11 ԱՆՁԻ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի հսոկղության եւ դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ իտալական 3 ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչը, 2005թ. սկսած, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով ՀՀ քաղաքացի հանդիսացող, առանց ծնողական խնամքի մնացած եւ ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երեխաների վաճառքն իրականացնելու համար ստեղծել եւ ղեկավարել է կազմակերպված խումբ:

 

Վերջինիս կազմում ընդգրկվել են ՀՀ ծննդօգնության բնագավառում գործունեություն իրականացնող հիմնարկի աշխատակիցներ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետը, նույն գործակալության ապոստիլի եւ միջազգային պայմանագրերի բաժնի պետը, ինչպես նաեւ հիշյալ ընկերությունների ներկայացուցչի մտերիմ, թարգմանչական ծառայություններ մատուցող անձը: Կազմակերպված խմբի նպատակին հասնելու համար նրանք օգտվել են ինչպես իրենց, այնպես էլ ՀՀ պետական մարմինների իրավասու պաշտոնատար աշխատակիցների ընձեռած հնարավորություններից: Կազմակերպված խմբի ղեկավարումը ստանձնել է օտարերկրյա որդեգրումների բնագավառում ՀՀ-ում գործունեություն ծավալող, Իտալիայի Հանրապետությունում հավատարմագրված վերոնշյալ 3 կազմակերպությունների ներկայացուցիչը, որը մշակել է կազմակերպված խմբի գործունեության ծրագիրը, անդամների միջեւ կատարել դերաբաշխում, իրականացրել ֆինանսական հոսքերի նկատմամբ հսկողության գործառույթ: Բացի այդ, վերջինս առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներն օրինականացնելու, դրա հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով որպես փոխառություն է հանձնել իր հետ փոխկապակցված ՍՊ ընկերություններին, իսկ գումարի մի մասի հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով այն ձեւակերպել է որպես համապատասխան ՍՊ ընկերությանը որդեգրումների գործընթացի բնագավառում գործունեություն ծավալող, իր մտերիմներից մեկի կողմից տրամադրված փոխառություն: Քրեական գործով նախաքննության ընթացքում հիշյալ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին, փոխտնօրենին, նույն ընկերության ցերեկային ստացիոնարի վարիչին, Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախկին պետին, ինչպես նաեւ կազմակերպությունների ներկայացուցչի մտերիմներից մեկին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Բացի այդ, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետին, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պայմանագրերի եւ ապոստիլի բաժնի պետին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նույն նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, եւ 2022թ. հունիսի 6-ին 11 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

 

 

 

ԿՎԵՐԱՆԱՅՎԻ ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունն ավելի բարձրացնելու նպատակով Լոռու մարզի դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակում 2021թ. դեկտեմբերին ուսումնասիրվել էին «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի համապատասխան ստորաբաժանումների աշխատողների տվյալները:

 

Պարզվել էր, որ զանազան անտառխախտումների եւ իրենց ծառայողական պարտականություններն անբարեխիղճ կատարելու, դրանով պետությանը վնասներ պատճառելու համար նախկինում դատապարտված կամ նույնպիսի արարքների համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց կողմից պաշտոնավարման պրակտիկան «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում շարունակվում է, ընդ որում՝ այդպիսի անձինք զբաղեցնում են նաեւ անտառտնտեսության բարձր պաշտոններ:

Ակնհայտ է, որ այս իրավիճակի պահպանման պայմաններում շարունակում է բարձր մնալ այդպիսի անձանց կողմից պաշտոնեական նոր հանցագործություններ կատարելու, կոռուպցիոն հարաբերությունների մեջ մտնելու, դրանով իսկ նաեւ ապօրինի անտառահատումների դեմ պետության կողմից որդեգրված կոշտ քաղաքականության արդյունավետությունը նվազեցնելու ողջամիտ ռիսկը: Վերջինս կարող է հասարակության մոտ անվստահություն հարուցել պետության ստանձնած ապօրինի ծառահատումների դեմ պայքարի հանձնառության լրջության հանդեպ:

Ելնելով դրանից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը 2021թ. դեկտեմբերի վերջին միջնորդագրով դիմել էր «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին՝ ձեռնարկելու միջոցառումներ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի տարածքային մասնաճյուղերում քրեական նման հետագիծ ունեցող անձանց պաշտոնավարման դեպքերը բացառելու ուղղությամբ:

Մարզի դատախազի միջնորդագիրը քննարկվել է: Միջնորդագրի կապակցությամբ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից ստացված պատասխան գրությամբ հայտնվել է, որ միջնորդագրով բարձրացված խնդիրները մանրամասն ուսումնասիրվել են: Հաշվի են առնվել ինչպես բացթողումների վերաբերյալ մարզի դատախազության դիրքորոշումները, այնպես էլ նախկինում հանդիպած նմանատիպ խնդիրները: Կազմակերպության համապատասխան աշխատակիցներին հանձնարարվել է հետայսու հետեւողականություն ցուցաբերել կադրային քաղաքականության հարցում:

 

 

ԳՈՂԸ ՓԱԽԵԼ Է

Մայիսի 31-ի լուսադեմին բնակարանագողը հրելով բացել էր Գյումրու Ղորղանյան փողոցի տներից մեկի պատուհանը, մտել տուն, գողացել էր զարդատուփ, արծաթյա կախազարդ, դրամապանակ, կենցաղային իրեր: Թոշակառու տանտիրուհին ձայնից արթնացել էր, բղավել, բայց գողին տեսնել կամ գողությունը կանխել չէր կարողացել. բնակարան մտած անձը փախել էր: Դեպքից րոպեներ անց ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում ստացվեց: Օպերատիվ-քննչական խմբերը մեկնեցին Ղորղանյան փողոց, ուսումնասիրեցին դեպքի վայրը: Փաստի առթիվ տարածքային քննչական մարմնում հարուցվեց քրեական գործ: Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Կումայրիի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի 34-ամյա մի բնակիչ:

Կումայրիի բաժնի ոստիկաններն ու Շիրակի մարզի պարեկները համատեղ ձեռնարկած միջոցառումներով կասկածվողին հայտնաբերեցին Ջիվանու փողոցում, բերման ենթարկեցին ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից նա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Պարզվել է, որ ձերբակալվածը բնակարանային գողություն էր արել նաեւ մայիսի 11-ից 27-ն ընկած ժամանակահատվածում. Ղորղանյան փողոցի մի տնից գողացել էր նոթբուք եւ Wi-Fi սարք։ Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն:

 

 

ՊՆ-Ի ՄԵՔԵՆԱ Է ՇՐՋՎԵԼ

Երեկ՝ ժամը 10։40-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված, ՊՆ համարանիշներով «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դեռեւս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։ Ավտովթարի հետեւանքով 11 (1 սպա, 10 ժամկետային) զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից  մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը բավարար է, հիմնականում քերծվածքներ են ստացել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՎ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` կրակոցներ եւ դանակահարություն է եղել Ստեփանավան քաղաքում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ գիշերը հրազենային վիրավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել Սմբատ Դավոյանը, իսկ ավելի ուշ դանակի կտրած-ծակած վերքով մեկ այլ քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց: Ըստ բնակիչների՝ գիշերը Սմբատ Դավոյանը վիճել է Բորիս Վանյանի հետ, վեճը այնքան է թեժացել, որ Բորիս Վանոյանը իր ձեռքի ատրճանակից 3 անգամ կրակել է Դավոյանի ողղությամբ, ինչի ժամանակ Դավոյանը դանակով հարվածել է Բորիս Վանյանին:

 




Լրահոս