ՓԱՍՏԱԳՐՎՈՂՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանից հաղորդում են, որ մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության կողմից ամփոփվել են Իջեւանի, Դիլիջանի, Բերդի եւ Նոյեմբերյանի սոցիալական ծառայության տարածքային գրասենյակներում իրականացվող անապահովության գնահատման համակարգում ընտանիքների փաստագրման աշխատանքները: Պարզվել է, որ 2011թ. սեպտեմբեր ամսին մարզում փաստագրվել է 443 ընտանիք, մինչդեռ 2010թ. սեպտեմբերին փաստագրվել էր 502-ը: Առողջապահության եւ սոցապ վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը հայտնեց, որ աշխատանքների իրականացման ընթացքում առաջանում են մի շարք խնդիրներ, որոնց պատճառով ոչ բոլոր ընտանիքներն են կարողանում փաստագրվել: Ընտանիքների անդամների մի մասն ունի բնակչության պետական ռեգիստրում փաստացի բնակության վայրում հաշվառվելու խնդիրներ, մի մասը` ընտանիքի, բացակայող անդամի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու անհարմարություն եւ այլն: Հավելենք, որ տարեցտարի նվազում է ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական օգնություն ստացողների թիվը, որի պատճառով եւս նվազում է փաստագրվողների քանակը: Ի՞նչ իմաստ ունի ժամանակ կորցնել անհրաժեշտ փաստաթղթեր հավաքելու եւ փաստագրվելու համար, եթե նպաստ չես ստանալու:




Լրահոս