ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀՈՒՅՍԵՐ ԵՆ ԿԱՊՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հանդես է եկել ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով: Նա առաջարկում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը: Բանն այն է, որ գործող իրավակարգավորումների համաձայն՝ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ 6 ամիս է, որը կարող է մեկ անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ, երկարաձգվել մինչեւ 6 ամսով: Բագրատյանը կարծում է, թե այս կանոնակարգումը խնդրահարույց է, քանի որ նախորդ փորձերը ցույց են տվել, որ  խորհրդարանի գործունեության ընթացքում նշված ժամկետների ոչ բավարար լինելու արդյունքում քննիչ հանձնաժողովները եւս 6 ամսով երկարաձգել են հանձնաժողովի լիազորությունները, ինչը նույնիսկ այդ դեպքում բավարար չի եղել: Եվ նախագծով նա առաջարկում է քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը փոփոխել` դարձնելով 1 տարի ժամկետով, որը կարող է մեկ անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ, երկարաձգվել մինչեւ մեկ տարով:  Նշենք, որ խորհրդարանական քննիչ հանձնաժողովը ստեղծվում է իրավունքի ուժով` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով:  Առաջին ընթերցմամբ քննարկված նախագիծն երեկ  արժանացել է պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

 

 

ԲԱՐԴ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ՝ ՌԴ-Ի ԴԵՄ

Եվրամիությունը մոտեցել Է հակառուսական պատժամիջոցների սահմանման վերջին կետին: Նման կարծիք Է հայտնել ԵՄ-ի մի դիվանագիտական աղբյուր Euractiv ինտերնետ-պորտալում: «Մոսկվայի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը կդառնա անհավատալիորեն բարդ: (…) Մենք շատ մոտ ենք մեր վերջին սահմանին հասնելուն,- հայտարարել Է դիվանագետը ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո:- Եթե ռուսական նավթի հարցում այդպիսի խառնաշփոթություն էր, պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա (ռուսական) գազն արգելելու առաջարկության դեպքում»: Նա նաեւ ընդգծել Է, որ ԵՄ-ի անդամ պետությունները «նույնիսկ մի քայլ հետ են գնացել», չնայած որոշ առաջընթացին Հունգարիայի հետ բանակցություններում ՌԴ-ից նավթի ներմուծման բռնարգելքի սահմանման առաջարկության վետոյի չեղարկման շուրջ: Ավելի վաղ ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը խոստացել Է, որ Եվրամիությունը կշարունակի պատժամիջոցային ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, բայց խոստովանել Է, որ ԵՄ-ի ԱԳՆ-ների ղեկավաները մայիսի 16-ին նույնիսկ չեն փորձել փոխզիջում գտնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ՝ ներառյալ նավթային բռնարգելքը, շատ լուրջ տարաձայնությունների պատճառով: Նրա կարծիքով՝ այդ նոր պատժամիջոցային փաթեթի հաստատումը շաբաթների հարց Է. հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ ՀՍԿՈՒՄ ԵՆ

Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը հոգում են հարյուրավոր ոստիկաններ, անվտանգության աշխատողներ, թիկնապահներ։ Հիմա ոստիկանությունը նաեւ նրա արձանի պահպանությամբ է զբաղված։ Իջեւանից հայտնում են, որ մայիսի լույս 16-ի գիշերից  ոստիկանները գիշերային պահակություն են իրականացում Իջեւանի Սուրբ  Ամենափրկիչ եկեղեցու պատի տակ՝ փողոցի ծայրին հառնող արձանի նկատմամբ։ Իջեւանցի քանդակագործ Արմեն Դավթյանի ստեղծած արձանը անհայտ անձանց կողմից վնասվել է Գյումրիի ճանապարհին, վերանորոգելուց հետո տեղադրվել Իջեւան քաղաքի հարավային մուտքի մոտ, որտեղ անհայտ անձանց կողմից արձանը գլխատվել էր։ Այն վերանորոգելուց հետո տեղադրվել է Իջեւան քաղաքում՝ Ամենափրկիչ եկեղեցու պատի տակ՝ փողոցի եզրին, սակայն մի քանի օր առաջ անհայտ անձինք վնասել էին արձանը, այդ պատճառով էլ ոստիկանները գիշերային հսկողություն են սահմանել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ՄԻԵԴ-Ը ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել 12 հազար եվրո վճարել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ  Արմինե Օգանեզովային, որն առավել հայտնի էր Ծոմակ անունով։ Եվս 4.5 հազար եվրո Հայաստանի կառավարությունը պետք է վճարի նրա դատական ծախսերի համար։ Եվրոպական դատարանը համարել է, որ նրա իրավունքները խախտվել են (հոդված 3. Խոշտանգումների արգելում,  եւ հոդված 14. Խտրականության արգելում)։ 1980 թ. ծնված Ա. Օգանեզովան հիմա ապրում է Շվեդիայում։

Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսի 8-ի վաղ առավոտյան պայթեցրել էին Փարպեցի 14/11 հասցեում գտնվող, Ծոմակ Օգանեզովային պատկանող «DIY» փաբը: Սեփականատերը վստահ է, որ դա ատելության նշան է: Ծոմակը հրդեհի մասին տեղեկացել է առավոտյան 5:30-ին, «DIY» փաբի անվտանգության տեսախցիկը ֆիքսել է հանցագործների դեմքերը: «Կոտրելով ապակին, բենզինով լի տարան ներս են գցել ու պայթեցրել տարածքը: Առավոտից նորմալ ոստիկան չի եկել, ոչ մի լուրջ աշխատանք չեն տարել, նույնիսկ մատնահետք չեն վերցրել: Սա ատելությունից դրդված արված քայլ է, բայց ես ոչ մեկին հանգիստ չեմ թողնի, մինչեւ մեղավորները չպատժվեն»,- հայտարարել էր երաժիշտ եւ հասարակական ակտիվիստ Ծոմակը: Հետագայում պարզվել էր, որ հրկիզողները ՀՅԴ անդամներ են, որոնք իրենց արարքը հիմնավորել էին այսպես. «Այն դարձել էր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հավաքատեղի, ինչը Հայաստանի համար ամոթ էր»։ 2013-ին նրանք մեղավոր են ճանաչվել, նշանակվել է 2 տարվա ազատազրկում, ապա համաներմամբ ազատ են արձակվել։

 

 

 




Լրահոս