Վլադիմիր Վարդանյանը հունիսին երկու անգամ Ֆրանսիա կգործուղվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ հունիս ամսին խորհրդարանից երկու անգամ Ստրասբուրգ պատվիրակություն կմեկնի: Մի այցով խորհրդարանականները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Ստրասբուրգ կմեկնեն, մյուսն՝ անհայտ է, թե ինչի համար:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոյանի մայիսի 25-ի կարգադրության մեջ նշված է. «Աշխատանքային այցով 2022 թվականի հունիսի 8-12-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը»: Պատվիրակության կազմի մեջ են մտնում ԱԺ նախագահը, ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ ուսանկարիչ Դավիթ Հակոբյանն ու այլք:

Կարգադրության մեջ սակայն չի մանրամասնվում, թե աշխատանքային այցն ինչ նպատակով է կազմակերպվում, ու 4 օրվա մեջ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն ինչ հանդիպումներ է ունենալու:

Ֆրանսիա երկրորդ այցը հունիսի 19-25 է նախատեսվում՝ ԵԽԽՎ նիստերի շրջանակներում:

Նշենք, որ ԵԽԽՎ նիստին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից կմասնակցեն Արուսյակ Ջուլհակյանը, Էդուարդ Աղաջանյանը, Սոնա Ղազարյանը, Վլադիմիր Վարդանյանը, Ռուբեն Ռուբինյանը:

Ս.Վ.




Լրահոս