Ընդդիմության նախաձեռնած փողոցային պայքարի ու քաղաքական մի քանի հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:
-Պարո՛ն Համբարյան, շուտով մեկ ամիս է, ինչ ընդդիմությունը նախաձեռնել է փողոցային պայքար: Մոտ երկու շաբաթ է, ինչ բոլորը մեկտեղվել են Ֆրանսիայի հրապարակում ու Փաշինյանի հրաժարականն են պահանջում: Ի՞նչ գնահատական կտաք շարժմանը:
-Նախ ասեմ, որ ոչ բոլորն են մեկտեղվել Ֆրանսիայի հրապարակում: Իրենց ընդդիմադիր համարող որոշ քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ հասարակական գործիչներ առաջ են տանում այն թեզը, որ իրենք ո՛չ նախկիններին են ուզում, ո՛չ ներկաներին են ուզում եւ այդ պատճառով չեն էլ դուրս գալիս պայքարի: Բայց գլոբալ առումով իրենց պայքարի դուրս չգալն ու երկու կողմերին էլ քննադատելը ի վնաս ընդդիմության է: Եթե որեւիցե մեկը այդ ընդդիմադիրներից ցանկանում է որեւէ բան փոխել, ուրմեն առաջին հերթին պետք է պայքարեն Նիկոլի իշխանության դեմ, հետո նոր պատրաստվեն իշխանության գալուն: Բայց դա տեղի չի ունենում, ավելին՝ նրանց շատ խիստ քննադատությունները ընդդիմության նկատմամբ ի օգուտ Նիկոլ Փաշինյանի է գնում: Ինչ վերաբերում է ընդդիմության նախաձեռնությանը, ապա ես լիովին ողջունում են նրանց այլ քայլը: Այս մեկ ամսվա ընթացքում կարող են փաստել, որ գոնե թափը չի կորել: Միեւնույն ժամանակ փաստեմ, որ եթե ընդդիմադիրները շարունակեն նույն տեմպերով, չի բացառվում, որ մարդիկ արդեն կսկսեն հիասթափվել:
-Քաղաքացիները դժգոհում են, որ շարժումը լիդեր չունի, հայտնի չէ՝ ով է վարչապետի թեկնածուն, կոնկրետ գործողությունների չեն անցնում: Այս ամենը չի՞ կարող տանել շարժման մարմանը:
-Այո, խնդիր կա՝ կապված նույն լիդերի հետ: Շատերը մտածում են, որ իրենք պետք է գնան լիդերի հետեւից, եւ եթե լիդեր չկա, դա իրենց համար խնդիր է: Օրինակ՝ ինձ համար դա բացարձակ խնդիր չէր, ինձ համար ամենակարեւորը Հայաստանը ազատելն է Նիկոլի իշխանությունից: Մի զգալի զանգված կա, որը ընդդիմադիր տեսակետներ ունի, բայց ակտիվ չի պայքարում այս իշխանությունների դեմ, չի միանում երթերին, որովհետեւ չկա լիդեր: Ընդդիմությունը պետք է լիդեր փնտրի. նա պետք է լինի ո՛չ նախկին, ո՛չ էլ այս իշխանությունների հետ համագործակցված որեւէ անձ: Ինձ համար ամենահավանական տարբերակը Արման Թաթոյանն է, որը, ճիշտ է, նախորդ իշխանությունների հետ համագործակցել է, բայց թե՛ ՄԻՊ եղած ժամանակ, թե՛ արդարադատության նախարար եղած ժամանակ այս իշխանությունների օրոք ցույց է տվել իր պրոֆեսիոնալիզմը: ՄԻՊ-ն այն եզակի կառույցներից էր, որ Նիկոլի օրոք ոչ թե քանդվեց, այլ, ընդհակառակը, է՛լ ավելի ամրապնդեց իր դիրքերն ու հասարակության մոտ բարձր ռեյտինգ ձեռք բերեց:
-Եթե ըննդիմադիրներն այս անգամ էլ չհաջողեն, ու Փաշինյանը շարունակի վարչապետ մնալ, ապա ի՞նչ է ստացվելու. ամրապնդեցի՞ն Փաշինյանի իշխանությունը, թե՞ «վա բանկ» գնացին վերջնական:
-Այո, իշխանությունների կողմից ընդդիմության այս փուլում ձախողումն է՛լ ավելի թեւ ու թիկունք կլինի: Կլկտիանան է՛լ ավելի, եւ այն հակապետական ու հակահայկական որոշումները, որոնց մասին բարձրաձայնում են Բաքվից եւ Անկարայից, եւ Երեւանը մինչեւ հիմա ձայն չի հանում, ուրեմն վտանգ կա, որ կապիտուլյանտ Նիկոլը, մնալով իշխանությունում, դրանք բոլորը կանի: Չի բացառվում, որ թուրքերի պահանջները լիովին ընդունվեն:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ Է ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵԽ-Ի ՀԱՐԹԱԿՈՒՄ
«Լրագրողների նկատմամբ ենթադրյալ անհամաչափ բռնության կապակցությամբ արդեն նախազգուշացում է տեղադրվել մեր հարթակում՝ խթանելու լրագրության պաշտպանությունն ու լրագրողների անվտանգությունը։ Սպասում ենք իշխանությունների պատասխանին»,- Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է ոստիկանական բռնությունների մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գրություններին։
«Ապրիլի 29-ին եւ մայիսի 2-ին խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժ կիրառելու դեպքերի, դրանց արդյունքում քաղաքացիներին հասցված մարմնական վնասվածքների, ինչպես նաեւ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի մասին գրություններ էի ուղարկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Քարտուղարին մանրամասն ներկայացրել էի Հայաստանում տիրող իրավիճակը եւ ոստիկանների ակնհայտ կանոնակարգված բռնի, մարդու իրավունքները ոտնահարող գործողությունները։ Խնդրել էի համապատասխան արձագանք տալ այս դեպքերին, քանի որ նրա հանրային կարծիքը մեծ դերակատություն ունի բռնության կանխարգելման եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Գլխավոր քարտուղարը, պատասխանելով իմ գրություններին, նշել է, որ խաղաղ հավաքներ իրականացնելու ազատությունը ժողովրդավարական, հանդուրժող եւ բազմակարծիք հասարակության հիմքերից է, որը երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ինչպես մեկնաբանվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, այդ թվում՝ Հայաստանին վերաբերող գործերով։ ԵԽ գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ իր գործողություններում ոստիկանությունը որդեգրի մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում, եւ իրավապահ մարմինների կողմից ուժի կիրառումը լինի օրինական, անհրաժեշտ, համաչափ եւ սահմանափակվի այն դեպքերով, երբ դա խիստ անխուսափելի է: Ուժը պետք է կիրառվի միայն անհրաժեշտության նվազագույն աստիճանով։
«Վստահ եղեք, որ Եվրոպայի խորհուրդը եւ նրա համապատասխան կառույցները կշարունակեն ուշադրությամբ հետեւել ստեղծված իրավիճակին եւ աշխատել ՀՀ իշխանությունների հետ, ինչպես անդամ մյուս երկրներում՝ այս սկզբունքները պահպանելու համար»: Տիկին Բուրիչն ամփոփում է. «Լրագրողների նկատմամբ ենթադրյալ անհամաչափ բռնություն կիրառելու կապակցությամբ նախազգուշացում է տեղադրված մեր հարթակում՝ խթանելու լրագրության պաշտպանությունն ու լրագրողների անվտանգությունը։ Սպասում ենք իշխանությունների պատասխանին»։
Կշարունակեմ ներկայացնել միջազգային մյուս կարեւորագույն կառույցների արձագանքները հրապարակման մասով նրանց համաձայնությունները ստանալուն պես»:
ՕԳԱՆՈՎՍԿԻՆ ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԻ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) չեն կալանավորի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 72 ժամը լրանալուց հետո նրան ազատ կարձակեն, այսինքն՝ մայիսի 14-ին գեներալը կլինի ազատության մեջ: Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի կողմից հնչած կրակոցների մասին ArmLur.am-ը մանրամասներ էր հայտնել: Գրել էինք, որ մինչ կրակոցները վեճ էր եղել գեներալի եւ մի քանի երիտասարդների միջեւ: Մասնավորապես՝ Սամվել Կարապետյանը մեքենան կայանել է մի վայրում եւ խնդրել է մի քանի երիտասարդների իրենց մեքենան մի փոքր այն կողմ կայանել: Երիասարդները սկսել են կոպիտ խոսել, թե «մենք ոնց ուզենք, այդպես կանենք», որից հետո Կարապետյանն իջել է մեքենայից՝ խոսելու երիտասարդների հետ, սակայն խոսակցությունները վերածվել են վեճի, եւ ինչպես ArmLur.am-ի հետ զրույցում նշեցին վերջինիս մտերիմները, գեներալի նյարդերը տեղի են տվել, եւ ընդամենը վախեցնելու համար նա կրակել է երիտասարդների մեքենայի ուղղությամբ:
ՄԻԱՅՆ ԷՍՊՐԵՍՈ
Էսպրեսո սրճեփ, սուրճ, կաթնային շոկոլադ, գազավորված եւ չգազավորված ջուր, հեռուստացույց. սրանք այն ապրանքներն են, որոնք գնել է կառավարության կողմից ստեղծված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն: Ի դեպ, այս ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է, որը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի ապագա թեկնածուն է: ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ-ը) ընկերությունը պետական միջոցներով իտալական արտադրության բազմաֆունկցիոնալ էսպրեսո սրճեփ է գնել: Սրճեփի համար պետական միջոցներից ծախսվել է 245 հազար դրամ գումար: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ապրիլ ամսին ընկերությունը եւս մեկ սրճեփ է գնել 80 հազար դրամով: Ի դեպ, ըստ փաստաթղթի՝ էսպրեսո սրճեփի մատակարարման օրն այսօր է: Բացի այս, ArmLur.am-ը ԱՆԻՖ-ի ընթացիկ տարվա գնումների պլանից տեղեկացավ, որ առողջության ապահովագրման ծառայությունների համար նախատեսվել է ծախսել 6 մլն 525 հազար դրամ, իսկ գրասենյակային տարածքների վարձակալության համար նախատեսվում է ծախսել 30 մլն դրամ: Գազավորված եւ չգազավորված ջրեր ձեռք բերելու համար ընկերությունը մտադիր է ծախսել 90 հազար դրամ, անձեռոցիկների համար՝ 60 հազար դրամ, թղթե սրբիչներ՝ 25000 դրամ, թեյնիկի համար՝ 8000 դրամ: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ այս ընկերությունը նախորդ տարեվերջին 900 հազար դրամով գնել է հեռուստացույց: Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին 100 տուփ կաթնային շոկոլադ է գնել՝ վճարելով 204 հազար դրամ: Բացի այս, կազմակերպության պաշտոնական կայքէջում նշված է, որ այս կազմակերպությունն ապակուսակցական եւ ապաքաղաքական միավոր է: Սա այն դեպքում, երբ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը ՔՊ վարչության անդամ է, որը քաղաքական որոշումներ է կայացնում մեր երկրում: