ՄԵԿ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ՝ ՋՐԾԱՂԿԻ 2000 ԴԵՊՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում անցած մեկ ամսվա ընթացքում՝ մինչ այս պահը, գրանցվել է ջրծաղիկի շուրջ 2000 դեպք: Հիվանդությամբ վարակված անձանցից 88,2 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները, որից 40 տոկոսը՝ 3-6 տարեկանները: Չնայած կա ջրծաղիկ հիվանդության ակտիվացում, սակայն գրանցվող դեպքերը չեն հատում վարակի սեզոնայնությանը բնորոշ շեմը եւ անհանգստացնող ցուցանիշներ չեն:

 

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը նշել է, որ ջրծաղիկն ակտիվանում է ձմեռ-գարուն ժամանակահատվածում:

«Նախորդ երկու տարվա համեմատ՝ ունենք վարակի դեպքերի գրանցման աճ, սակայն այդ տարիներին, պայմանավորված համավարակային սահմանափակումներով, որի հետեւանքով շատ չէր մարդկանց շփումը միմյանց հետ, հիվանդությունը չէր տարածվում: Վերլուծության տվյալների համաձայն՝ այժմ շատ են դեպքերը Երեւան քաղաքում, Սյունիքի եւ Լոռու մարզերում: Այսինքն՝ քաղաքներում են գրանցվում շատ դեպքերը, քանի որ մարդկանց սերտ շփման համար քաղաքային պայմանները նպաստավոր են»,- ասում է Խաչատրյանը՝ նշելով, որ այս պահին չի կարող տրամադրել նախորդ երկու տարիներին ջրծաղիկ հիվանդության արձանագրված դեպքերը:

Ջրծաղիկը մեծ մասամբ գրանցվում է դպրոցահասակ եւ մանկապարտեզային տարիքի երեխաների շրջանում: Համաճարակաբանի խոսքով՝ այժմ վարակի դեպքերի աճը կարող է պայմանավորված լինել նաեւ հիվանդության պարբերականությամբ. «Եթե 2018-ի հետ համեմատենք, ապա կարող ենք ասել, որ հիվանդության աճ չունենք: Իսկ այս տարի դեպքերի աճը կարող է պայմանավորված լինել վարակի պարբերականությամբ. այն 3-4 տարի պարբերականությամբ աճ է գրանցում, հետո՝ մի քանի տարի նույն շեմի վրա մնում»:

Հիվանդության գաղտնի շեմը տեւում է 21 օր: Այն վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուց մարդուն: Ունի 99 տոկոս վարակելիություն: Անձը, գտնվելով փակ տարածքում ջրծաղիկով վարակված մեկ այլ անձի հետ, ամենայն հավանականությամբ կարող է վարակվել հիվանդությամբ, եթե մինչ այդ վարակված եւ առողջացած չի եղել: Այսինքն՝ եթե երեխան հիվանդանում է, որպես կանոն, համաձայն գրականության, նա ցմահ իմունիտետ է ձեռք բերում, եւ երկրորդ անգամ չի կրկնվում հիվանդությունը:

ՀՎԿԱԿ-ի մասնագետը շեշտում է՝ ջրծաղիկ հիվանդության դեպքում ինքնաբուժությամբ զբաղվելը կարող է բարդ հետեւանքներ ունենալ:

«Վարակված անձի լորձաթաղանթի կամ մաշկի վրա առաջանում են թափանցիկ բշտիկներ: Վերջինս ունենում է տենդ, թուլություն, կարող են լինել նաեւ հազ, հարբուխ: Խոցելի խմբեր կան յուրաքանչյուր հիվանդության ժամանակ. այս դեպքում էլ դրանք հղիները, քրոնիկ հիվանդություն ունեցողներն են: Եթե հղիները վարակվում են հիվանդությամբ, ապա մենք նրանց վերաբերյալ տեղեկատվություն ենք տրամադրում ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջապահության վարչություն, որպեսզի նրանց նկատմամբ ուշադրությունն ավելի խիստ լինի: Ընդհանրապես սա մանկական հիվանդություն է, սակայն կարող են բարձր տարիքի անձինք էլ վարակվել, եւ հիվանդությունը նրանց շրջանում եւս բարդ ընթացք ունենա»,- ասում է Խաչատրյանը:

Նշենք նաեւ, որ ջրծաղիկի դեմ պատվաստումները ներդրված չեն Հայաստանի պատվաստումների ազգային օրացույցում:

Ն. Պ.

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՋԱՐԴՎԱԾՔ ՈՒՆԻ

Երեկ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գնացել է հիվանդանոց՝ ստուգման: Հիվանդանոցում բժիշկները վերջինիս հայտնել են, որ պատգամավորն ունի կողոսկրի ջարդվածք, եւ հորդորել են որոշ ժամանակ մնալ հիվանդանոցում եւ բուժում ստանալ: ArmLur.am-ի հետ զրույցում Ղազինյանը հաստատեց, որ հիվանդանոցում է եւ ունի կողի ջարդվածք: Նշենք, որ պատգամավոր Ղազինյանը վնասվածք է ստացել երեկ Կառավարության 3-րդ շենքի մոտ տեղի ունեցած բախումների հետեւանքով: Հիշեցնենք, որ մայիսի 30-ին ՀՀ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել Դիմադրության շարժման անդամները: Նրանք շրջափակել էին Կառավարական 3-րդ մասնաշենքը, ցանկանում էին ներս մտնել շենք: Քաշքշուկ եւ իրարանցում էր տեղի ունեցել ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ:

 

 

ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐ ՓԱԹԵԹ

Եվրամիության մշտական ներկայացուցիչները հունիսի 1-ին կզբաղվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ համաձայնագրերի իրավաբանական ձեւակերպմամբ. հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Բրյուսելի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով ԵՄ առաջնորդները քաղաքական համաձայնություն են ձեռք բերել Ռուսաստանի Դաշնության դեմ նավթի մասնակի էմբարգոյի ներդրման վերաբերյալ, որը կազդի ծովով նավթի մատակարարումների վրա։ Խողովակով եկող նավթը պատժամիջոցների նոր փաթեթում չի ներառվի։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով՝ մինչեւ 2022 թ. վերջ ԵՄ-ն կհրաժարվի ռուսական նավթի ներկրման գրեթե 90 տոկոսից: «Չորեքշաբթի մշտական ներկայացուցիչներին հանձնարարվել էր իրավաբանական լուծում մշակել այն քաղաքական սկզբունքների իրականացման համար, որոնց շուրջ այսօր համաձայնություն ձեռք բերվեց»,- ասել է Միշելը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած մամուլի ասուլիսին: Նա նաեւ պարզաբանել է, որ  նավթամուղով եկող նավթը կկարողանա գնել ոչ միայն Հունգարիան, այլեւ դեպի ծով ելք չունեցող ԵՄ մյուս երկրները: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը դեռ պետք է ԵՄ Խորհրդի կողմից նախարարների մակարդակով պաշտոնական համակարգման եւ հաստատման ընթացակարգ անցնի։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի պաշտոնական մատյանում հրապարակվելուց հետո, որի ամսաթիվը դեռ չի նշվում։ ԵՄ երկրները պատժամիջոցների արդեն հինգ փաթեթ են ներդրել Ռուսաստանի Դաշնության դեմ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ ԵՄ-ի վեցերորդ փաթեթի ընդունումը հետաձգվում էր մի շարք երկրների, մասնավորապես` Հունգարիայի կողմից նավթի գնումներից լիակատար հրաժարմանն աջակցել հրաժարվելու պատճառով։

 

 

ԴԻԼԻՋԱՆԻ ՊԱՏՇԳԱՄԲԸ ՉՍԱՐՔԵՑԻՆ

2018թ. մայիսին Դիլիջանի Գետափնյա փողոցի 1 հասցեում գտնվող Երեւանի ժողարվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի շենքի հետնամասում գտնվող, Կալինինի փողոցին հարող փայտե գեղեցիկ պատշգամբը փլվեց։ Պատշգամբի քանդման պատճառի մասին տարբեր վարկածներ կան, որոնցից մեկն այն է, որ Կալինինի փողոցով անցնող բեռնված  բեռնատար ավտոմեքենան է դրան հարվածել, քանդել։ Թանգարանի շենքը ՀՀ կողմից պահպանվող հուշարձանների ցանկում է, թանգարանը բացվել է 1979թ.:

Երկհարկանի գեղեցիկ շենքը կառուցվել է 1896թ., այն պատկանել  է հանրաճանաչ ազգային-հասարակական գործիչ, բարերար, իշխանուհի Մարիամ Թումանյանին: 2018թ. մայիսին՝ թանգարանի պատշգամբի  փլվելուց հետո, Դիլիջան քաղաք էր այցելել 2018թ. մայիսի 12-ին ՀՀ մշակույթի նախարար նշանակված Լիլիթ Մակունցը, սակայն նա չէր այցելել վերոհիշյալ թանգարան, չէր հետաքրքրվել թանգարանի փլված պատշգամբով։ Դեպքից 4 տարի անց պետության կողմից պահպանվող թանգարանի պատշգամբը չի վերականգնվել, նորոգման աշխատանքներ չեն կատարվել։ Կալինինի փողոցին հարող հատվածը, քանդված պատշգամբի՝ փողոցի եզրին գտնվող հիմքը, մոտ 20 մետր երկարությամբ կապույտ պաստառով պատվել է, փողոցի այդ մասով անցնող հետիոտներին դեպի Դիլիջան քաղաքի վերին հատված, Վանաձոր եւ հակառակ ուղղությամբ երթեւեկող ավտոմեքենաները սպառնալիք են, քանզի մայթը գտնվում է կապույտ պաստառից ներս։ Մայիսի 27-ին երկրագիտական թանգարանի շենքի բակում  բանվորներ տեսա, որոնք շենքի ճակատային մասի առաջին հարկում՝  ոչ քանդված պատշգամբի կողմում, ինչ-որ աշխատանքներ էին կատարում։

 

 

 

ԼԻՄԻՏՆ ԱՐԴԵՆ ՍՊԱՌՎԵԼ Է

«Ժողովուրդ» օրաթերթի Տավուշի մարզի թղթակցին է դիմել Իջեւան խոշոր համայնքի Լուսաձոր գյուղի բնակիչ, Լուսաձորի համայնքապետարանի նախկին աշխատող, 3-րդ խմբի հաշմանդամ Սոֆյա Այվազյանը: Նա հայտնել է, որ պետք է «Յամեր» կոչվող բժշկական հետազոտություն անցնի  «Նաիրի» բժշկական կենտրոնում, սակայն ԲԿ-ից տեղեկացրել են, որ  այս տարվա պետպատվերը սպառվել է։ Կապ հաստատեցինք «Նաիրի» ԲԿ, որի աշխատակից Անիի  խոսքով (ազգանունը չհայտնեց) ամեն տարի Առողջապահության նախարարությունը որոշակի թվով հիվանդների հետազոտության համար պետպատվեր է սահմանում, այս տարվա պետպատվերը մինչեւ դեկտեմբեր սպառվել է: Այժմ անվճար կարող են հետազոտվել միայն զինծառայողները եւ մինչեւ 6 տարեկան երեխաները։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս