Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում. 22,315 հազար դրամ կհատկացվի «Երևանի շախմատի ֆեդերացիա» ՀԿ-ին Շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի աջակցության ծրագրի շրջանակում 2022 թ․Երևանում նախատեսվող երեք միջազգային մրցաշարերի կազմակերպման համար: Շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի աջակցության ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն լայն հնարավորություններ երիտասարդ և խոստումնալից հայ շախմատիստների փորձի ձեռք բերման ու մասնագիտական աճի համար։ Ըստ հիմնավորման՝ 2022 թ․նախատեսում է թվով երեք միջազգային մրցաշարերի կազմակերպում և անցկացում՝«Երևան օփեն 2022» միջազգային մրցաշար, «Ապագա տաղանդներ 2022» պատանիների շախմատիստների միջազգային մրցաշար, «Պատանիների շախմատիստների և շախմատային մարզիչների համար միջազգային մրցաշար»։
Հոկտեմբերին նախատեսվող «Երևան օփեն 2022» միջազգային մրցաշարին կմասնակցեն շուրջ 14 երկրից ավելի քան 310 մասնակից, մրցաշարի մրցանակային ֆոնդը կկազմի 14,000 հազար դրամ։ Հունիս-հուլիս ամիսներին կանցկացվի «Ապագա տաղանդներ 2022» պատանիների շախմատիստների միջազգային մրցաշարը, որին մասնակցելու է 10 շախմատիստ՝ 6-ը Հայաստանից և 4-ը արտերկրից։ Մրցանակային ֆոնդը կկազմի 2,550 հազար դրամ: Մրցաշարի ընդանուր ծախսը կազմելու է 4,539․5 հազար դրամ։ Դեկտեմբերին նախատեսվող «Պատանիների շախմատիստների և շախմատային մարզիչների համար միջազգային մրցաշար»-ին մասնակցելու են 5 պատանի շախմատիստ՝ 2006 թ․ հետո ծնված, ինչպես նաև 5 լավագույն շախմատային մարզիչներ՝ երկու շրջանով։ Մրցանակային ֆոնդը կկազմի 3,350 հազար դրամ։ Մրցաշարի ընդանուր ծախսը կկազմի 3,775․5 հազար դրամ։