Մայիսի 26-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը: ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, թե ինչ օրակարգով է ընթանալու այցելությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում նախատեսված դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Միլո Ջուկանովիչի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Այնուհետև, Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Չեռնոգորիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաև շրջայց կկատարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծառ կտնկի Հիշողության պուրակում:
Այցի շրջանակում Չեռնոգորիայի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Հայաստան այցի ընթացքում Չեռնոգորիայի նախագահը կայցելի նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: