«ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՍ ՔԵԶ ՎԱՃԱՌԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է 1990-ականներից հայտնի երգչուհի Արփինե Բեկջանյանը, որը հունիսի 3-ին հեռավոր Լոս Անջելեսում նշել է ծննդյան 46-րդ տարեդարձը: Երգչուհին մեզ հետ զրույցում կիսվել է ծննդյան մասին, եւ թե ինչ գործունեություն է ծավալում Միացյալ Նահանգներում:

 

«Տարեդարձն անցավ նեղ ընտանեկան միջավայրում, որը վաղուց չէր ստացվում։ Նշեցի համեստ եւ հանգիստ, քանի որ եւս մեկ տարի մեծացա, եւ դա հատակից առաստաղ թռչկոտելու առիթ չէ։ Հետաքրքիր անակնկալը իմ տեղը տեղին հիվանդ լինելն է»,-նշեց նա։

Երգչուհու միակ երազանքն է, որ մարդիկ տարիքի հետ անպիտան չդառնան միջավայրի համար, իսկ նպատակը երեխաներին իրենց նպատակներին հասցնելն է։

-Կոմպլեքսավորվում ե՞ք Ձեր տարիքից:

-Եթե գտնեք իմ անցած հարցազրույցներում այդ հարցը, ապա կտեսնեք, որ դեռ շատ երիտասարդ տարիքում ես տվել եմ նույն պատասխանը։ Միակ բանը, ինչից ես վախեցել եմ որպես կին,  ժամանակն է։ Գնալով կորցնում ես ցանկալի եւ գրավիչ լինելու, ուշադրության կենտրոնում լինելու հնարավորությունը, իսկ դա կնոջը գցում է դեպրեսիայի եւ անպիտանելիության կոմպլեքսի մեջ։

-Իսկ ի՞նչ կարեւոր դաս եք քաղել կյանքի տարբեր շրջապտույտները հաղթահարելիս :

-Որ առանց ծնողի, որքան էլ լավն է քո ստեղծած ընտանիքը, դու անտեր ես։ Որ պիտի միշտ հարմար լինես մարդկանց, այլ կերպ դու իրենց պետք չես ու վատն ես։ Որ օտարը շատ դեպքերում քո մոտիկից ու ընկերոջից լավը կարոց է լինել։ Որ պետք է ճկուն ու նպատակային լինես, ուժեղ ու ձգտող, երկերեսանի ու քծնող, որ մարդկանց պետք լինես կամ շրջապատ ունենաս, կամ քեզ նկատեն ու ուշադրություն դարձնեն։ Համեստությունը ոչ մեկին պետք չէ, համեստությունը տապալում է քեզ, դուրս շպրտում միջավայրից։ Պետք է միշտ կոտրած շերեփ լինես, կոպիտ ասած, ու անհամեստ, որ նկատեն, տեղ տան։ Պետք է կարողանաս քեզ վաճառել, այսպես ասեմ, եթե անգամ այդ տեսակը չես։ Հետո պետք է լավություն չանես երբեք. չի գնահատվում։ Պետք է լինել անշահախնդիր, ինչը ֆանտաստիկայի ժանրից է։ Բայց եթե գնահատում էլ են կամ սիրում տեսակդ, ուրեմն դա ձեռք բերված հարստություն է, ու ես ունեմ նման մարդկանց կողքիս ու շնորհակալ եմ, որ կան իմ կյանքում։ Ու գնալով նաեւ համոզվում եմ, որ ես երջանիկ մարդ եմ. ունեմ հրաշք ընտանիք ու ընկերներ։ Դա իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն է»։

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

 

ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՊԱՅՔԱՐՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 7 մեդալով ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում: Հայ ծանրորդները երկամարտում նվաճեցին 2 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: Ոսկե մեդալակիրներ դարձան Ռաֆայել Հարությունյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը: Ռաֆայել Հարությունյանը Եվրոպայի չեմպիոն հռչակվեց երկամարտի 354 կգ արդյունքով: Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցեց 377 կգ արդյունք: Փոխչեմպիոններ դարձան Արա Աղանյանը, Սամվել Գասպարյանը եւ Վարազդատ Լալայանը: Արա Աղանյանի երկամարտի արդյունքը 375 կգ է: Սամվել Գասպարյանը Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ  երկամարտի 390 կգ արդյունքով՝ 2 կգ հետ մնալով չեմպիոնի կոչումը նվաճած բուլղարացի Դավիթ Ֆիշերովից: +109 կգ քաշայինների պայքարում աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 451 կգ  արդյունքով  հռչակվեց փոխչեմպիոն՝ 11 կգ-ով հետ մնալով 7-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած վրացի Լաշա Տալախաձեից: Բրոնզե մեդալակիրներ դարձան Արսեն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը։ 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 365 կգ արդյունքով բավարարվեց 5-րդ տեղով: Հայաստանի հավաքականի անդամը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում: Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս մասնակից Վարդան Մանուկյանը զրո ստացավ հրում վարժությունում եւ լքեց պայքարը: Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականից Հայաստանի երեք ներկայացուցիչներ Հռիփսիմե Խուրշուդյանը, Իզաբելա Յայլյանը եւ Տաթեւ Հակոբյանը մեդալներ չնվաճեցին: Հռիփսիմե Խուրշուդյանը 6 տարվա դադարից հետո 5-րդ տեղը գրավեց Եվրոպայի առաջնությունում: Անվանի ծանրորդուհին երկամարտում գրանցեց 227 կգ արդյունք: Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Իզաբելա Յալյանը երկամարտի 197 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը: Տաթեւ Հակոբյանը երկամարտում ձախողվեց։ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3-րդ տեղը զբաղեցրեց երկամարտի մեդալային պայքարում՝ զիջելով Բուլղարիային եւ Ուկրաինային:

 

 

 

 

ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է

Էստոնիայի թիմի դեմ ընկերական խաղում 5 գոլ խփելու շնորհիվ Արգենտինայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին ազգային թիմում խփած գոլերի քանակը հասցրել է 86-ի եւ գերազանցել Հունգարիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆերենց Պուշկաշի ցուցանիշը՝ 84 գոլ։ Ազգային թիմերի լավագույն ռմբարկուների ցուցակում Մեսին բարձրացել է չորրորդ տեղ։ Երրորդ տեղում Մալայզիայի հավաքականի նախկին հարձակվող Մոհթարի Դահարին է՝ 89 գոլ։ Երկրորդն Իրանի հավաքականի նախկին խաղացող Ալի Դաեին է՝ 109 գոլ։ Ռեկորդակիրը Պորտուգալիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 117 գոլ։

 




Լրահոս