ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գլխավոր դատախազից կպահանջեմ պատասխանատվության ենթարկել պաշտոնյաներին. Թագուհի Թովմասյանն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ մի շարք համայնքներում խմելու ջրի նմուշները չեն համապատասխանում նորմերի պահանջներին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Ծնունդով վարդենիսցի պատգամավորը մոտ 6 ամիս է, ինչ ահազանգում է ջրի որակի եւ բնակիչների՝ խմելու ջրից թունավորման մտավախությունների մասին:

Ջրի խնդրի հարցով պատգամավորի պաշըոնական գրություններին ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ վերջին անգամ այս տարվա հունվար և փետրվար ամիսների 1-ին տասնօրյակում իրականացված հետազոտությունների արդյունքում սահմանված նորմերից շեղումներ չեն հայտնաբերվել: Իսկ ահա Ջրային կոմիտեից էլ հայտնել են, որ այդ բնակավայրերը չեն գտնվում «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության սպասարկման տարածքում: Այս պատասխաններից հետո մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն աշխատել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ:

Ի դեպ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից Վարդենիս համայնքի ղեկավարին տրվել է Կարգադրագիր՝ 30-օրյա ժամկետում արձանագրված խախտումները վերացնելու համար:

Մի կողմից պատգամավորն է ահազանգում ջրի որակի մասին, մյուս կողմից բնակիչներն են՝ խմելու ջրից թունավորման մտավախություններով: Իսկ Գեղարքունիքի մարզպետը վտանգավոր ոչինչ չի տեսնում:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց նաեւ, որ ՙՎեոլիա ջուր՚ ընկերությանը խնդրել է ջրի նմուշառում վերցնել:

Բայց ուշագրավն այն է, որ մարզպետը «Վեոլիա ջուր» ընկերությանը նոր է խնդրել նմուշառում վերցնել ջրից, այն դեպքում, երբ պատգամավորն այս խնդրի մասին բարձրաձայնում է արդեն մոտ վեց ամիս:

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան




Լրահոս