«ՄԻՍՍ ԱՊՀ-2022» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի սկզբին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Միսս ԱՊՀ-2022» մրցույթը, որը Հայաստանում անցկացվում է 2-րդ անգամ։

 

Մրցույթի նպատակների, չափորոշիչների եւ այլ հարցերի պատասխանները ստանալու համար հրավիրվել էր մամուլի ասուլիս։ Բանախոսներն էին «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիր Նաիրի Մնացականյանը, մրցույթի տնօրեն Ռուբինա Գրիգորյանը, կազմակերպիչ ընկերության մարքեթինգի ղեկավար Հարություն Տորտիկյանը եւ մրցույթի մասնակիցների պատասխանատու Լիանա Ոսկերչյանը։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Նաիրի Մնացականյանը նշեց, որ մրցույթն ունի մաշտաբային բնույթ, որին մասնակցում են 16 երկրների գեղեցկուհիներ ԱՊՀ-ից եւ ոչ միայն։ Իսկ մրցույթի նպատակներից ամենակարեւորը Հայաստանի ճանաչելիության մակարդակի բարձրացումն է, որը նաեւ լինելու է մրցույթի մասնակիցների շնորհիվ։

Մրցույթի ժյուրիի կազմը հայտնի է լինելու մրցույթից մի քանի օր առաջ՝ պահպանելու համար օբյեկտիվությունն ու անաչառությունը։ Ժյուրին բաղկացած է լինելու 13 անդամից, որոնցից 2-ը լինելու են հայեր, իսկ մնացած անդամները՝ այլ երկրների ներկայացուցիչներ։ Ռուբինա Գրիգորյանը հավելեց, որ մրցույթի մասնակիցները Հայաստանում լինելու են 15 օր, որոնց շրջանակում նախատեսված են շրջագայություններ եւ արշավներ ՀՀ ողջ տարածքում։ Մրցույթի մասնակիցները, համացանցում ունենալով մեծ լսարան, կարող են նպաստել ՀՀ-ում զբոսաշրջության աճին, որն էլ կբերի այլ ոլորտների համար նոր մակարդակ։

Այս տարի մրցույթի առաջին՝ «Body» փուլի ընթացքում մասնակիցները կրելու են զուսպ եւ համեստ հագուստներ, երկրորդ փուլի ընթացքում մասնակիցները ներկայանալու են իրենց ազգային տարազով, որը իրենք են բերելու իրենց հետ, իսկ երրորդ փուլում կրելու են երեկոյան զգեստներ, որոնցով ապահովելու է նրանց Հայաստանը։ Հաղթող մասնակիցը ստանալու է թանկարժեք թագ, որը լինելու է նվեր այս տարվա գեղեցկուհուն եւ չի փոխանցվելու հաջորդ տարվա հաղթողին։ Սահմանված է նաեւ մրցանակային ֆոնդ։ Գրիգորյանը նշեց, որ պետական աջակցություն չկա, եւ ամեն ինչ արվում է իրենց նախաձեռնությամբ եւ միջոցներով։ Մրցույթը հետապնդում է հանրային շահ, որն էլ կարող է մի քանի տարի հետո Հայաստանի համար նոր դռներ բացել այս ոլորտում։ Լիանա Ոսկերչյանի խոսքով՝ Հայաստանը դեռ չունի ընտրված մասնակից, իսկ ընտրության գործընթացը դեռեւս քննարկման փուլում է։

Հարություն Տորտիկյանը հավելեց, որ գնահատվելու է մասնակիցների ոչ միայն արտաքինը, այլեւ ինտելեկտը։ Կստեղծվի հատուկ հանձնաժողով, որոնք ամբողջ ընթացքում կուսումնասիրեն աղջիկներին եւ մրցույթի վերջում կարող են ժյուրիի հետ քննարկել որոշումները։ Անդրադառնալով վերջին ամիսների ռուս-ուկրաինական պատերազմին եւ մրցույթում դրա դերակատարմանը՝ Նաիրի Մնացականյանը ասաց, որ սա մշակութային հարթակ է, որը բոլորն էլ խորապես գիտակցում են։

«Բացառվում է, որ գործեն քաղաքական նկատառումներ»,- ամփոփեց նա։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

«ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

«Ես երազում եմ, որ մեր երկրում վերջապես խաղաղություն տիրի, առհասարակ՝ ամբողջ աշխարհում»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Արեւիկ Ալավերդյանը՝ անդրադառնալով Հայաստանում կատարվող իրադարձություններին:

 

«Դա արդեն իրականում երազանք է դարձել, այս լարված իրավիճակն ազդում է մարդկանց ներաշխարհի, հոգեբանության վրա, որպեսզի մարդն ուղղակի ցանկանա աշխատել, արարել, ստեղծել, ապրել: Մենք վախենում ենք թե՛ մեր երեխաների ապագայի համար, թե՛ մեր երկրի ապագայի համար: Ես ուղղակի երազում եմ, որ վերջապես մենք ապրենք խաղաղ երկնքի տակ, մեր երեխաները մեծանան խաղաղության մեջ»,- նշեց երգչուհին՝ հավելելով, որ այս պահին սա իր միակ երազանքն է՝ տեսնել մարդկանց լիարժեք ներդաշանակ եւ խաղաղության մեջ:

Նշենք, որ ապրիլի 17-ից ընդդիմությունը սկսել է քայլերթեր, բողոքի ցույցեր, անհնազանդության ակցիաներ՝ իշխանությունների հրաժարականը պահանջելով:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ «ՀՈՂԻ ԳԱՂՏՆԻՔԸ»

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը (ԿԳՄՍ) շարունակում է «Հողի գաղտնիքը» խորագրի ներքո պատմության եւ մշակույթի հուշարձանների հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված գտածոների ցուցադրությունների շարքը։

Ինչպես հայտնում են նախարարությունից, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ի եւ Երեւանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցությամբ 2022 թ. մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, «Էրեբունի» արգելոց-թանգարանում կբացվի «Հողի գաղտնիքը. Կարմիր բլուր» խորագրով ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ ներկայացվելու են 2013-2016 թթ. Երեւան քաղաքի «Կարմիր բլուր» հնավայրում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախմբի իրականացրած պեղումներից հայտնաբերված եւ նույն կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման լաբորատորիայում վերականգնված ավելի քան 60 արժեքավոր գտածոներ, որոնք արտացոլում են ուրարտական թագավորության հավատալիքներին, կենցաղին, ռազմարվեստին, արդուզարդին բնորոշ գծերը։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվող ժամանակավոր այս ցուցադրությունը հանրության համար հասանելի կլինի մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբերի 21-ը։

 

 

 

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԲԱՑ ԿԹՈՂՆԻ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, որ բաց թողնի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը: Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, խոսելով հայ կիսապաշտպանի ապաքինման ժամկետներից, շեշտել է, թե մեծ է հավանականությունը, որ Մխիթարյանը չի մասնակցի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչին: Հայ կիսապաշտպանը դեռեւս չի մարզվում ընդհանուր թիմի հետ: Մխիթարյանն արդեն 4-րդ հանդիպումն է բաց թողնում «Ռոմա»-ի կազմում: Նա վնասել էր աջ ազդրը: Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը կկայանա Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 25-ին: «Ռոմա»-ն կմրցի «Ֆեյենորդ»-ի հետ:

 

 

 

 

ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ

Ձյուդոյի Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ, 8 մարզիկներով մայիսի 22-ից հունիսի 2-ը Վլադիկավկազում կանցկացնի ուսումնամարզական հավաք։ Նպատակը Թբիլիսիում հունիսի 3-ին եւ Ուլան Բատորում հունիսի 15-ին մեկնարկելիք միջազգային մրցաշարերին մասնակցելն է: Դեռեւս պարզ չէ, թե ովքեր հանդես կգան այդ մրցումներում, քանի որ մի քանիսը վնասվածքներ ունեն եւ մարզումներին զուգահեռ պետք է բուժում ստանան. հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը: Ուլան Բատորից  կսկսվի պայքարը 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների համար։ Հայաստանի պատանեկան հավաքականը մայիսի 20-ից մարզումներ կանցկացնի Գյումրիում: Այնուհետեւ նախապատրաստական աշխատանքները կշարունակեն Վրաստանի Գորիում: Այնտեղից նրանք կմեկնեն Խորվաթիայի Պորեկ քաղաք, որտեղ կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությանը։

 

 

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԳՆԵԼ

Իտալական «Յուվենտուսը» ցանկանում է ամռանը գնել իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը։ 29-ամյա ֆուտբոլիստն այժմ վարձակալությամբ է հանդես գալիս թուրինյան ակումբում։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Աթլետիկոյին», որին «Յուվենտուսը» կառաջարկի 20 միլիոն եվրո. հաղորդում է Corriere dello Sport-ը։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ալվարո Մորատան մասնակցել է 35 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Ալվարո Մորատայի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Նրա վարձակալության պայմանագիրը «Յուվենտուսի» հետ կավարտվի հունիսի 30-ին։ Ալվարո Մորատայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։

 




Լրահոս