11 ՕՐ Է` ԱՆԳԻՏԱԿԻՑ ՎԻՃԱԿՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցում 19-ամյա մի աղջիկ քթի պլաստիկ վիրահատությունից հետո «նարկոզից» ընդամենը մի քանի վայրկյան է դուրս եկել, այնուհետեւ ցնցումների մեջ է ընկել եւ այդ վիճակում է արդեն 11 օր:Հոկտեմբերի 7-ին Երեւանի Կիլիկիա թաղամասի բնակիչ 19-ամյա Սաթենիկ Միրզոյանը դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն` քթի պլաստիկ վիրահատության համար: Վիրահատությունն անցել է նորմալ, սակայն երբ բժիշկները փորձել են աղջկան «նարկոզից» դուրս բերել, նա ընդամենը մի քանի րոպե է ուշքի եկել, այնուհետեւ անհասկանալի ձեւով ընկել է ցնցման մեջ ու տարօրինակ շարժումներ արել:«Ժողովուրդ»-ը եղավ «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում Սաթենիկը` անգիտակից վիճակում, հանգստացնող դեղերի ազդեցության տակ: Մեր այցելության պահին միայն Սաթենիկի մորաքույրն էր հիվանդանոցում, չնայած որ այդ դեպքն իր բացառիկությամբ այնքան հայտնի էր, որ հիվանդանոցում բոլորն էլ քաջատեղյակ էին աղջկա հետ կատարվածից, եւ մեզ տեղեկացրին, որ արդեն քանի օր է` Սաթենիկի հարազատները չեն հեռանում հիվանդանոցից:Սաթենիկի մորաքույրը շատ սրտնեղած էր եւ հրաժարվում էր որեւէ բանի մասին խոսել, անգամ հրաժարվեց իր անունը նշել, միայն ասաց, որ մորաքույրն է եւ ինքն է զբաղվում բոլոր հարցերով: Մեր երկար պնդումներից հետո, ի վերջո, կարողացանք զրուցել նրա հետ: Վերջինս ասաց, որ ոչ մի բանից տեղյակ չեն, չգիտեն, թե ինչ է կատարվել իրականում: Նրա խոսքերով` իրենց երեխան առողջ է եղել, իրեն վիրահատությունից առաջ լուրջ ստուգել են, եւ ինքը որեւէ խնդիր չի ունեցել. «Արդեն 11 օր է` մենք էստեղ ենք, իրա մայրը, հայրը ամեն օր էստեղ են, տուն չենք գնում, բացարձակապես չենք կարողանում հասկանալ, թե Սաթենիկի հետ ինչ ա կատարվում, գլուխը նկարում են` նորմալ ա, ջերմությունը, ճնշումը նորմալ ա, ամեն ինչը նորմալ ա, բայց…»:Այժմ 19-ամյա աղջկան դեղ են ներարկել, ինչի արդյունքում նա գտնվում է հանգիստ վիճակում, բայց ըստ նրա մորաքրոջ` դրանից առաջ նա ինչ-որ անբնական շարժումներ է արել, միշտ լարված վիճակում է եղել. «Վիրահատությունն անցել է շատ լավ, մենք վիրահատող բժշկին արդեն քանի տարի է` ճանաչում ենք, ինքը մեր հարազատների քթերը վիրահատել ա, շատ լավն ա ինքը, շատ արտակարգ ա»:Մեր զրուցակիցը նշեց, որ Սաթենիկը 10 տարվա լատինո-ամերիկյան պարուհի է ու երբեւիցե որեւէ խնդիր չի ունեցել: Նաեւ հավելեց, որ 19-ամյա աղջկան օգնելու համար Ռուսաստանի Դաշնությունից մասնագետներ են հրավիրվել Հայաստան. «Տարբեր տեղերից գալիս են, նայում են, ասում են` իրա հետ ամեն ինչ նորմալ ա, պիտի ուղղակի սպասեք, բայց թե ինչի չի արթնանում, չենք հասկանում, ուղեղը նորմալ ա, տարել են «Նաիրի» բժշկական կենտրոն, էլի նկարել են ու ասում են, որ ամեն ինչ նորմալ է: Ինքը սպորտային պարեր ա պարել, եթե խնդիր ունենար, նման պար չէր կարողանա պարել, ինքը դեղ չի խմել երբեք, մի անգամ գոնե չենք սրսկել, որ ասեմ հա, հիվանդ էր»:«Ժողովուրդ»-ը զրուցեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանի հետ, վերջինս ասաց, որ Սաթենիկն այժմ գտնվում է արհեստական շնչառության տակ. «Սրտի աշխատանքը նորմայի սահմաններում է, ուղղակի երբ հանգստացնող դեղորայքային ազդեցությունից դուրս է գալիս, գրգռված է լինում, դրա համար մենք դեռ իրեն պահում ենք այդ հանգստացնող դեղերի տակ, վիրահատությունից հետո ինքն արթնացել է, բայց 20 րոպե հետո կտրուկ ցնցումային նոպա է սկսվել, որի հիման վրա իրեն նորից են քնեցրել: Իսկ թե դա ինչից է առաջացել, այս պահին ոչ ոք չի կարող ասել»:Մեր այն հարցին, թե հնարավոր է, որ աղջիկը նախկինում առողջական խնդիրներ է ունեցել, որի հետեւանքով նման ցնցման մեջ է հայտնվել, վերակենդանացման բաժանմունքի վարիչն ասաց. «Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, բայց քանի որ սա շատ արտառոց դեպք է եւ բոլոր հետազոտություններով մաքուր է դուրս գալիս, պետք է փորձել փնտրել` արդյոք անցյալում կար մի խնդիր, որը կարող էր նպաստել սրան: Մենք պարտավոր ենք բոլոր տարբերակներով մտածել, բայց վիրահատությունից առաջ արվող հետազոտություններով չես կարող բացահայտել այն բոլոր խնդիրները, որոնք լինում են: Բժիշկը զրուցել է նաեւ նրա հետ, ասել է, որ առողջ է: Դե էն ծանր հիվանդի հարազատին էլ որ հարցնում ես, ասում է` առողջ է, ինչքանով բժշկի հետ կկիսվեն` մենք դա չենք կարող ղեկավարել, հիմնականում չեն կիսվում, թաքցնում են»:Պարոն Մանգոյանը նշեց, որ իրենց համար շատ անհայտ հարցեր կան, որոնք իրենք` բժիշկներով, պարբերաբար քննարկում են: Ընդ որում, արտերկրից հրավիրված պրոֆեսորներն էլ չեն կարողանում որեւէ կերպ բացատրել, թե ինչու պետք է նման երեւույթ արձանագրվեր: «Այսօր էլի մասնագետներ են գալու Մոսկվայից, հուսով ենք` ինչ-որ վարկած մեզ կասեն»,-եզրափակեց պարոն Մանգոյանը:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս