Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ս.թ. հունիսի 11-ին՝ ժամը 17:00-21:00-ն տեղի կունենա «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ուտեստների փառատոնը: Այս տարի այն տեղի կունենա «Խաչքարերի պուրակում» (Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգում):
Փառատոնի նպատակն է հանրությանը, այդ թվում՝ Երևան այցելած զբոսաշրջիկներին ներկայացնել հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանին և հայկական տոնացույցի կերակրատեսակները:
Կներկայացվեն Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար և հայկական ավանդական տոները, դրանց խորհուրդը, ծիսական ավանդույթներն ու ուտեստները:
Միջոցառումը կուղեկցվի հայկական ազգային երգով ու պարով:
Փառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի հետ համատեղ։