ՈՒՇԱԳՐԱՎ ԻՐԱՎԻՃԱԿ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ զուգադիպությամբ վերջին օրերին Հայաստանում հավատարմագրված դեսպաններն այցելում են Սյունիք:

 

Այցելությունների շարքը սկսեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Սյունիքի մարզպետարանի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ դեսպանն ու Սյունիքի մարզպետը մի շարք հարցեր են քննարկել՝ ուղղված մարզի սոցիալ-տնտեսական, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, տնտեսության դիվերսիֆիկացման, կրթական, երիտասարդական հարցերին ու, առհասարակ, Սյունիքի զարգացմանը։ Բարձրաստիճան դիվանագետն ու մարզի ղեկավարը քննարկել են մարզի սոցիալ-տնտեսական, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, տնտեսության դիվերսիֆիկացման, կրթական, երիտասարդական եւ Սյունիքի զարգացման ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր։ Դեսպանը կարեւորել է հատկապես Սյունիքում զբոսաշրջության զարգացումը՝ նշելով, որ այս առումով մարզը մեծ ներուժ ունի, ու դա պետք է ներկայացնել մարդկանց։

Կողմերի միջեւ հետագա համագործակցությունն ու փոխգործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Երեկ մեկնարկել է նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի աշխատանքային այցը Սյունիքի մարզ: Ճանապարհին դեսպանն այցելել է Հայաստանի սահմանի «Պարույր Սեւակ» եւ «Տեղ» սահմանակետեր, որտեղ հանդիպել է ռուս սահմանապահների հետ, ծանոթացել նրանց առօրյա եւ մարտական պատրաստության աշխատանքների առանձնահատկություններին։

Դեսպանն այցելել է նաեւ Կապանի օդանավակայանի մոտ տեղակայված ռուս սահմանապահների հենակետ։ Մեղրու սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Ա.Վ. Բուրշտինը դեսպանին է ներկայացրել Հայաստանի սահմանի այս հատվածում օպերատիվ իրավիճակը։ Կոպիրկինը նաեւ հարգանքի տուրք է մատուցել 2020 թվականին Երասխի մոտ մարտական առաջադրանք կատարելիս զոհված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների հիշատակին։

Եվրոպայի օրվա շրջանակում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը եւս երեկ  այցելել է Գորիսի բժշկական կենտրոն եւ նվիրել ժամանակակից ռենտգենաբանական հետազոտության սարք` որպես Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի խթանման նպատակով ԵՄ աջակցության ավելի մեծ փաթեթի մաս։ Ռենտգենյան նոր սարքավորումը հեշտացնում է հիվանդի առողջության մոնիտորինգը եւ բարելավում կլինիկական որոշումների կայացումը:  Միջոցառմանը միացել էին ԵՄ անդամ երկրների դեսպաններ։

ԵՄ «Համերաշխություն՝ հանուն առողջության» ծրագրի շրջանակում Գորիսի բժշկական կենտրոնը համալրվել է 1 էլեկտրասրտագրման ապարատով եւ 3 թթվածնի կոնցենտրատորներով, որոնք օգնել են հարյուրավոր հիվանդների ապաքինվել COVID-19-ի հետեւանքով առաջացած ծանր հիվանդություններից։

Միջոցառմանը միացել էին ԵՄ անդամ երկրների դեսպաններ։ Հյուրերը Գորիսում այցելել են նաեւ պատվաստման վայր, որտեղ հանդիպել են 65+ մարդկանց, որոնք բժշկական խորհրդատվություն են ստացել եւ պատվաստվել ԵՄ կողմից ֆինանսավորվող «Պատվաստումը հոգատարություն է» արշավի շրջանակում։ Իհարկե, այցերի նպատակները նշված են, սակայն հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման շուրջ ընթացող աշխատանքները՝ այս այցերն ուշագրավ են: Հավելենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների երկրորդ հանդիպումը հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Այն տեղի կունենա հաջորդ շաբաթ, հուսով ենք»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։

Երկու երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շրջանակներում, համապատասխան հանձնարարականների հիման վրա, մայիսի 24-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների անվտանգության եւ պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձեւաչափով։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐ

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հրավերով հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ։ «Հանդիպման ընթացքում բարձրաձայնեցի խաղաղ բողոքի ակցիաների իրականացման այսողջ ընթացքում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող խնդրահարույց հարցեր, այդ թվում` ՀՀ ոստիկանական ուժերի կողմից գործադրվող անհամաչափ ուժը խաղաղ ահնազանդության ակցիա իրականացնող մեր քաղաքացիների նկատմամբ, լրագրողների նկատմամբ գործադրվող բռնությունների դեպքերը, պատգամավորների բերման ենթարկման եւ անձեռնմխելիության խախտմանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը»,-նշում է Թովմասյանը։

 

 

 

ԿԱՐԵՎՈՐԵԼ Է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի նախագահ Յուրի Ռատասին։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպմանն Ալիեւը խոսել է նաեւ մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի եւ Խորհրդի նախագահի հետ կայացած հանդիպումից։ Նշվում է, որ Ալիեւը շատ դրական է գնահատել Բրյուսել կատարած իր այցի արդյունքները։ «ԵՄ-ն կարեւոր դերակատարում ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Նա նաեւ նշել է Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների կարեւորությունը, ընդգծել, որ դրանք բազմակողմ են եւ, բացի ավանդական էներգետիկայի ոլորտից, ընդգրկում են այլ բնագավառներ։

 

 

 

ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ընդդիմության կողմից բողոքի ակցիաներ հետ կապված խնդիրներ են առաջացել իրավապահ համակարգում, մասնավորապես՝ ճանապարհները փակ լինելու հետեւաքով կալանավորներին, դատապարտյալներին չեն կարողանում հասցնել դատարաններ:

 

 

 

ԿԱԽՎԵԼ Է

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Մալաթիա վարչական շրջանում 67-ամյա կինը իր բնակարանի զուգարանում թիկնոցով կախվել է: Հավելենք, որ վերջին շրջանում ինքնասպանությունների դեպքերը կրկին շատացել են: Միայն երեկ երկու դեպք է արձանագրվել Երեւանում՝ Շենգավիթ եւ Արաբկիր վարչական շրջաններում: Դեպքերի հանգամանքները պարզվում են:

 

 

ԱՀԱԶԱՆԳԵՐ Է ՍՏԱՑԵԼ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ ստանում եմ բազմաթիվ ահազանգեր, որ Երեւանի քաղաքապետարանը Երեւանի քաղաքապետարան քաղաքացիների դիմում-նամակներին պատասխանում է սահմանված ժամկետներից բավական ուշ, երբեմն քաղաքացին ստիպված է լինում ամիսներով սպասել, մինչեւ կստանա, օրինակ, շինարարության կամ քանդման թույլտվություն: Քաղաքապետարանի այս գործելաոճը խախտում է քաղաքապետարան դիմած քաղաքացիների իրավունքները, որը խիստ դատապարտելի է եւ պետք է համապատասխան լուծում ստանա: Եթե դիմել եք Երեւանի քաղաքապետարան եւ սահմանված ժամկետներում պատասխան չեք ստացել, կարող եք դիմել ինձ, որպեսզի հնարավորություն ունենամ արձանագրել խախտման բոլոր դեպքերը: Խնդրում եմ խախտումը ներկայացնել կա՛մ այս հրապարակման մեկնաբանություններում, կա՛մ անձնական հաղորդագրության միջոցով, կա՛մ զանգահարելով նշված հեռախոսահամարով՝ +374 11 513230»։

 

 

 

ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ՍՊԱՆԵԼ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանը 2020թ. հունվարի 15-ին վարույթ Է ընդունել Նարեկ Վանոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրգործը։ Նշված քրգործով հերթական դռնբաց դատական նիստը կայացել Է 2021թ. հուլիսի 30-ին՝ ժամը 11-ին, ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Մասիս քաղաքի նստավայրում, սակայն նիստը հետաձգվել է: Դատավոր Թաթուլ Պողոսյանը տուժող Հայկ Ստեփանյանին եւ դատական նիստին ներկայացած երեք վկաներին տեղեկացրել Է, որ նրանք համարվում են պատշաճ ծանուցված հաջորդող դատական նիստի օրվա եւ ժամանակի մասին, եւ նիստը հայտարարել Է փակված։ Մինչ նախագահող դատավորի կողմից դատական նիստերի դահլիճից հեռանալը տուժող Հայկ Ստեփանյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք Է դրսեւորել, այն Է՝ նախ դժգոհություն Է հայտնել դատական նիստը հետաձգելու կապակցությամբ, ապա դատավոր Թաթուլ Պողոսյանի հասցեին հնչեցրել Է վիրավորական արտահայտություններ եւ սեռական բնույթի հայհոյանքներ՝ հանիրավի մեղադրելով դատական նիստը ձգձգելու եւ անաչառ չլինելու մեջ։ Դատական նիստերի դահլիճում ներկա գտնվող դատական կարգադրիչների միջամտությունից հետո Հայկ Ստեփանյանը դուրս Է եկել դատական նիստերի դահլիճից, որտեղ՝ դատարանի շենքում եւ  շենքի դիմաց, շուրջ 5-10 րոպե ագրեսիվ տոնով շարունակել Է հնչեցնել դատավոր Թաթուլ Պողոսյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, դատավորի համբավն արատավորող վիրավորական, այդ թվում՝ սեռական բնույթի հայհոյանքներ՝ նաեւ հանիրավի կասկածի տակ դնելով դատավորի անաչառությունը։ Միաժամանակ Հայկ Ստեփանյանը տվել է սպանության սպառնալիք՝ կապված դատավորի կողմից թիվ ԱՎԴ2/0005/01/20 քրեական գործը քննելու հետ, այն է՝ մի քանի անգամ հայտարարելէ, որ սպանելու է նրան։

 

 




Լրահոս