ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 26

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես կարծում եմ, որ, այո, չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, եւ, ընդհակառակը, այլ պետական ինստիտուտներից ամոթի աստիճան վերցված են լիազորություններ»: Այս հայտարարությունը 2018 թվականի մայիսի 1-ին արել է Նիկոլ Փաշինյանը, երբ առաջադրվել էր որպես վարչապետի թեկնածու, եւ տեղի էր ունենում ընտրության առաջին օրը: Չորս տարի անց ունենք մի իրավիճակ, երբ վարչապետի լիազորությունները չեն կրճատվել եւ չեն փոխանցվել այլ գերատեսչությունների, ավելին՝ նա նոր լիազորություններ է ցանկանում ձեռք բերել: Այս օրերին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառվում է մի նախագիծ, որով առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայությունից եւ ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում։ Ծառայությունը, որն ապահովում է պետական պաշտպանության ենթակա անձանց, շենք-շինությունների անվտանգությունը, ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն, ունի Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ: Այսպիսով, ստացվում է՝ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին եւ իր անվտանգությունն ապահովող կառույցը ցանկանում է ենթարկեցնել հենց իրեն:

 

 

 

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պաշտոնավարման 100-րդ օրվա առնչությամբ այսօր մամուլի ասուլիսով հանդես կգա: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ նորանշանակ մարզպետին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում այդքան էլ չեն ընդունում: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները հայտնում են, որ կուսակցության սյունիքյան թեւը որեւէ կերպ չի հասկանում՝ ինչպես կարող էին Ճամբարակի Կալավանից ղեկավար բերել այդ կարեւոր մարզի համար: «Ամբողջ մարզպետարանն իր սիրելի մարդկանցով է լցրել: Անհասկանալի, անընդունելի էր, երբ իրեն տեղակալ նշանակեց լրագրող Նարե Ղազարյանին, որ Փաշինյանի ակտիվ քննադատներից էր ու մասնակցում էր ընդդիմադիրների բոլոր երթերին, ակցիաներին»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մարզպետին թեեւ հաջողվել է Փաշինյանին համոզել ու Ղազարյանին փոխմարզպետի պաշտոնում նշանակել, այնուամենայնիվ, ՔՊ-ի՝ Սյունիքի ակտիվն այդ նշանակման հետ որեւէ կերպ չի հարմարվում: Ըստ մեր լուրերի՝ ՔՊ-ականները պատրաստվում են ներկուսակցական ստորագրահավաք սկսել՝ ոչ միայն ընդդեմ Ղազարյանի, այլեւ ընդդեմ մարզպետ Ղուկասյանի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, անդրադառնալով Ղազարյանի նշանակմանը եւ այդ առնչությամբ ՔՊ-ականների անհանգստությանը, նշեց. «Այդպիսի բան չկա, նեղ շրջանակներ են այդպես քննարկում, բայց իրականում այդպիսի բան չկա: Ինչ վերաբերում է մարզպետարանի աշխատանքներին, ապա մեծ աշխատակազմ ունենք, կարող ենք հարցնել յուրաքանչյուրին, ու կասեն՝ մարզպետարանն այսքան ներդաշնակ երբեք չի եղել»: Մեր զրուցակիցը, սակայն, փոխանցում է, որ ՔՊ-ականները որպես Սյունիքի մարզպետ դիտարկում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի թեկնածությունը, որը մտերմիկ հարաբերություններ ունի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ: Նա, սակայն, պարտված թեկնածու է. Կապանում խայտառակ պարտություն կրեց ներկայիս համայնքի ղեկավարի հետ մրցակցությունում:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ներկայիս նախագահ Տիգրան Սահակյանի տարիքը մոտ է թոշակային շեմին, եւ արդեն անհրաժեշտություն է առաջացել նոր թեկնածու առաջադրելու: Ավելին՝ արդեն անգամ թեկնածուի անուն է առաջ քաշվել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս Վերաքննիչ քրեական դատարան է գնացել ԲԴԽ նապագահ Գագիկ Ջհանգիրյանը եւ ասել, որ Տիգրան Սահակյանից հետո Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է դառնալու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Սեւակ Համբարձումյանից պարզել, թե արդյոք նրան առաջարկ արվել է, թե ոչ: Ի պատասխան՝ Սեւակ Համբարձումյանը նշեց. «Ոնց կորոշեն, տենց կլինի: Եթե  առաջարկություն կանեն, կտեսնեմ: Դժվար է ասել, հիմա՝ այս պահին, դեռ ես պատրաստ չեմ, տեսնենք»: Մենք կհետեւենք զարգացումներին:

 

 

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա չորս ամիսներին Հայաստանում ուղեւորափոխադրումներն աճել են 41.1 տոկոսով: Նշված ժամանակահատվածում ավելացել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները 45 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղեւորափոխադրումների ծավալները, 2021-ի հունվար-ապրիլ ամիսների համեմատ, նվազել են 20.2 տոկոսով: Այսինքն` այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին տաքսիներից օգտվել է 517 հազար 700 մարդ, փոխարենը 92.6 տոկոսով ավելացել են ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալները, հիմնականում՝ զբոսաշրջիկների, նաեւ Հայաստանից արտագաղթածների հաշվին: «Ժողովուրդ»  օրաթերթը պարզեց, որ աճել են էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալները 23.5 տոկոսով. խոսքը Երեւանի մետրոյի մասին է: Մետրոյով ուղեւորափոխադրումների ծավալների աճն էլ, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ մայրաքաղաքում խցանումներ են, իսկ մետրոյի դեպքում չկա նման խնդիր:

 

 




Լրահոս