Վարչապետ Նիկոլ Փաշինյան ու իր թիմը հեղափոխության միջոցով իշխանությունը յուրացնելուց հետո էլ չգիտակցեցին, որ պետք է ծառայեն ազգին և ոչ թե իրենց նեղ կուսակցական ու անձնական շահերին։ ArmLur.am-ի հետ զրույցում ասում է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանն ու ավելացնում՝ նախկիններին մեղադրելով՝ այժմ նախկինների սխալներն են կրկնում։
«2018֊-ի հեղափոխության ժամանակ ներկայի իշխանություներին աջակցողներից շատերն այսօր խորապես հիասթափված են քպ֊ականների ապաշնորհ ղեկավարումից և սանձարձակ պահվածքից։ Շատերը, ապատեղեկատության ու սուտ լուրերի ազդեցությամբ հներին մերժելով, այսօր ականատես են դարձել՝ ինչպես են ներկա «դուխովները» «նախկիններից» ավելի վատ երկիրը կառավարում ու շարունակում ադրբեջանաթուրքական շահերը»,- ասում է մեր զրուցակիցը։
Խոսելով անհանդուրժողականությանն ու ատելության մթնոլորտի մասին՝ հոգևորականն ասում է, որ այն հասել է գագաթնակետին, ինչը հստակ երևում էր նաև խաղաղ ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ ոստիկանների ու պարեկների կողմից կիրառված անհամաչափ ուժից։
«Եկեղեցին բազմիցս հորդորել է իշխանություներին և ընդիմությանը երկխոսության գնալ և համատեղ ուժերով լուծել ազգի առջև ծառացած խնդիրները, սակայն իշանության ներկայացուցիչներից շատերը ի վիճակի չեն ընկալել եկեղեցու սիրո և համերաշխության հորդորը։ ՔՊ-ական ղեկավարությունն իրեն սադրիչի նման է պահում, որ ոստիկանությանն ու ընդդիմության մասնակցին բախման է տանում, իսկ ինքը փախչում ու թաքնվում է։ Սեր ու միաբանություն եմ մաղթում ազգիս հայոց։ Հորդորում եմ ոստիկաններին և ցուցարարներին, որ չտրվեն որոշ նախկն և ներկա իշխանավորների սադրանքներին և հասարակությանը բախման չտանեն»,- հորդորում է տեր Վրթանեսը։
Սևակ Վարդումյան