«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Բայց Հայաստանի համար կարևորագույն հարցերից մեկը Արարատ Միրզոյանը չի բարձրացել:
Եւ այսպես, պաշտոնական հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին:
Իհարկե, այդ դրույթները շատ են, բայց հիշարժան է հատկապես մեկը, որը Հայաստանի համար ոչ միայն քաղաքական, այլև բարոյական, հոգեբանական խնդիր է:
Նոյեմբերի 9-ի հայտարարության ութերորդ կետում բառացիորեն ասվում է. «Կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»։
Սակայն այդ կետը չի կատարվել մինչ օրս: Հայկական կողմը վերադարձրեց բոլոր գերիներին՝ ներառյալ հանցագործներին, սակայն մոտ 100 և ավել գերիները շարունսկում են մնալ Ադրբեջանի բանտերում:
Եւ այս փաստը որևէ կերպ չի շոշափվում մեր միակ ռազմավարական դաշնակից պետության արտաքին գործերի նախարարի հետ զրույցում: Համենայնդեպս, պաշտոնկան հաղորդման մեջ այդ մասին ոչինչ չկա:
Ինչպես գիտենք, 21-րդ դարում հայ գերիները քաղաքական առևտրի առարկա են դարձել:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում