ԾՆՈՂՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ԱԱԾ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամեն օր գալու ենք, այստեղ կանգնենք, մենք էլ ենք մարդ։ Ճիշտ է, կիսատ մարդ ենք. մեր երեխաների կորստի ցավը դեռ չենք կարողանում տանել։ Եկել ենք տեսնենք՝ դավաճանը վերջապես պետք է կանչվի՞, թե՞ ոչ։ Կանչում են, դատ նշանակում։ Ո՞նց կարելի է նման գործով նիստ նշանակել եւ մեկ ժամ տրամադրել ընդամենը»,-Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց ասաց 2020թ. պատերազմում անմահացած հերոսներից մեկի մայրը: Ծնողները, վրդովված դատական նիստի հերթական հետաձգումից, փակել էին Գարեգին Նժդեհի փողոցը։

 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-ին ԱԺ-ում հայտարարությունից հետո, երբ նա ասել էր՝ այո, կարելի էր կանխել պատերազմը, եւ կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի, զոհված զինծառայողների ծնողները քրեական գործ հարուցելու մասին միջնորդություն էին  ներկայացրել դատախազություն. ծնողները ճանաչվել են տուժողների իրավահաջորդներ, պահանջում են որպես մեղադրյալ ներգրավել Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս հարցաքննվելու է։

«Սա մի ժամվա գո՞րծ է։ Ամեն ինչ անում են, որ խուսափեն, հետաձգեն, որ մենք հոգնենք, հիասթափվենք ու էլ չգանք։ Ո՞նց կարելի է։ Ո՞վ կարող է ուրանալ իր երեխայի արյունը։ Սա հոգնել չի։ Սենց ապրո՞ւմ ենք: Ո՞վ է ասել, որ մենք ապրում ենք։ Այսքան բանից հետո խեղճ ծնողներիս ցավը չեն ուզում հասկանալ։ Թող գան պատասխան տան, ասեն, որ գործը մինչեւ վերջ քննվելու է: Եթե դատավորի երեխա զոհվեր, ինքն իրեն այսպե՞ս կպահեր, կամ դատախազը։ Իրենք իրենց երեխաներին փեշի տակ պահել են, չեն թողել գնան կռվի, իսկ մենք թողել ենք։ Դե եկեք, պատասխան տվեք։ Փախչելով որքա՞ն կարող են։ Եթե փախչող են, թող գնան Թուրքիա։ Մենք հայ ենք, եւ հայի երկրում հայի դատաստան պետք է լինի»,-վրդովված ասում են ծնողները:

Զոհված զինվորի ծնող Անահիտ Մանասյանի փոխանցմամբ՝ իրեն զանգահարել է դատախազի տեղակալ պարոն Հակոբյանն ու ասել, որ բոլորին պատրաստ է հիմա ընդունել իր մոտ, բոլոր հարցերին պատասխանել, սակայն իրենք ընդհանրապես ծանուցված չեն։

Անահիտ Մանասյանը հստակեցրեց. «Զինվորական գծով դատախազի տեղակալ Հակոբյանն ասաց՝ դատախազությունն առհասարակ ծանուցված չի եղել, որ այսօր նիստ կա նշանակված։ Այս գործով ներգրավված դատախազը զինվորական դատախազությունից է՝ Արշակ Մարտիրոսյանը։ Մեզ մոտ էլ է հարց առաջանում, թե ինչու են գործն ուղարկել զինդատախազություն, թե ինչու է վարույթն այդ մարմնում ընթանում։ Մեր փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հայց է ներկայացրել դատախազության անգործության վերաբերյալ»։ Ավելի ուշ Անահիտ Մանասյանը հայտնեց՝ նորից է խոսել զինդատախազ Հակոբյանի հետ, ներկայացրել ծնողների պահանջը, նա էլ ասել է, որ գալիս է։

Հավելենք, որ խոսքը ՀՀ զինվորական դատախազի տեղակալներից Գուրգեն Հակոբյանի մասին է։ Նա ներկայացավ այս գործով դատախազ Արշակ Մարտիրոսյանի հետ ու հենց փողոցում զրուցեցին ծնողների հետ։ Արշակ Մարտիրոսյանի պնդմամբ՝ ինքը վերաքննիչ դատարանից նիստի վերաբերյալ ծանուցագիր չի ստացել։ «Իհարկե, մենք հիմա առանձին կպարզենք, թե ինչն է եղել պատճառը, որ ծանուցագիրը չի հասել ճիշտ ժամանակին։ Իրավական գործընթացի հետ կապված հարցերը, որոնք ենթակա են դատարանում քննարկման, կքննարկենք դատարանում։ Մենք մշտապես կազմակերպում ենք ընդունելություն, զինվորական դատախազությունում մշտապես խնդիրներին լուծումներ տրվել են»։

Ծնողները եւ ներկաները այլ հարցեր էլ հղեցին. Հակոբ Մարտիրոսյան, հոկտեմբերի 27-ի գործով մեղադրանք պաշտպանած դատախազ, այժմ՝ փաստաբան. «Հաղորդում է ներկայացված պետական դավաճանության փաստի առիթով։ Սա զինդատախազության ենթակա խնդիր չի։ Ինչո՞ւ եք զինդատախազությունն ընտրել»։

 

 

ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է

ՀՀ զինվորական դատախազության հետեւողական հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ տանկային աշտարակների գումարտակի շտաբի պետ Ա. Ղ.-ն 2020թ. նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո, հրաման է ստացել, մարտական հերթապահություն կատարելով, ապահովել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մարտական դիրքերի անվտանգությունը:

Սակայն 2020 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի մասին հայտարարության պայմանների կոպիտ խախտմամբ կատարված անակնկալ հարձակման արդյունքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում, նա չի կատարել իր անմիջական պետի հրամանը՝ անցնել շրջանաձեւ պաշտպանության: Ծավալված մարտի ընթացքում իր ենթակա անձնակազմին Ա.Ղ.-ն տվել է «նահանջ» հրաման եւ ինքնակամ լքել է մարտադաշտը, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետեւանքներ. Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի պաշտպանության համար զբաղեցրած մարտական դիրքերը եւ Խծաբերդ գյուղն անցել են հակառակորդի վերահսկողության տակ:

Բացի այդ, պարզվել է, որ մինչեւ մարտական հերթապահության մեկնելը Ա. Ղ.-ն ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնի մասից ստացել է ծառայողական գաղտնիք պարունակող՝ Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տեղանքը պատկերող «գաղտնի» դրոշմագրով աշխատանքային քարտեզ եւ էլեկտրոնային կրիչ: 2020թ. դեկտեմբերի 13-ին հակառակորդի առաջխաղացման հետեւանքով նրա կողմից ինքնակամ մարտադաշտը լքելու եւ մարտական դիրքը հակառակորդի կողմից զբաղեցվելու արդյունքում էլեկտրոնային կրիչն անցել է հակառակորդի տիրապետության տակ: Վերջինս տնօրինել է գումարտակի անձնակազմն անհատականացնող հաստիքացուցակին։ Վերոնշյալ արարքները կատարելու համար Ա. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 380-րդ հոդվածի 1-ին մասով եւ 376-րդ հոդվածի 3-րդ մասով: Նախաքննությունն ավարտվել է, նախաքննության օրինականության նկատմամբ հոսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործն ուղարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու։

 

 

ԽՓԵԼ Է ԲՇԺԿԻ ԳԼԽԻՆ

Մայիսի 16-ին՝ ժամը 13.23-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Արհեստավորների փողոցի տներից մեկը՝ ծանր հիվանդին բուժօգնություն ցույց տալու, որտեղ նրա հարազատը խփել է բժշկի գլխին: Ժամը 13.35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գուվ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել շտապօգնության բժիշկը: Նա հայտնել է, որ կանչով մեկնել է Արհեստավորների փողոցի տներից մեկը, որտեղ բուժօգնություն ցուցաբերելիս հիվանդի հարազատը լինգով մի քանի անգամ խփել է իրեն: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած  միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է 49-ամյա տղամարդը: Նա բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

 

ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում «Հայանտառ» ՊՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահում կատարելու հանգամանքները, որի համար քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Պարզվել է, որ դեռեւս 2007թ. օգոստոսի 17-ին երեք քաղաքացիներ 10 տարի ժամկետով անտառային հողերի վարձակալության պայմանագրեր են կնքել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ, համաձայն որի՝  հանգստի գոտի կազմակերպելու նպատակով վերջիններիս ժամանակավոր օգտագործմանն է հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության տեղամասից որոշակի տարածք՝ տարեկան 240.000 ՀՀ դրամ վարձավճարով: Պայմանագրերի կնքումից հետո տեւական ժամանակ հիշյալ քաղաքացիները սահմանված կարգով վճարումները չեն կատարել, ինչի կապակցությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2014 թվականին քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով բռնագանձել վարձավճարները եւ տուգանքները: Դատարանների կողմից հայցերը բավարարվել են, եւ վճիռներ են կայացվել` ընդհանուր 34.114.551 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ:

Սակայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ինչպես նաեւ «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ վերոգրյալ հողատարածքները վարձակալած անձանց հետ նույն կուսակցության անդամ լինելու խմբային շահերից ելնելով, չի ստորագրել դատական ակտերը կատարման ուղարկելու վերաբերյալ գրությունները, ապա պարբերաբար բանավոր ցուցում է տվել ՊՈԱԿ-ի աշխատակցին` օրինական ուժի մեջ մտած վերոնշյալ դատական ակտերը կատարման չուղարկելու վերաբերյալ:

Շուրջ երկու տարի անց, ի օգուտ պետության 34.114.551 ՀՀ դրամ բռնագանձման վերաբերյալ դատական ակտերը կատարման ներկայացնելու փոխարեն, ՊՈԱԿ-ի տնօրենը, առանց հիմքերի եւ հիմնավորման, պաշտոնեական դիրքը չարաշահելով,  2016 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 76 հրամանով, որպես հողամասերի չօգտագործման դիմաց վարձակալներին տրվող վնասի հատուցում, ամբողջությամբ չեղյալ է համարել հիշյալ վարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարի եւ տուժանքի գումարները, ինչի արդյունքում պետության օրինական շահերին պատճառել է էական վնաս՝ հեղինակազրկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, եւ խաթարվել նրա բնականոն գործունեությունը, ինչն անզգուշությամբ առաջացրել է նաեւ ծանր հետեւանքներ, այն է՝ պետությունը՝ ի դեմս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, զրկվել է 34.114.551 ՀՀ դրամ գումարը պետական բյուջե մուտքագրելու հնարավորությունից: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս