Արդեն մի քանի տարի է` Շրջանայինի գետնանցումի աստիճանների մոտ ամեն օր քրջոտ ու կեղտոտ հագուստներով մի կին է նստում: Երեկ երկար ժամանակ հեռվից հետեւում էինք, թե ինչպես են անցորդները երբեմն-երբեմն նրան գումար տալիս: Իսկ հետո մոտեցավ մի տղամարդ, որն ուտելիք էր բերել նրա համար: Մենք եւս մոտեցանք նրան` տեսնելու, թե ով է եւ ինչպես է հայտնվել այդ վիճակում. անունը Կլարա Վոն է, փաստաթղթեր չունի: Բոլորը գիտեն, որ նա «բոմժ» է, ու կարծես թե ինքն էլ համակերպվելով այդ կարգավիճակին` իր մասին խոսելիս ասում է. «Դե բոմժերին տուն չեն տալիս»: Հայրը կորեացի է, մայրը` հայ: Հայաստան են տեղափոխվել 1968 թվականին, երբ նա 6 տարեկան է եղել: Իսկ թե այս վիճակում արդեն քանի տարի է ապրում, նա թվական չի նշում. «Դե Քոչարյանի ժամանակվանից»: Բայց դե իշխանափոխության հետ էլ հույս չի կապում. «Լեւոնն էս երկիրը քանդեց էլի, մենակ Դեմիրճյանի ժամանակ էր լավ: Մի անգամ Պռոշյանում հանդիպեցի իրա տղուն` Ստեփան Դեմիրճյանին, ասեցի, որ օգնի, բայց ասում ա` ես հիմա չեմ կարա ոչ մի բանով օգնեմ»: Կլարան ասում է, որ 3 երեխա ունի` Մանիկ, Սուրիկ, Արթուրիկ, որոնք գտնվում են Գավառի մանկատանը: Հետո խոստովանեց, որ չորսն ունի, պարզապես մեծ տղան` Նվերիկը, չափահաս դառնալուց հետո դուրս է եկել մանկատնից եւ դրսերում է: «Էս կողմ, էն կողմ աշխատում ա էլի»,-ասում է մայրը` չցանկանալով մանրամասնել, թե ինչպես է ապրում տղան: Նրա խոսքերով` «բոմժերին» 4 պատի մեջ ապրել չի կարելի, որովհետեւ ոչ ոք «բոմժին» վարձով տուն տալ չի ուզում: Հիմա Կլարան «ապրում է» իր սերբիացի ամուսնու` Տոնիի (Վասիլի Ավրամովիչի) հետ Քոչարի փողոցում` «սոցապի մոտ». «Դե կառտոններ ենք դրել, մնում ենք, էլի»:Թեեւ Կլարան ասում է, որ ուզում է աշխատել, պարզապես իրեն աշխատանք չեն տալիս, բայց հասկացանք նաեւ, որ նա Հայաստանում նույնիսկ «բարձր աշխատավարձի» դիմաց չի աշխատի, քանի որ, ինչպես պարզվեց, նախորդ օրն իր համար շատ անհաջող էր եղել, եւ ինքն «աշխատել» էր «ընդամենը» 6000 դրամ: Նա ցույց տվեց քիչ հեռվում «աշխատող» իր «գործընկերուհուն», որը մեկ օր առաջ 30.000 դրամ էր «աշխատել» եւ այդքանով հանդերձ, իր կարծիքով, նախանձում էր, քանի որ իրեն շատ անցորդներ են փող տալիս:Ամուսինը, ով նույնպես «բոմժ» է, Սերբիայից է. կինը հայ է եղել, եկել են Հայաստան` սակայն կինն իրեն լքել է: Մասնագիտությամբ բժիշկ է, ով հիմա բժշկական օգնություն է ցուցաբերում միայն փողոցում հանկարծակի վատացած մարդկանց:Իր կյանքում վերջերս կատարված մի միջադեպ պատմեց. 6 ամիս առաջ երկու տղաներ փողոցում ծեծկռտուք են սկսել, նա միջամտել է, եւ իրեն դանակահարել են: Այդ դեպքից հետո նա չի խառնվում` շուրջն ինչ էլ կատարվի: Երկու երեխա ունի` Նարեկ, Պռոշ` 14 եւ 17 տարեկան. զարմանալի է, որ երկու երեխաներն էլ հայկական անուններ ունեն: «Մաման հայ է»,-ասում է նա: 7 տարի է արդեն` տեղեկություն չունի երեխաներից, բայց փնտրել էլ չի ուզում, քանի որ ոչինչ չունի երեխաներին առաջարկելու: Նա հիմա, ինչպես ինքն է ասում, երկու հարազատ ունի` Աստված եւ Կլարան: Չնայած իր ոչ նախանձելի կյանքին` նա ուրիշ տեղ գնալ չի ցանկանում, քանի որ, ինչպես ինքն է ասում, այստեղ հողը սուրբ է: Անվան մասին էլ կատակում է. «Ավրամովիչը Աբրամովիչի հետ կապ չունի»: Իրենց կյանքը բարելավելու զույգի միակ հույսը Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելն է: Նրանք համոզված են, որ հենց Ծառուկյանը տեղեկանա իրենց մասին, իրենց խնդիրներն իսկույն լուծում կստանան. «Շատ ենք փորձել, բայց միշտ չենք կարողանում իրան մոտենանք»: Ամուսինը Ծառուկյանին համարում է «սվետոյ չելովեկ», մի քանի անգամ փորձել է դիմել նրան. «Նա ինձ համար առաջին եւ վերջին մարդն է, որ կօգնի, որովհետեւ այդ մարդն իսկական քրիստոնյա է: Գնացի մի քանի անգամ Ավան-Առինջ, կանգնեցի դարպասների մոտ, չկարեցա ներս մտնեմ, թողեցի եկա»: Նրանց ուզածն ընդամենը մի ապաստարան է` հանրակացարանում: «Մի ժամանակ առաջ էլի Ծառուկյանը բոմժերին հավաքեց, տարավ, հանրակացարան տվեց»,-ասում է կինը: «Եթե տանիքի հարցը լուծվի, ես արդեն գիտեմ` ինչ կանեմ: Կլարան էլ էստեղ չի նստի. նա միայն տունը կմաքրի եւ ճաշ կեփի»,-նշում է ամուսինը:ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ԵՐԱԶԱՆՔՆԵՐՈՎ ԱՊՐՈՂ ԱՆՏՈՒՆ ՄՈՒՐԱՑԻԿՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ