Սիրված դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ կրկին հիասթափված է եւ հուսալքված: Ամեն ինչ անտարբերության գրկում է:
Նշենք, որ դերասանուհին երկար դադարից հետո ռեժիսոր Ելենա Արշակյանի կողմից առաջարկ էր ստացել «Լքված ամրոցի պահապանները» հեռուստասերիալում նկարահանվելու, ինչը դերասանուհուն ոգեւորել եւ կյանքով էր լցրել:
«Անկեղծ ասած, այս նախագծում իմ դերն արդեն ավարատված է, եւ իմ մասնակցությամբ տեսարաններն ավարտվել են, բայց այլ նորություն չունեմ: Երբ հրավիրեց ինձ Ելենա Արշակյանը նկարահանվելու հեռուստասերիալում, ինձ ասացին, որ այն բաղկացած է լինելու 132 մասից, եւ ես ամիսը 4-5 անգամ պետք է նկարահանվեմ, բայց քիչ եղավ, քանի որ նկարահանման թիմը բավականին շատ էր, եւ մեծ մասը կապված էր դպրոցի հետ, ամեն մի երեխա իր կենսագրությունն ուներ, եւ ինձ քիչ տեսարաններ էին մնացել: Մինչ այսօր նկարահանվել եմ չորս անգամ, ամեն նկարահանումը երկու սերիալով ցուցադրվել է հեռուստադիտողին: Շատ շնորհակալ եմ Ելենային, որ տեսնելով իմ դերասանական խաղը՝ գնահատեց եւ հրավիրեց ինձ խաղալ իր նախագծում, այն էլ՝ հենց գյումրեցի կնոջ կերպարում»,- նշեց Լուսինե Կիրակոսյանը՝ հավելելով, որ իր նկարահանման վերջին օրը շատ տպավորիչ է անցել, ստեղծագործական թիմի կողմից լսել է հարազատ եւ ջերմ խոսքեր:
«Իհարկե, շատ հուզվեցի, եւ ամեն անգամ, երբ նայում եմ, արցունքներս գնում են: Այժմ, քանի որ քիչ է մնացել հեռուստասերիալի ավարտին, ինձ մնացել է ընդամենը մեկ նկարահանում, եւ շատ տխրել եմ: Իրականում շատ տխրում եմ, քանի որ ինչպես առաջ էր, այնպես էլ հիմա՝ այս նախագծի ավարտից հետո, այլ հրավերներ չունեմ ո՛չ հեռուստատեսություններից եւ ո՛չ էլ թատրոնից: Երբ նայում ես մեր հեռուստասերիալները, տեսնում ես, որ միշտ նույն դերասաններն են հանդես գալիս նույն ռեժիսորի հետ, կարծես արդեն իրենք իրենց թիմն ունեն, ինչն ինձ համար ընդունելի չէ: Երգիչ, երգչուհիները, պարուհիները զբաղեցնում են հիմնականում գլխավոր հերոսի կերպարները, իրականում ես դեմ չեմ եւ չեմ ասում, թե վատ են խաղում, բայց պետք է ամեն մարդ զբաղվի իր գործով: Այնքա՜ն շնորհալի դերասաններ կան, որոնք անգործ են. կարեւորը փող աշխատելը չէ: Եթե մարդ իր կյանքը դրել է մի գործի վրա, որ ինչ-որ մի բարձունքի հասնի ու արհեստականորեն նրան արգելակում են, սա սարսափելի է ինձ համար: Ինձ համար կարեւոր է, որ մարդը, արվեստագետը գնահատվի մեր երկրում, այլ ոչ թե անգործության մատնվի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍՎԵԼ Է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը սկսում է օտարերկրացի եւ սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2022-2023 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ եւ օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն հետեւյալ ժամկետներում՝
l անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2022թ. հունիսի 15-ից մինչեւ օգոստոսի 25-ը ներառյալ,
l վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով սփյուռքահայ եւ օտարազգի դիմորդների ընդունելության համար՝ 2022թ. հունիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 23-ը ներառյալ,
l վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2022թ. հունիսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը ներառյալ,
l վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2022թ. հունիսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 14-ը ներառյալ,
l վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2022թ. հունիսի 15-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը ներառյալ,
l վճարովի առկա ուսուցմամբ նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչեը օգոստոսի 25-ը ներառյալ,
l վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ,
l վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչեւ նոյեմբերի 10-ը ներառյալ:
Դիմումներն ու համապատասխան փաստաթղթերը ԿԳՄՍՆ արտաքին կապերի եւ սփյուռքի վարչությունում ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից մինչեւ 17:00-ն: Ընդմիջում՝ 13:00-14:00: