Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը։ Այն ներկայացրել է գլխավոր դատախազությունը։
Ըստ դատախազության հաղորդագրության՝ հայցով պահանջում են դատարանից բռնագանձել Օհանյանին ու նրա հետ փոխկապակցված երեք անձանց պատկանող, Երևանում գտնվող երկու հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը և մեկ տրանսպորտային միջոց։ Դատախազությունը պահանջում է գույքերի բռնագանձման անհնարինության դեպքում բռնագանձել դրանց միջին շուկայական գումարը՝ գրեթե 1,1 միլիարդ դրամ։
Բացի այդ, դատախազությունը հայցով պահանջում է բռնագանձել 477 միլիոն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 600 միլիոն դրամ, որը չի հիկնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, բայց հնարավոր չէ բռնագանձել։ Ըստ օրենքի՝ սա այն գույքն է, որ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ անհնար է նույնականացնել։
Անցած նոյեմբերին «Փաստերի ստուգման հարթակ»-ն անդրադարձել էր Օհանյանի՝ Վահագնի թաղամասի տան գործարքին, հայտնաբերել, որ որպես առանձնատան ձեռքբերող է հանդես եկել Օհանյանի կնոջ քրոջ դուստրը, որը հետագայում այն նվիրել էր Ֆրանսիայի մի քաղաքացու։ Արբանյակային լուսանկարներից պարզ էր դարձել, որ առանձնատան շինարարությունը սկսվել էր 2014-ին։
Լուսանկարը՝ FIP․am-ի: