ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Երեւան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի  նախարար Սերգեյ Լավրովը: Հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կկայանա Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը: Նրանք նաեւ հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

 

Այցի շրջանակներում նախատեսված են նաեւ հանդիպումներ ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի հետ: Հիշեցնենք, որ մինչ այդ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Սերգեյ Լավրովը Հայաստան է ժամանելու՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստին»,- ասել է Զախարովան։

Նա նշել էր, թե միջոցառման ընթացքում նախատեսվում է մտքերի խորացված փոխանակում միջազգային, տարածաշրջանային իրավիճակի եւ կազմակերպության անդամ երկրների վրա դրա ազդեցության վերաբերյալ։ Բացի այդ, կողմերը կքննարկեն ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմի կատարելագործման հարցը։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը երեկ աշխատանքային այցով մեկնել է Անկարա, որտեղ այսօր կբանակցի թուրք պաշտոնակից Մեւլյութ Չավուշօղլուի հետ:

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ երկու նախարարները քննարկել են ուկրաինական ճգնաժամը ռւ ռուս-ուկրաինական բանակցությունները վերսկսելու հեռանկարը:

«Ռուսական կողմը թուրք գործընկերներին տեղեկություններ կփոխանցի Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիայի ընթացքի եւ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելուն ուղղված քայլերի մասին», – հայտնել են Սմոլենսկայա հրապարակից՝ Ռուսաստանից ԱԳՆ-ից:

Նախարարության աղբյուրը նշել է, որ Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում եւ Սեւծովյան տարածաշրջանում:

Հատուկ անդրադարձ է եղել Սիրիայի հարցով Նուր-Սուլթանում առաջիկայում կայանալիք միջազգային խորհրդաժողովին եւ մայիսի 28-ից հունիսի 4-ը Ժնեւում կայացած Միջսիրիական սահմանադրական կոմիտեի 8-րդ նիստի արդյունքներին:

Թուրքական կողմը ոչ միայն փորձում է միջնորդել ռուս-ուկրաինական բանակցային գործընթացում, այլեւ նպաստել Ուկրաինայի նավահանգիստներում ամբարված հացահատիկի հսկակայան պաշարները դուրս հանելու եւ համապատասխան երկրներ հասցնելու դժվար խնդրի լուծմանը:

Ըստ Անկարայի՝ Սեւ ծովով «հացահատիկային միջանցքի» ապահովումը 80-90 տոկոսով համաձայնեցվել է: Այդ մասին ասել է Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին:

Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այս շաբաթվա ընթացքում Ստամբուլում են քննարկելու այդ հնարավորությունը: Կողմերը սպասում են ռուսների պաշտոնական արձագանքին, ինչից հետո կորոշվի եւ կհրապարակվի քառակողմ հանդիպման օրը:

«Հացահատիկային միջանցքի» թեման էլ կլինի Լավրովի եւ Չավուշօղլուի բանակցությունների օրակարգում:

Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով ցորենի փոխադրումը միջազգային շուկաներ էապես խափանվել է, քանի որ եւ՛ Ուկրաինան, եւ՛ Ռուսաստանն այդ գյուղատնտեսական արտադրանքի համաշխարհային մատակարարներ են: Վտանգվել է նաեւ Ուկրաինայից բուսական յուղի արտահանումը:

ՄԱԿ-ի մասնագետների փոխանցմամբ՝ այս պատերազմը կարող է սով առաջացնել աշխարհի մի շարք շրջաններում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրուրդը մայիսի 21-ին հայտնել է, որ աշխարհում ցորենի պաշարը բավական է ընդամենը 10 շաբաթվա համար:

Ռուսաստանը պնդում է, որ պարենի ճգնաժամը սկսվել է Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայից» առաջ, եւ դրա պատճառներն են կորոնավիրուսի համավարակը, արեւմտյան երկրների սխալ հաշվարկները եւ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 8-ին որոշում է ստորագրել, որի համաձայն՝  Շուշանիկ Ներսիսյանն ազատվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել էր Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ։

 

 

ԵԽ-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ

Եվրոպական խորհրդարանը Թուրքիայի վերաբերյալ զեկույց է ընդունել, որում հորդորել է այդ երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հարգել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր հանձնառությունը: Զեկույցում, որն ընդունվել է 448 կողմ, 67 դեմ եւ 107 ձեռնպահ ձայներով, անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին ջանքերին: Մասնավորապես, նշվել է, որ ԵԽ-ն «ողջունում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ  վերջին մերձեցման գործընթացը՝ կապված երկկողմ շփումներ սկսելու որոշման, հատուկ ներկայացուցիչներ նշանակելու, երկու երկրների միջեւ թռիչքները վերսկսելու հետ: «ԵԽ-ն այս փորձը համարում է խիստ դրական զարգացում, որը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բարեկեցության ու անվտանգության վրա, ԵԽ-ն հորդորում է կողմերին առաջ տանել այս ջանքերը՝ հանուն իրենց հարաբերությունների լիակատար կարգավորման, ու կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն աջակցել այս գործընթացին»,- ասվում է զեկույցում: Եվրապատգամավորները հորդորել են Թուրքիային «ճանապարհ հարթել թուրք եւ հայ ժողովուրդների միջեւ իրական հաշտեցման համար՝ ներառյալ Հայոց ցեղասպանության հարցի կարգավորումը, եւ լիարժեքորեն հարգել հայկական եւ այլ մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները»:

 

 

 

«ՕԳՏԱԿԱՐ» ՀԱՆԴԻՊՈՒՄ

Անկարայում ավարտվել է Թուրքիայի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մեւլութ Չավուշօղլուի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը: Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Լավրովն ասել է, որ Չավուշօղլուի հետ քննարկել է Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի միջեւ ամենաբարձր մակարդակով հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Լավրովն օգտակար է համարել Անկարայում Չավուշօղլուի հետ հանդիպումը։

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է

Հունիսի 8-9-ը Հայաստանում կլինի Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը, որը հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց եւ ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հետ։ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ, որի հիմքում մեր ընդհանուր արժեքներն են, այդ թվում՝ հարգանքը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ։

 

 

 

ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ

Հայաստանյան պարենի շուկայում ռեկորդային թանկացումներն են։ Իմ ամբողջ գիտակից կյանքի մեջ չեմ հիշում նման դեպք, երբ ամենաէժան, փտած, կիսանեխած հին կարտոֆիլի արժեքը 550, նորինը՝ նվազագույնը 700 դրամ լինի։ Տարվա այս սեզոնին, երբ բանջարեղենը էժանանում է, երեւանյան խանութներում կանաչեղենի կապը 200-250 դրամից համառորեն չի իջնում, պոմիդորի նվազագույն գինը 700 դրամ է եւ այլն, եւ այլն։ Քաղաքական իշխանության ներկայացուցիչները՝ կառավարական կաբինետի անդամներն ու պատգամավորները, դարակազմիկ այս թանկացումների համար կգտնեն ու կներկայացնեն թեկուզ ամենաանտրամաբանական արդարացումը, միայն թե խուսափեն իրերին իրական անուն տալ։ Դե իսկ ելքեր փնտրելու ու գնային քաղաքականությունը ռելսերի վրա գցելու մասին ավելորդ է խոսել? դրանով զբաղվելու կա՛մ հավես, կա՛մ բավարար կամք, կա՛մ, որ ամենասարսափելին է, գիտելիք ու հմտություններ չունեն։ Հետաքրքիր է՝ Ազգային ժողովի ամբիոնից ինչպե՞ս կարտահայտվեր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, եթե մեր օրերում 750 դրամ կարտոֆիլ գներ։ Նա, հիշեցնենք, հեգնելով ՀՀԿ-ի իշխանությանը, թե գնաբարձրացման համար բավարար ջանքեր չեն ներդնում, հեգնում էր «նախկիններին ու ասում. «Ի՞նչ է եղել, ժողովո՛ւրդ ջան, միսը թանկացել է, խառը կանաչի կերե՛ք»։ Հիմա, փաստորեն, ՀՀ «հպարտ» քաղաքացիներն անգամ խառը կանաչի գնելիս են դժվարանում ու չգիտեն, թե ինչպես լուծեն օրվա հացի խնդիրը:

 

 

 

ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ՊԱՏՃԱՌ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արտյոմ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նորք-Մարաշ, Նորքի 1-ին նրբանցքի 2-րդ տուն հասցեի հարակից տարածք հանդիսացող Նորքի 1-ին նրբանցքում, Նարեկ Արայիկի Ադիյանի եւ Զավեն Ռաֆիկի Գեւորգյանի կողմից վարվող մեքենաներով, փողոցով միմյանց կողքով անցնելիս Զավեն Գեւորգյանի կողմից Նարեկ Ադիյանի կողմից վարվող մեքենայի վարորդի հասցեին «Արմանչիկ էլի ճարպկություն ես անում» արտահայտությունը հնչեցնելու չնչին առիթով պայմանավորված եւ այդ արտահայտության շուրջ ծավալված վիճաբանության ընթացքում, Նարեկ Արայիկի Ադիյանի, Արթուր Հրանտի Ազարյանի հետ միասին խմբի կազմում դիտավորությամբ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել Զավեն Ռաֆիկի Գեւորգյանի մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում Զավեն Գեւորգյանի առողջությանը պատճառվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներ, որոնք առաջացրել են առողջության տեւական քայքայում:

 




Լրահոս