ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ԴԱՏԱՐԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ իրենց բողոքը բավարարվել է: Մասնավորապես, տեղեկացվել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ «Hetq.am»-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով 2020թ. փետրվարի 12-ին հայտարարատու պաշտոնատար անձի եւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված եւ քննված քրեական գործով նույն հոդվածով մեղադրանքներ էին առաջադրվել ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր Հրանտ Դավթյանին եւ նրա որդուն՝ Արսեն Դավթյանին: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորրվել էր, որ նրանք համապատասխան հայտարարագրերում չեն հիշատակել եւ այդկերպ թաքցրել են սեփականության իրավունքով իրենց պատկանող մի քանի անշարժ, շարժական գույքերի, դրանց շարժի, ֆինանսական պարտավորությունների մասին տվյալները։ Հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործը 2021թ. ապրիլի 28-ին Գլխավոր դատախազությունից ուղարկվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

 

Դատարանը, քննության առնելով պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը, 2021թ. նոյեմբերի 10-ին որոշում էր կայացրել իրադրության փոփոխման հիմքով Արսեն եւ Հրանտ Դավթյանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին: ՀՀ գլխավոր դատախազությունում դատարանի որոշման պատճառաբանական մասին ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այդ հիմքով նման որոշման կայացումն անհիմն է, դեռեւս նախաքննության ավարտական փուլում պաշտպանի կողմից մեղադրյալների նկատմամբ նույն հիմքով եւ հիմանվորումներով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացվել գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին, որոնք համապատասխան հիմնավորումներով մերժվել էին:

Ելնելով դրանից՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վերոնշյալ որոշման դեմ 2021թ. դեկտեմբերին ներկայացվել էր վերաքննիչ բողոք: Բողոքում հիմնավորվել է, որ իրադրության փոփոխություն առկա չէ, Հրանտ Դավթյանը 2021թ. տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում կրկին առաջադրել էր իր թեկնածությունը, ինչպես նաեւ ներկայացրել է 2020-2021թթ. հայտարարագիր: Դրանով արդեն իսկ փաստվում է, որ իրադրության կայուն փոփոխություն տեղի չի ունեցել, վերջինս կամ նրա հետ փոխկապակցված անձը վերջնականապես զրկված չեն եղել հասարակական հարաբերություններին նույնանման վնաս պատճառելու հնարավորությունից:

Ավելին, ըստ դատախազության՝ Առաջին ատյանի դատարանի կողմից նման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու որոշման առանցքում դրած մեկնաբանությունների պայմաններում գրեթե իմաստազրկվում է հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքը: Խնդիրն այն է, որ նման մեկնաբանության պայմաններում հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հանցավոր արարքի կատարման համար հնարավոր է քրեական պատասխանատվության ենթարկել միայն այն անձանց, որոնք քրեական վարույթի ընթացքում են հանդիսացել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող: Քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը եւ, ըստ էության, համաձայնելով դատախազության ներկայացրած դիրքորոշումներին՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է այն, բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ ըստ էության քննելու համար:

 

 

 

ԱՆԱՌԱԿԱԲԱՐՈ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մայիսի 27-ին ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել Բերդ  խոշոր համայնքի սահմանամերձ  Արծվաբերդ  բնակավայրի 37-ամյա բնակչուհու կողմից, որը հայտնել է, որ նույն օրը իր 8-ամյա աղջիկը միայնակ գտնվել է տանը, համագյուղացի Վարդան Քալանթարյանը,  օգտվելով այդ հանգամանքից,  երեխային, առանձնատան բակից համոզելով, տարել է ննջասենյակ, ապա հանել հագուստները, մերկացրել աղջկան, հետո իջեցրել իր անդրավարտիքը եւ  երեխայի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ: Դրանից հետո երեխայի գոռգոռոցի ձայներից օգնության է հասել հարեւանությամբ բնակվող  իր հարեւանուհին:

Ոստիկանության Բերդի բաժնի աշխատակիցները Վարդան Քալանթարյանին   բերման են  ենթարկել ոստիկանության Բերդի բաժին, այնտեղից  նա   ներկայացվել է Բերդի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ  ձերբակալվել է: Երեխային տրվել է դատաբժշկի ուղեգիր:  Արծավաբերդ գյուղի բնակիչները հայտնեցին, որ 59-ամյա Վարդան Քալանթարյանը ամուսնացած չէ, ապրում է իր մոր  հետ, կանոնավոր աշխատանք չունի, ուրիշների համար վարձով  տարբեր գործեր է անում, սեր ունի ալկոհոլի հանդեպ, ունի նաեւ որոշակի մտավոր հետամնացություն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԱՂՋԿԱ ԴԻ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 17-ամյա աղջկա մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունիսի 03-ին՝ ժամը 18։50-ի սահմաններում, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան համայնքի տներից մեկում հայտնաբերվել է 2005 թվականի ծնված աղջկա դի՝ կախված վիճակում։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվել են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

 

 

 

ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է

Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի, Սուրեն Աբովյանի, Արեւհատ Հովհաննիսյանի վերաբերյալ գործը դատարանում է։ Քրեական գործը մակագրվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Արզումանյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մամիկոն Ասլանյանը, 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաեւ համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից եւ կատարել է պաշտոնական կեղծիք:

Սուրեն Աբովյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016 թվականի նոյեմբերի 28-ից մինչեւ 2019 թվականի օգոստոսի 26-ը զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի պաշտոնակատարի, իսկ այնուհետեւ՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի պաշտոնը, օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելուն եւ պաշտոնական կեղծիք կատարելուն: Արեւհատ Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի, 2016 թվականի հոկտեմբերի 28-ից մինչեւ 2019 թվականի հուլիսի 11-ը զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատարի, իսկ այնուհետեւ՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի պաշտոնը, օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելուն, չարաշահելուն եւ պաշտոնական կեղծիք կատարելուն:

Քրեական գործով կալանավորված է միայն Մամիկոն Ասլանյանը, մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։




Լրահոս