Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորած Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ողջույնի խոսքում հույս է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանում առաջիկա հանդիպումների ընթացքում քննարկվելու են ոչ միայն ծրագրերը, որոնք արդեն իսկ իրականացվել են երկու մայրաքաղաքի միջև, այլև վստահեցրել է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կհաջողվի համաձայնության գալ գործակցության նոր ոլորտների շուրջ:
Իդալգոն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հավաստիացրել է, որ քաղաքին, որը Փարիզին տվել է, օրինակ, «Թումոյի» գաղափարը, Ֆրանսիայի մայրաքաղաքը պատրաստ է աջակցել ու զորակցել ամեն ինչում՝ հնարավորությունների սահմանում։
Այցի շրջանակում նախանշված է Փարիզի քաղաքապետի հանդիպումը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ: Դրա ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Ֆրանսիայի մայրաքաղաքների հետագա գործակցությանն ու ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր: