«ԽՆԴԻՐԸ ՀԱՄԱՑԱՆՑԻ ԱՍԵԿՈՍԵՆԵՐՆ ԵՆ». ՄԱՐԶՊԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այն համոզմանն է, որ խաղաղության դարաշրջանի բացումը բնավ չի ենթադրում հրաժարվել անցյալից ու բարեկամական սերտ կապեր հաստատել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշում է, որ դժվար թե գտնվի մեկը, որ դեմ լինի խաղաղությանը:

 

-Ձեր քաղաքական թիմը որդեգրել է խաղաղության օրակարգի քաղաքականությունը: Հիմա անընդհատ շահարկվում է այն թեման, որ Հայաստանը պատրաստվում է հարաբերություններ կարգավորել. ի դեպ, Շիրակի մարզն էլ սահմանակից է Թուրքիայի հետ: Այս մոդելը Ձեզ համար ընդունելի՞ է:

-Ես կարծում եմ, որ ցանկացած գործընթացում ցանկացած բանական մարդ կողմ է խաղաղության եւ խաղաղ պայմաններում ապրելուն եւ երկիրը զարգացման ուղիով տանելուն: Բնականաբար, որեւէ կերպ չեմ կարող այս պահին այդ ամեն ինչը ստորադասել, եւ ինձ համար անընդունելի է հասկանալ, թե կա մարդ, որն այլ բան է նախընտրում: Միգուցե որոշ մարդկանց մոտեցումներն ու ընկալումները տարբեր լինեն, բայց կարծում եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի:

-Տարբեր են: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ օրակարգը՝ հարեւանություն, բարիդրացիություն անելո՞վ: Համացանցում հիմա, օրինակ, քննարկվում է դպրոցներից մեկում հարեւանների խոհանոցը կամ դրկիցությունը քննարկելու հարցը: Մենք արդեն մտնո՞ւմ ենք այդ փուլ: Դուք դա ինչպե՞ս եք պատկերացնում:

-Գործընթացը պետք է լինի աստիճանական, եւ խաղաղության դարաշրջան թեւակոխելը չի նշանակում, որ պետք է դրժենք մեր պատմական անցյալը: Դա չի նշանակում սերտ բարեկամական հարաբերությունների հաստատում: Ես կարծում եմ, որ մեր հիմնական խնդիրը համացանցի եւ ոչ կոմպետենտ մարդկանց  ասեկոսեներն են, որ տուրբուլենտություն են բերում  ոչ միայն քաղաքական դաշտում, այլ նաեւ հանրության շրջանում:

-Ընդդիմադիրները մեկ ամսից ավելի է՝ պայքարում են, պահանջում են իշխանությունների հրաժարականը, դեմ են հենց այս օրակարգին, թե իշխանությունները ամեն ինչ անում են Արցախը հանձնելու համար: Նրանց քայլերին ի՞նչ գնահատական կտաք:

-Ես կարծում եմ, որ ընդդիմությունը ձախողել է,  եւ դա է պատճառը, որ, եթե չեմ սխալվում, ընդդիմադիրներն Ազգային Ժողովում նիստ էին հրավիրել՝ հասկանալով, որ քաղաքական բանավեճի տեղը քաղաքական թիվ մեկ ամբիոնն է: Ես կուզեմ, որ այդ բանավեճը թեւակոխի տրամաբանության դաշտ, եւ ցանկացած խնդիրների հանգուցալուծում լինի հենց այս պատերի ներսում:

-Ինչո՞ւ է ձախողել, այսինքն՝ մարդկանց, աջակիցների  թիվը շատ չէ՞:

-Ես կարող եմ ասել Շիրակի մարզի օրինակով, քանի որ այս պահին պատասխանատու են այդ տարածաշրջանի համար. տեսնում ենք, որ հանրության կողմից արձագանք կամ աջակցություն չունի: 2 օր առաջ շատ փոքրաթիվ մարդկանց թվով փորձեցին այցելել նաեւ Շիրակի մարզպետարան, եւ մենք նորից տեսանք, որ հանրության կողմից արձագանք չկար: Ես կարծում եմ, որ ցանկացած որոշում պետք է ընդունի ժողովուրդը: Իշխանության մնալը կամ իշխանություն լինելը ինքնանպատակ չէ: Այս պահին, երբ տեսնեմ, որ ժողովրդի կողմից աջակցություն չունեմ, ես կլինեմ առաջիններից մեկը, որը կհրաժարվի, բայց քանի դեռ չկա ժողովրդի կողմից պահանջ որեւէ քաղաքական ուժի, այդ թվում՝ իրենց ընդդիմադիր հռչակած, հաջողություն չեն ունենալու:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶՆ ՈՒ ԹԱԼԱՆԸ

Ինչպես հայտնի է, 2021 թվականի դեկտեմբերի 18-ին անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի պատուհանը, մտել ներս եւ այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ եւ հուշանվերներ: Հիշյալ տունը պատկանում է Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որը ներկայումս կալանքի տակ է եւ գտնվում է Երեւանի «Կենտրոն» ՔԿՀ-ում:

 

Եվ, ահա, գործը դատարանում է, իսկ մեղադրյալը Հրանտ Գրիգորյանն է, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 18-12-2021 թվականին՝ ժամը 02-00-ի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել Բյուրական գյուղի 3-րդ փողոցի 89-րդ հասցեում գտնվող Նարեկ Հովասեփյանին պատկանող բնակարան, որտեղից գաղտնի հափշտակել է խոշոր չափի՝ ընդհանուր 2441260 ՀՀ դրամ արժողության ապրանքներ: Ի դեպ, այս առանձնատուն առաջին անգամ չէին մտել: Գործը կքննի Արագածոտնի մարզի դատավոր Սուրեն Մնոյանը:

Գրել էինք, որ 2018 թվականի հունիսի 28-ին գողություն էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ հունիսի 27-ի կեսգիշերից մինչեւ հունիսի 28-ի առավոտյան 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ներս են մտել Բյուրական գյուղի տներից մեկը եւ այնտեղից կատարել գողություն: Գողը կամ գողերը այնտեղից տարել են անտիկվար դաշույններ, սրեր, սիգարներ եւ այլ իրեր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գողը կամ գողերը տուն են մտել առաջին հարկի ճաղավանդակը կոտրելու եւ պատուհանը բացելու միջոցով:

Նշված տունը պատկանում է Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին, սակայն սեփականության վկայականով այն գրանցված է նրա որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (Գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով): Այս գործը կասեցվեց: Ըստ էության, ենթադրյալ հանցագործները, հասկանալով, որ մնում են անպատիժ, կրկին գործի անցան:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 6.8, իսկ այս տարվա ապրիլի համեմատ՝ 0.6 տոկոս գնաճ: Հապետության բոլոր քաղաքներում մայիսին, ապրիլի համեմատ, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.3-1.4 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հրազդանում: Երեւանում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.5 տոկոսով: Բացի այս, մայիսին, ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.4 տոկոս գնանկում, իսկ դիզելային վառելիքի գինը բարձրացել է 10.8 տոկոսով: Իսկ, ահա, այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բենզինի գինն աճել է 18.4, դիզելային վառելիքինը՝ 48.7 տոկոսով:

 

 

 

ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ

Մինչեւ առքուվաճառքն անկանխիկ եղանակով իրականացնելու մասին օրենքի ընդունումը, ինչն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից, կառավարությունը նախ պետք է մտածեր դրանից բխող բոլոր տեսակի խոչընդոտների վերացման մասին։ Դրանցից մեկը, օրինակ, ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի, այն է, որ խանութներ կարող են լինել, որ նոր տեսակի ՀԴՄ սարքեր կամ գումարն անկանխիկացնող հատուկ տերմինալներ չունենան, որ գնորդը կարողանա ձեռքի կանխիկ գումարը քարտի վրա փոխանցել ու գնում կատարել։ Ըստ կառավարության՝ նման սարքերը վաղուց Հայաստանում պետք է լինեն, բայց մինչ օրս դրանք տեղ չեն հասել, իսկ եթե գումարն անկախիկացնող սարքեր չլինեն, ապա դա խոչընդոտելու ու հավելյալ խնդիրներ է ստեղծելու թե՛ քաղաքացու, թե՛ վաճառողների համար։ Պարսյանի կարծիքով՝ այս օրենքը հավելյալ ծախսեր է ստեղծելու փոքր ու միջին բիզնեսի համար, ինչ-որ առումով գուցե խոչընդոտելու է։ Դրա օրինակներից է դրսից ներկրվող, այնուհետ վաճառվող մեքենաների առքուվաճառքը, որ, փաստորեն, հետայսու դրանից ստացվող գումարը պարտադիր պետք է մուտք արվի բանկային հաշվի վրա, իսկ դա ինքնին հավելյալ խնդիր է։

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԿՆՈՋԸ

Անահիտ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել, որ 2022 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 13:18-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրեն պատկանող ԸվՈՌՑ ԾւՌՑՈՐÿվ կայքէջով անձամբ News.am կայքում տեղադրված ՀՀ ԱԺ-ի պատգամավոր Վահագն Ալեքսանյանի վերաբերյալ տեսանյութի տակ հրապարակային գրել է մեկնաբանություն. «Էս … աղբի խոզին կամ …..ին չեն ասել, որ իրա քոռ աչքնա ամեն ինչ ծուռ տեսնում»; Այդկերպ հրապարակայնորեն ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է Վահագն Ալեքսանյանի արժանապատվությունը եւ Վ. Ալեքսանյանին իր հանրային գործունեությամբ պայմանավորված հասցրել ծանր վիրավորանք: Այսպիսով, Անահիտ Հայկի Մխիթարյանին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:




Լրահոս