Ֆրանսահայ նշանավոր շանսոնյե, երգիչ, երգահան, գրող, բանաստեղծ, կինոդերասան և հասարակական գործիչ, երջանկահիշատակ Շառլ Ազնավուրի (իրական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծննդյան օրն է. նա կդառնար 98 տարեկան:
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում:
Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից) Շառլ Ազնավուրը տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, նեապոլիտաներեն ձայնագրել է մոտ 1200 երգ:
Դերասանական ունակություններն Ազնավուրը ժառանգել էր մորից՝ նախկին դերասանուհուց։ 5 տարեկանում արդեն հանդիսատեսի առաջ հանդես էր գալիս ջութակով, իսկ 9 տարեկանում ռուսական պարերով էր հանդես գալիս։ Միև նույն ժամանակ, նա սկսել է երգել տեղի եկեղեցու երգչախմբում։ Հայտնի է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի …
Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և իր և այլ երաժիշտների համար։
Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է, որը ըստ Ստեֆան Օլդենի «ֆրանսիական փոփ երաժշտության արքան» է։
Չմոռանալով ֆրանսիական մշակույթը նա 1995 թվականից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում։
1988 թ-ի Սպիտակի երկրաշարժի օրերին անմիջապես Հայաստան եկավ, ստեղծեց «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամն ու այդ ժամանակվա աշխարհահռչակ երաժիշտների հետ ձայնագրեց «Քեզ համար, Հայաստան» երգը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը ևս փոխանցվեց երկրաշարժից տուժած հազարավոր ընտանիքների:
2008 թվականին նա ստացել է Հայաստանի քաղաքացիություն և 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
2010 թվականին նա ստանում է «Victoires de la Musique» մրցույթի գլխավոր մրցանակը։ 2011 թվականից սկսվեց Ազնավուրի նոր համաշխարհային շրջագայությունը՝ «Aznavour en Toute Intimité» խորագրով։ Նույն թվականին թողարկված նոր՝ «Aznavour toujours» ալբոմը Ֆրանսիայի և Բելգիայի հիթ-շքերթներում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ 2017 թվականի օգոստոսի 24-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը:
Շառլ Ազնավուրը ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի հետ (1946 թվականի մարտի 16), երկրորդ անգամ Էվելին Պլեսիսի հետ (1955 թվականի հոկտեմբերի 28) և երրորդ անգամ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ (1967 թվականի հունվարի 11)։ Այս ամուսնությունների արդյունքում ունեցել է 5 երեխա՝ Սեդան, Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան։
Շանսոնյեն իր գործունեության ընթացքում արժանացել է մի շարք պարգևների:
Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին իր Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող տանը։ Դիահերձումից հետո պարզ դարձավ, որ մահվան պատճառը թոքերի այտուցն է։ Այսօր Շառլ Ազնավուրի հիշատակի օրն է
Հոկտեմբերի 5-ին Ազնավուրի հիշատակին ազգային տուրք մատուցվեց Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, երկրի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, որը նրան անվանեց «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»։
Հրաժեշտի արարողությանը ներկա էին Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրանց կանայք և Ամենայն հայոց կաթողիկոսը։
Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը։
Ազնավուրը թաղված է Մոնֆոր Լամորի համայնքի 12-րդ դարի վանքի տարածքում գտնվող ընտանեկան դամբարանում։