«ԹՎԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄՆ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի փոխվարչապետի խոսքով՝ թվային ինքնիշխանության ապահովման անհրաժեշտ պայմաններն են տեղեկատվության հավաքագրման, փոխանակման, պահպանման եւ  տվյալների վերլուծության հարցերում ճիշտ մոտեցումները: Փոխվարչապետը հայտարարել է, որ գոյություն ունեցող իրողություններում թվային մեկուսացումն անարդյունավետ ու անիմաստ է։ «Պետք է նշեմ, որ թվային տրանսֆորմացիան ռազմավարական, խարիսխային առաջնահերթություն է մեզ համար, եւ դա վերաբերում է ոչ միայն պետական, այլեւ մասնավոր հատվածի զարգացմանը», – ասել է Գրիգորյանը:

 

Նրա խոսքով՝ արդեն կարելի է փաստել, որ թվային տրանսֆորմացիան փոխում է պետական կառավարման մոտեցումները։ Հայաստանի իշխանությունները եզրակացրել են, որ թվային օրակարգը կզարգանա, եթե կարողանան բարեփոխումներ իրականացնել թվային կառավարման հայեցակարգից թվային հասարակության եւ թվային տնտեսության զարգացման անցնելու տրամաբանությամբ: «Այս կարեւոր բարեփոխման բոլոր հիմնական շահառուները պետք է դառնան դրա ակտիվ մասնակիցը, եւ մենք պետք է հենց դրան ձգտենք»,-ասել է Գրիգորյանը:

Պետք է ներդաշնակորեն շարժվել համապատասխան ենթակառուցվածքների զարգացման, որակյալ կապի, թվային անվտանգության համակարգերի եւ որակապես այլ կանոնակարգերի ու իրավական ակտերի ուղղությամբ։ Ընդ որում` կանոնակարգերի եւ ակտերի բովանդակությունը պետք է թելադրվի մեծամասամբ թվային լավ լուծումներով, ոչ թե հակառակը, ինչը կարող է հանգեցնել անարդյունավետ փաստաթղթային ռեժիմի։ Այս համատեքստում, իհարկե, հսկայական նշանակություն ունի կրթական համակարգը, որը պետք է սերունդներին հետեւողականորեն նախապատրաստի եւ տրամադրի թվային փոխակերպման:

«Ես չեմ կարող չանդրադառնալ թվային ինքնիշխանության եւ գլոբալ թվային ինտեգրացիոն գործընթացների հարցերին։ Գոյություն ունեցող իրողություններում թվային մեկուսացումը անարդյունավետ է եւ հատուկ իմաստ չունի: Մենք բոլորս պետք է ընտրենք լավագույն մատչելի պրակտիկան, առավել եւս, որ դա ուղղակիորեն վերաբերում է անդրսահմանային փոխգործակցությանը։ Այդ հարցերում մոտեցումների հավասարակշռությունն ու համարժեքությունը մեծ նշանակություն ունի»,- նշել է փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ թվային ինքնիշխանության ապահովման անհրաժեշտ պայմանները ճիշտ մոտեցումներն են տեղեկատվության հավաքագրման, փոխանակման, պահպանման եւ տվյալների վերլուծության հարցերում: Թվային դարաշրջանի պայմաններում կարեւոր նշանակություն են ստանում կիբեռանվտանգության հարցերը։ Այսպիսով, տնտեսության եւ առեւտրի ոլորտում թվային տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումն ու առաջխաղացումը իրական եւ ոչ այլընտրանքային անհրաժեշտություն է բոլորի համար, եւ միայն այդ ուղղությամբ շարժվելով կարելի է նվազագույնի հասցնել եւ նույնիսկ վերացնել գոյություն ունեցող խոչընդոտները, ինչը շատ կարեւոր է տնտեսական կապերի արդյունավետության բարձրացման, առեւտրում ծախսերի եւ կոոպերացիոն շղթաների կրճատման համար: Հայաստանը, ըստ Գրիգորյանի, բաց է արդյունավետ փոխգործակցության եւ թվային համատեղ նախագծերի առաջմղման համար:

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ԻՐ ԻՍԿ ՔՆՆԱԴԱՏԱԾԸ

«Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը ժամանակին քննադատում էր, այսօր խրախուսում է»,- հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «2008 թվականից առ այսօր միայն ոստիկանի ցուցմունքով որեւէ մեկը չէր կալանավորվել, բայց մեր օրերում դա տեղի ունեցավ: 2022 թվականի մայիսի 17-ին Կիեւյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչ ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու եւ նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում միայն ոստիկանի զեկուցագրի հիման վրա կալանավորվել է Իգոր Յուրիի Խաչատուրովը։

 

Այս գործը զավեշտալի է այնքանով, որ 2008 թվականի արյունոտ դեպքերից ավելի քան տասը տարի անց ՀՀ Վճռաբեկ դատարանը գրեթե նույնական մեղադրանքով կալանավորված, այժմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանին արդարացրել է: Ընդ որում, 2019 թվականի հուլիսի 16-ին Գ. Ջհանգիրյանը հիմնարար խախտման հիմքով դիմել է դատարան, եւ 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0134/01/08 որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ստորադաս դատարանները Գ. Ջհանգիրյանի մեղադրանքը հիմնավորելիս, առավելապես հիմնվելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա, չեն ապահովել «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մատնանշված արդար դատաքննության իրավունքի երաշխիքները։ Դատարանները, Գ. Ջհանգիրյանի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր հատկացնելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին, պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում, ինչը ողջամտորեն կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների արժանահավատությունը։

Ուստի Վճռաբեկ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ Գագիկ Վրեժի Ջհանգիրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ եւ արդարացվել, քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Սա նշանակում է, որ Իգոր Խաչատուրովը վաղ թե ուշ հավանաբար կարդարացվի, քանի որ եւ՛ ներպետական, եւ՛ Եվրոպական դատարանի նախադեպերով արդարացումը սպասելի է: Տարակուսելին այս պատմության մեջ այն է, որ նախկինում իրավապահների այս գործելաոճը քննադատում էր Նիկոլ Փաշինյանը, իսկ հիմա խրախուսում է»:

 

 

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ՉԵՆ

2020թ. հուլիսի 12-13-ին Բերդի տարածաշրջանում տեղի ունեցած մարտերը ռազմավարական ոչ մի նշանակություն չունեին, սակայն այդ ժամանակ տեղի ունեցած ադրբեջանական հրետակոծության հետեւանքները դեռեւս վերացված չեն։ Բերդ համայնքի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանի խոսքով՝ պետական բյուջեի միջոցներով գյուղում կատարվել են հրետակոծված տների վերականգնման աշխատանքներ, սակայն շատ տների դեպքում շինարարական աշխատանքներ չեն արվել կամ կիսատ են իրականացվել։ Գյուղի բնակիչ Նվեր Գալստյանի հորական տունը հրետակոծությունից ամբողջությամբ քանդվել է, սակայն այն չեն վերականգնել։ Վարչական ղեկավարի խոսքերով՝ գյուղի 4 բնակչի տներում վերականգնողական աշխատանքներ չեն արվել։ Ազատամարտիկ, հաշմանդամ Գարիկ Լալայանը հրետակոծված իր  առանձնատան նորոգման համար դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տարածքային կառավարման  նախարար պաշտոնավարած Սուրեն Պապիկյանին, Տավուշի մարզպետարան, սակայն նրա տունը չեն նորոգել, վնասված 5 պատուհաններն են նորերով փոխարինել։ Այլ տների բնակիչներ էլ համաձայնել են, որ իրենց վնասված տների գոնե պատուհանները փոխեն, սակայն այդ աշխատանքներն էլ չեն արվել։ Լ. Առաքելյանի խոսքերով՝ ինքը վնասված 31 տան համար դիմում է ներկայացել Քննչական կոմիտեի Բերդի բաժին,  առաջնահերթ դիմել է 11 տան համար, մնացածների համար տվյալները ներկայացրել է Տավուշի մարզպետարան, գյուղում ուսումնասիրություններ կատարած պետական վերահսկողության ծառայության աշխատողներին։ Վարչական ղեկավարը հայտնեց, որ ադրբեջանական հրետակոծությունից վնասված Հրաչիկ Գրիգորյանի տան նորոգումը կիսատ է  մնացել, Արսեն Շառյանի տան վնասված տանիքը չեն փոխել, Գառնիկ Ղուկասյանին պատկանող ավերված ջերմոցը  չեն նորոգել։ Լ. Առաքելյանի վկայությամբ՝ սահմանամերձ գյուղում պետական միջոցներով «Մայրիկ» պուրակ է կառուցվել, արվել է ծառատունկ, սակայն դեռեւս նստարաններ, խաղային ատրակցիոններ չեն բերվել։ Հավելեմ, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 2021թ. նոյեմբերի 17-ին որոշում է ընդունել Բերդի տարածաշրջանի գյուղերի հրետակոծությունից վնասված տների վերականգնման եւ բարեկարգման աշխատանքներն ընդունելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին, հանձնաժողովի նախագահն  էր Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Միսաք Մելքումյանը, անդամներ՝ քաղաքաշինության վարչության աշխատողներ, տեխնիկական հսկողություն իրականացող ՍՊԸ-ի ներկայացուցիչներ, շինարարական աշխատանքներ իրականացրած «Տավուշշին» ԲԲԸ-ի ներկայացուցիչներ եւ այլք։ Նման մի հանձնաժողով էլ մարզպետ Հ. Ղալումյանը ստեղծել էր դեռեւս 2021թ.  սեպտեմբերի 14-ին, որի ղեկավարը կրկին Քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Միսաք Մելքումյանն էր։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս