Հայաստանի պետական պարտքը 2021 թվականին տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ, այն դրական արտահայտությամբ 2020 թվականի նկատմամբ աճել է 6.4 տոկոսով: Այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:
«Պետական պարտքը 2021 թվականին տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ, ինչը համարժեք է 9 մլրդ 226 մլն դոլարի: Դրա գերակշիռ մասը կառավարության պարտքն է, իսկ 220 մլրդ դրամը՝ ԿԲ-ի: Կառավարության պարտքը տարեվերջին կազմել է 4 տրլն 210 մլրդ դրամ, որի կազմում արտաքին պարտքը՝ 2 տրլն 972 մլրդ, իսկ ներքին պարտքը՝ 1 տրլն 237 մլրդ դրամ»,-ասաց Խաչատրյանը:
Ապա` նախարարը շարունակեց. «Մեր դրամական արտահայտությամբ պետական պարտքը 2020 թվականի նկատմամբ աճել է 6.4 տոկոսով, այդ թվում կառավարության պարտքը՝ 7.3 տոկոսով: Իսկ դոլարային արտահայտությամբ՝ պետական պարտքը աճել է 15.8 տոկոսով, կառավարության պարտքը՝ 16.8 տոկոսով»:
Այս երևույթը պայմանավորված է 2021-ի հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի տարբերությամբ: Նախարարը պարզաբանեց՝ տարեսկզբին փոխարժեքը մոտ 522 դրամ է եղել, իսկ տարեվերջին՝ 480, դրանով է պայմանավորված, որ դոլարային արտահայտությամբ պարտքի աճն ավել բարձր է, քան դրամային արտահայտությամբ պարտքի աճը: Պարտքի կառուցվածքում 70 տոկոսը գերազանցող չափով դոլարային կամ արտարժութային պարտքերն են:
Պարտքն աճել է հատկապես 2020-ի ընթացքում: «Սակայն 2021-ին 4 տոկոսային կետով ընդհանուր առմամբ պետական պարտքը նվազել է, այդ նվազման մեծ մասը՝ 3.2 տոկոսային կետը վերաբերում է կառավարության պարտքի նվազմանը»,-ասաց նա:
Կառավարության պարտքը 2020-ին էր հասել իր առավելագույն արժեքին և կազմել 63.5 տոկոս, 2021-ի արդյունքներով ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 60. 3 տոկոս:
Պարտքի կառուցվածքում դրամային պարտքի կշիռն ավելացել է, այն 24.4 տոկոսի փոխարեն 28.8 տոկոս կշիռ ունի: Նախարարը դա կարորեց նանով, որ այդպիսով նվազեցնում է պարտքի կախվածությունը փոխարժեքային ռիսկերից: