Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանում, որտեղ երեկ ընթանում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը, իրավիճակը կտրուկ լարվեց, երբ դատավոր Կարեն Բիշարյանը նիստը դռնփակ ռեժիմով անցկացնելու որոշում կայացրեց։ Զոհվածների ծնողները շարունակում էին մնալ նիստերի դահլիճում՝ պնդելով, որ նիստը պետք է անցկացվի դռնբաց ռեժիմով։
Դատավորը 10 րոպեով ընդմիջում հայտարարեց, որից հետո նիստն անցկացվեց այլ դահլիճում, որտեղ միայն դատավարության կողմերն էին։
Նշենք, որ նիստերի դահլիճում քիչ առաջ իրավիճակը կտրուկ լարվել էր, երբ դատավոր Կարեն Բիշարյանը որոշում էր կայացրել նիստերի դահլիճից հեռացնել անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանին։ Արսեն Ղուկասյանը հայտարարել էր, որ զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատներին չեն կարող զրկել ձայնի իրավունքից, դատավորը հորդորել էր տեղից չխոսել, ապա դատական սանկցիա կիրառել՝ նրան դահլիճից հեռացնելու որոշում կայացնելով։ Վիճաբանություն ու քաշքշուկ էր սկսվել դատական կարգադրիչների եւ հարազատների միջեւ։
Հիշեցնենք, որ բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։
Դեռեւս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ մասնավորապես պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։
Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերեւույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։
Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել է» եւ մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման եւ Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն, եւ դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դատարանի այս որորշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։ Այս գործով նիստերը պարբերաբար հետաձգվում են տարբեր պատճառաբանություններով։ Այդ հանգամանքը զոհվածների ծնողներին բարկացրել էր, եւ նրանք մայիսի 17-ին՝ նիստի հերթական հետաձգումից հետո, փակել էին Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը՝ պահանջելով օբյեկտիվ քննել իրենց բողոքը եւ պատշաճ ընթացակարգ տալ։
Ք. Մ.
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Դ. Ղ-ն, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է N զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի եւ մարտական հերթապահության իրականացման հետ կապված այլ տեղեկությունների:
Նկարագրված պայմաններում վերջինս 2022 թվականի հունվարին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի հետ եւ հավաքագրվել նրա կողմից, որից հետո 2022 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում հավաքել եւ բջջային հեռախոսի «Վոթսապ» հավելվածի, ինչպես նաեւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Մեսինջեր» հավելվածի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին է փոխանցել պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող` իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի եւ մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ՝ այդկերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության, որի դիմաց բանկային փոխանցման միջոցով ստացել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից ուղարկված 200 ԱՄՆ դոլար գումար վարձատրություն:
Պետական դավաճանության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Դ. Ղ-ն ձերբակալվել է եւ տվել խոստովանական ցուցմունք, որից հետո քրեական գործով հավաքված բավարար ապացույցների համակցությամբ վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հետախուզական եւ հակահետախուզական գործունեության բնագավառում շարունակելու է ակտիվ ու հետեւողական գործունեությունը եւ հավաստիացնում է, որ նմանատիպ դեպքերի բացահայտումը եւ խափանումը ծառայության առաջնահերթությունն ու գործունեության հիմնական ուղղությունն է, միաժամանակ զգուշացնում, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվելու` մեղավոր անձանց օրենքի ամբողջ խստությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 14 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մի շարք հանգամանքներ: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2022թ. մայիսի 22-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, 1998թ. ծնված, տասնվեց տարին լրացած երիտասարդը համակարգչային խաղերի ակումբում սեփական սեռական պահանջմունքները բավարարելու շարժառիթով ակումբ այցելած տասներկու տարին չլրացած՝ 2014թ. ծնված աղջնակի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
ԵՐԿՈՒ ԱՆՁ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են գործողություններ՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 15-ին Գեղարքունիքի մարզի Կուտական բնակավայրի 30 եւ 29-ամյա բնակիչները, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել են Մեծ Մասրիկ բնակավայրի բնակիչների հետ, կոպիտ կերպով դիտողություն արել վերջիններիս, որից հետո, նկատելով իրենց ուղղությամբ նայող նույն բնակավայրի 54-ամյա բնակչին, իրենց անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու նպատակով վիճաբանել են նաեւ վերջինիս հետ եւ խմբի կազմում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյել են, դանակով եւ քարով հարվածել նրան՝ կրծքավանդակի, որովայնի եւ գլխի հատվածքներում պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Կուտականի բնակիչները ձերբակալվել են՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով, եւ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատահետքաբանական, դատակենսաբանական, տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը պարզելու համար՝ նաեւ դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ: