ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պաշտոնատար անձի` Ն. Բ.-ի կողմից ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունների աշխատակիցներից եւ վարորդներից պարբերաբար կաշառք ստանալու, խարդախության եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր:

 

Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ն. Բ.-ն 2021թ. հուլիսին Լոռու մարզում ուղեւորափոխադրման ծառայություններ իրականացնող ՍՊ ընկերության տնօրեն Է. Ս.-ի, ապա վերջինիս միջոցով նաեւ Տաշիրի ավտոկայանի ենթակարգավար Ռ. Ս.-ի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ հիշյալ ընկերության վարորդների կողմից թույլ տրված խախտումների փաստերը չարձանագրելու համար ամսական 20.000-ական ՀՀ դրամ կաշառք ստանալու վերաբերյալ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 2021թ. օգոստոսից 2022թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Ռ. Ս.-ն վարորդներից հավաքագրել է որոշակի չափով գումարներ եւ Ն. Բ.-ի պահանջով յուրաքանչյուր ամիս 20.000 ՀՀ դրամ տվել վերջինիս որպես կաշառք: Բացի այդ, Ն. Բ.-ն Լոռու մարզում ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների երկու վարորդների օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց Ռ. Ս.-ից պահանջել եւ երկու դեպքում ստացել է ընդհանուր 70.000 ՀՀ դրամի կաշառք: Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Ն. Բ.-ն Լոռու մարզում ուղեւորափոխադրումներ իրականացնող մեկ այլ ընկերության եւ ընկերության վարորդ Ա. Տ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ ստուգումների ժամանակ խախտումներ չհայտնաբերելու եւ հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց նրանից եւս պահանջել եւ 2021թ. հոկտեմբերին ստացել է կաշառք: Այնուհետեւ տեղեկանալով, որ հիշյալ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է սահմանված կարգի խախտմամբ՝ դեղին համարանիշերի փոխարեն այլ հաշվառման համարանիշերով, խախտումը չարձանագրելու եւ տրանսպորտային միջոցի անօրինական շահագործումը չկասեցնելու համար նրանից 2021-2022թթ. ընթացքում ստացել է 40.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, Վանաձոր քաղաքում ներհամայնքային ուղեւորափոխադրում իրականացնող ընկերության եւ նույն երթուղում շահագործվող երկու տրանսպորտային միջոցների սեփականատերեր Ա. Մ.-ի եւ Ն. Մ.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ հիշյալ տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում արդեն իսկ հայտնաբերված խախտումները չարձանագրելու, ինչպես նաեւ հետագա ստուգումների ընթացքում հնարավոր խախտումները չարձանագրելու համար Ն. Բ.-ն Ա. Մ.-ից 2021 թ. ընթացքում ստացել է 90.000 ՀՀ դրամ կաշառք: Վերը նկարագրված հանցավոր արարքներից բացի, բացահայտվել է նաեւ Ն. Բ.-ի կողմից խարդախություն կատարելու դեպք: Բավարար ապացույցներ են ձեռք բերել նաեւ հիշյալ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ: Մասնավորապես, պարզվել է, որ Ն. Բ.-ն չի արձանագրել վարորդներ Ա. Տ.-ի եւ Հ. Ս.-ի թույլ տված խախտումները` դեղին համարանիշերի փոխարեն այլ հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոցներ վարելու փաստը` հիշյալ վարորդներին այդկերպ զերծ պահելով 200.000-ական, ընդհանուր` 400.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկվելուց: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ն. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /5 դրվագ/, 178-րդ հոդվածի 1-ին մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ռ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/ եւ 313-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վարորդներ Ա. Տ.-ին, Ա. Մ.-ին եւ Հ. Ս.-ին` 312-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովի մայիսի 25-ի նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններին։ Դրանց թվում են՝

 

l Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

l Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

l «Մոլախաղերի, առցանց խաղարկությունների եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

l «Կազմակերպությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

l Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

l «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

l Անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։

Դրանց թվում են՝

l «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը,

l Հայաստանի Հանրապետության ընդերքի օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

l «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

l Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

l «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

l Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

l Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

l Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում (սահմանադրական օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (ընդհանուր առմամբ մոտ 100 – խմբ.),

l ՀՀ քրեական օրենսգիրքը ուժի մեջ մտնելու մասին օրենքի նախագիծը,

l «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը,

l Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

l «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

l «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

l Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

l «Ազգային ժողովի կանոնակարգ» (սահմանադրական օրենք) օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

 

 

 

ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2021թ. փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց 1984թ. ծնված, Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտ, այժմ հեռակա կարգով Եվրոպական համալսարանում  սովորող Դավիթ Սարգսյանը, որը 2021թ. հոկտեմբերի 17-ին կայացած Դիլիջան խոշոր համայնքի ավագանու ընտրություններով ձեւավորված ավագանու կողմից ընտրվեց համայնքի ղեկավար։ Ն. Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի ընկեր Դ. Սարգսյանը «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության անդամ է։ Դիլիջանի բնակիչները դժգոհում են, որ քաղաքի շատ փողոցներում, այդ թվում՝ Սայաթ-Նովա փողոցում, շատ են քանդված հատվածները, մեծ փոսերը, այդ պատճառով դիլիջանցիների մարդատար ավտոմեքենաները վնասվում են, դրանց անվադողերը  շուտ են  մաշվում, Դիլիջանի համայնքապետարանն այդ փողոցները վերանորոգելու նպատակով աշխատանքներ չի իրականացում։ Դիլիջանցիները բողոքում են, որ Դիլիջան քաղաքի կենտրոնում գտնվող շրջանաձեւ հրապարակից դեպի Իջեւան տանող միջպետական ավտոճանապարհից աջ գտնվող հատվածով, նաեւ Սայաթ-Նովա փողոցով մինչեւ «Իմպուլս»  գործարան  ձգվող ուղերթով հասարարական տրանսպորտը չի աշխատում, մինչդեռ Երեւանում ոստիկաններին տեղափոխող միկրոավտոբուսի վրա երեւում է «Դիլիջանի համայնքապետարան» գրառումը եւ Եվրամիության աստղերը։ Դիլիջանցիների վկայությամբ՝ հասարարական տրանսպորտի  այդ ուղերթը փակվել է այս տարվա սկզբից կամ դրանից էլ շուտ։ Բնակիչները դժգոհում են, որ  տրանսպորտային այդ ուղերթը չգործելու պատճառով փոքր երեխաները ձմռան  եւ վաղ գարնան ցրտին ոտքով, սառած էին դպրոց գնում։ Դիլիջանի համայնքապետարանից բնակիչներին ասել են, թե այդ ուղերթը իրեն  «չէր արդարացնում»։

 

 

 

ԾԵԾԵԼ Է

Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձոր գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Արսեն Աղասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող եւ  նույն հարկի տակ համատեղ բնակվող կնոջ մանկահասակ որդու՝ 09.12.2016 թվականին ծնված տղայի մանկական չարաճճիությունից զայրացած, Այգեձոր բնակավայրում գտնվող առանձնատան ննջասենյակում ծեծել է երեխային, որի հետեւանքով վերջինիս առողջությանը պատճառվել է թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, նրա նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթացող դատավարությունում  որպես տուժած տղայի  ներկայացուցիչ է ներգրավվել նրա  հարազատ  հայրը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս