«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՁԵՌՔՈՎ Է ԿՈՐԾԱՆՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսեց երեկ ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառման մասին։ Նրա խոսքով՝ առաջիկայում եւս այդպիսի գործելաոճ կլինի, սակայն նրանք նաեւ «օգնում են» շարժմանը։

 

-Վերջին օրերին, պայքարի ակտիվության հետ մեկտեղ, տեսնում ենք նաեւ ոստիկանական գործողությունների  բիրտ ուժի կիրառում: Ինչո՞վ եք դա պայմանավորում: Ի՞նչ եք կարծում, շարունակակա՞ն են լինելու ոստիկանական նման գործողությունները:

-Կարծում եմ, որ այո, կփորձեն նույնկերպ շարունակել ոստիկանները, բայց դա չի խանգարի շարժման ո՛չ ոգուն, ո՛չ բովանդակությանը, ո՛չ էլ այն վտանգները սահմանափակելու, որոնք այսօր մեր պետության առաջ կանգնած են: Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ գործընթացի մեջ ենք գտնվում, նկատի  ունեմ տարածաշրջանաին զարգացումները, շատ լավ տեսնում ենք մեր պետությանն ու ժողովրդին սպառնացող վտանգները, եւ այս շարժումը, ինչպես առաջին օրվանից, այսօր էլ եղել ու մնում է ապակուսակցական եւ համաժողովրդավարական շարժում: Այն խնդիրները, որոնք մենք այսօր ունենք, եւ  այն վտանգները, որոնք այս իշխանություն կոչվածները մեր պետության գլխին բերել են ու շարունակում են սպասարկել թուրք-ադրբեջանական շահերը, նրանք, ցավոք, գնալով ավելի ահագնանում են: Մեր պարտքն է չընկրկել  եւ ավելի ու ավելի մեծացնել շարժման ծավալները: Ոստիկանության գործողություններն ինչ-որ տեղ նաեւ «օգնում են», որովհետեւ դրանով առավել ցայտուն է դառնում իշխանության  վախերը: Առավել ակնհայտ է դառնում, որ սրանք ունեն արտաքին ոչ բարեկամ, թշնամի պետությունների կողմից ստանձնած հանձնառություն, որը ցանկանում են շատ արագ իրականացնել: Ոստիկանների ճնշող մեծամասնությունը չի էլ գիտակցում, թե  իրականում ինչ են անում, նրանց թվում է, թե իրենք ընդամենը ցուցարարներին խոչընդոտում են փողոցներ փակել կամ երթեր անել: Իրականում ոստիկանների ձեռքով է նաեւ կործանվում Հայաստանը: Փոխանակ նրանք աստեղ լինեին իրենց ընտանիքներով, բարեկամներով, չեմ ասում՝ ծառայության մեջ գտնվելով, իրենց քաղաքացիական կեղցվածքով, հակառակը, խոչընդոտում են: Բայց քանի որ սա համաժողովրդավարական խնդիր է, հետեւաբար  այստես գտնվող մարդիկ  շատ լավ գիտակցում են իրենց պայքարի գինը, եւ ոչ մի ոստիկանություն ի զօրու չէ կանգնեցնել այս շարժումը:

-Շարժումն ակտիվացել է մայիսի 1-ից, միայն վերջին օրերին ծրագրային ելույթներ հնչեցին թերեւս հենց Ձեր կողմից: Ինչո՞ւ հենց այս փուլում որոշեցիք ելույթով հանդես գալ:

-Անընդհատ խոսվում է, թե ինչ է լինելու հետագայում, բայց ամենակարեւոր խնդիրը մենք թույլ չենք տալու, որպեսզի սրանք կատարեն իրենց հակահայկական հանձնառությունները: Ակնհայտ է, որ դրանք կան, տարբեր երկրներից արվող հայտարարությունների մեջ են,  դրանք այն գործընթացի մեջ են, որի շուրջ բանակցություններ են վարում: Տուժում են Սյունիքը, մեր արեւելյան սահմանները, մեր բոլոր հանգուցային եւ կոմունիկացիոն կետերը: Մեր հասարակության անվտանգության մակարդակն է՛լ ավելի թուլանում ու անկում է ապրում, տուժում է մեր բանակը, արտաքին քաղաքականությունը, ինքնիշխանությունը եւ, ի վերջո, մեր արժանապատվությունը: Այսօր տարածաշրջանում տեղի է ունենում մի գործընթաց, որտեղ բոլորն ուզում  են շահած դուրս գալ Հայաստանի հաշվին, եւ Հայաստանի իշխանությունը ոչ մի բան չի ձեռնարկում, որ այդպես չլինի:

Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա  ես չեմ կարծում, որ որեւէ ողջամիտ մտածող մարդ այսքան ստերից հետո հավատում է Նիկոլին: Այն քաղաքացիները, որոնք շատ չեն խորանում աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային հարցերի մեջ, շատ չեն հասկանում քաղաքական տեքստերը, եւ իրենց թվում  է, թե Նիկոլի ասած խաղաղության օրակարգը հենց դա է որ կա: Ամենամեծ սուտը կայանում է նրանում, որ այդ օրակարգի տակ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետության անվտանգության փլուզումը:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՔՊ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԿԱԶՄ ԿՈՒՆԵՆԱ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեպտեմբերի 18-ին համագումար կանցկացնի՝ կուսակցության վարչության անդամների ընտրության օրակարգով։ Ի սկզբանե այն նախատեսված էր անցկացնել մայիսին, սակայն փոխել են օրը` կապված անհնազանդության ակցիաների հետ։

 

Այս փուլում կմեկնարկի ՔՊ վարչության անդամների առաջադրման գործընթացը, եւ ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել։ ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ վարչության կազմում փոփոխությունները քիչ են լինելու։ Մեր տեղեկություններով՝ այն կարող է այսպիսի տեսք ունենալ`

  1. Նիկոլ Փաշինյան
  2. Սուրեն Պապիկյան
  3. Ռուբեն Ռուբինյան
  4. Ալեն Սիմոնյան
  5. Տիգրան Ավինյան
  6. Արփի Դավոյան
  7. Ռոմանոս Պետրոսյան
  8. Հակոբ Արշակյան
  9. Արարատ Միրզոյան
  10. Արայիկ Հարությունյան
  11. Արմեն Փամբուխչյան
  12. Վահագն Ալեքսանյան
  13. Նազելի բաղդասարյան
  14. Հակոբ Սիմիդյան։

Թերեւս անհասկանալի է միայն Մխիթար Հայրապետյանի թեկնածության հարցը, հնարավոր է՝ նա չառաջադրվի։ Վերջին ժամանակներս նա իրեն հեռու է պահում թիմից, իսկ մյուսների դեպքում թերեւս հստակություն կա։ Մինչեւ այս ամսվա վերջ պետք է թեկնածուներ առաջադրվեն, եւ դրանից հետո մարզերի եւ Երեւանի պատվիրակները պետք է գան ու ընտրություն կատարեն։

Եվ հենց դա է պատճառը, որ այժմ շատ ՔՊ-ականներ մարզեր են գնում, որ կարողանան նրանց սիրտը գրավել։ Մենք տեղեկացանք նաեւ, թե ովքեր են դուրս մնալու վարչության կազմից։ Այժմ թեժ պայքար է տանում պատգամավոր Արսեն Թորոսյանը, սակայն այս պահին քիչ է հավանականությունը, որ նա կլինի վարչության նոր կազմում։

Հաջորդը Վիլեն Գաբրիելյանն է, ում հետ կապված վստահություն առկա չէ` հաշվի առնելով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու նրա կապը։ Սիփան Փաշինյանը, Արման Բոշյանն ու Լիլիթ Մակունցը եւս չեն լինի վարչության նոր կազմում։ Նարեկ Բաբայանին` Լենա Նազարյանի ամուսնուն եւս նոր կազմում չենք տեսնի. վստահություն չկա։ Այս պահի դրությամբ հարցական է նաեւ Էդուարդ Աղաջանյանի վերադարձը վարչություն։ Պայքարը կգնա մի քանի հոգու հետ կապված, մյուսների ճակատագիրն արդեն հայտնի է եւ հաստատված։

Հակոբ Սիմիդյանի ու Վահագն Հովակիմյանի ճակատագրերը եւս անհայտ են, սակայն գրեթե բոլոր ՔՊ-ականներ էլ ցանկանում են առաջադրվել ու փորձել իրենց ուժերը։ Հստակ է նաեւ, որ երկու կին պետք է լինի վարչության կազմում` Արփի Դավոյանն ու Նազելի Բաղդասարյանը։

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀԻՄՔՈՎ

Ազգային Ժողովի  մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրության կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: «Մայիսի 3-ին ոստիկանական կոշտ եւ անհամաչափ ուժի կիրառման դեպքերի առթիվ հերթական գրությունն էի ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Գրության մեջ կցել էի ինչպես ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ օրվա զանգվածային բռնի ուժ գործադրելու տեսանյութեր, այնպես էլ կոնկրետ լուսանկարներ՝ ոստիկանի կողմից հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ գրություն, համաձայն որի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իմ գրության կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստվող նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին։ Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է. «ՀՀ ոստիկանությունում պետական ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու ենթադրյալ հանցագործությունների դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցել քրեական գործ, այն ընդունել վարույթ եւ ձեռնամուխ լինել նախաքննության իրականացմանը»։ Օրենքով սահմանված թույլատրելիության սահմաններում հետեւողական եմ լինելու քրեական գործի քննությանը, որպեսզի մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության, եւ շարունակելու եմ ամեն օրվա ոչ օրինաչափ դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին»:

 

 

 

ԴՈՆ ՊԻՊՈՆ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է

ArmLur.am-ը տեղեկացավ, որ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելին՝ մենք տեղեկացանք, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն ուշագրավ է, որ Արթուր Ասատրյանը Հայաստանում չէ:

 




Լրահոս