Ե՞րբ է ձեռքերի վիճակը հուշում վտանգավոր հիվանդությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրգանիզմն մի շարք հուսալի ախտորոշիչ ցուցիչներ ունի, որոնք թույլ են տալիս իմանալ, երբ ինչ-որ բան այն չէ՝ գլխացավեր, կրծքավանդակի ցավեր, ստամոքսի հետ կապված խնդիրներ: Սակայն եւս մի ախտորոշիչ ցուցիչ հենց ձեր առջեւ է՝ ձեր ձեռքերը: Դրանց տեսքն ու զգացողությունը կարող է պատմել ձեզ այն բժշկական խնդիրների մասին, որոնք պետք է լուծվեն, գրում է Eat This, Not That:

Եթե ​​ձեր ձեռքերից մեկը կամ երկուսը դողում են, դա կոչվում է տրեմոր՝ մկանների ակամա կծկում: Դա կարող է նյարդաբանական խանգարման նշան լինել, ինչպիսին է Պարկինսոնի հիվանդությունը կամ ցրված սկլերոզը: Այլ պակաս լուրջ պատճառներ են կոֆեինի օգտագործումը, սթրեսը, քնի պակասը կամ վահանաձեւ գեղձի գերակտիվությունը: Որոշ դեղամիջոցներ կամ ալկոհոլից հրաժարվելը եւս կարող է տրեմոր առաջացնել:

Եթե ​​նկատել եք, որ մի քանի եղունգների տակ մաշկը կապտավուն երանգ ունի, դա կարող է վկայել լուրջ հիվանդության մասին, որը կոչվում է ցիանոզ: Դա նշանակում է, որ ձեր արյան մեջ բավականաչափ թթվածին չկա: Այն կարող է առաջանալ սրտի կամ թոքերի լուրջ հիվանդությունների հետեւանքով, ինչպիսիք են թոքային քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, սրտի անբավարարությունը կամ թոքային էմբոլիան:

Եթե ​​ձեռքերի մաշկը դեղին է, դա կարող է դեղնախտի, լյարդի, լեղապարկի, լեղուղիների կամ ենթաստամոքսային գեղձի հիվանդության նշան լինել։ Դեղնախտն առաջանում է, երբ արյան մեջ կուտակվում է բիլիռուբին կոչվող նյութը: Երբ լյարդը վնասված է, այն գերծանրաբեռնվում է, եւ բիլիրուբինը կուտակվում է մաշկի տակ՝ դեղնություն առաջացնելով:

Եթե ​​ձեր հոդերը կարմիր, այտուցված կամ փխրուն են, դա կարող է արթրիտի՝ հոդերի բորբոքման եւ այտուցի նշան լինել: Արթրիտի երկու ամենատարածված տեսակներն են օստեոարթրիտը եւ ռեւմատոիդ արթրիտը:
Եթե ​​այտուցված է ամբողջ ձեռքը, դա կարող է նշան լինել, որ մարմինն ավելի շատ հեղուկ է պահում, քան պետք է: Դրա պատճառը կարող է լինել հղիությունը, սննդակարգը, որը չափազանց շատ նատրիում է պարունակում, իսկ որոշ դեպքերում դա կարող է վկայել վահանաձեւ գեղձի, երիկամների կամ լյարդի հետ կապված խնդիրների մասին:




Լրահոս