ-պապիկ) տուֆով կառուցելու համար երկար վիճաբանություններ են եղել, որովհետեւ Բաքուն դեմ էր հուշարձանի կանգնեցմանը, մանավանդ՝ այն տուֆից պատրաստելուն։ Ստեփանակերտի փողոցները անվանակոչվում էին հայերի համար անհասկանալի, անծանոթ ու ոչինչ չասող ադրբեջանական անուններով։ Հայ ականավոր գործիչների անուններով սակավաթիվ փողոցներ կային, հիմնականում՝ խորհրդային ժամանակների հայտնի հայերի անուններով։ Ստեփանակերտում բազմաթիվ մթերքների դեֆիցիտ էր այն դեպքում, երբ Ստեփանակերտից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ակնայի (Աղդամի) շուկաներում ամեն ինչ կարելի էր գտնել։
Կարգավիճակը նպատակ է, թե միջոց, դրանից մարդու իրավունքների տեսանկյունից իրողությունները եւ ադրբեջանական հանցավոր պլանները չեն փոխվում»։