ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ ավտովթար է տեղի ունեցել ժամը 14։10-ի սահմաններում: Մամիկոնյանց 35 շենքի դիմաց բախվել են BMW 535 եւ Jinbei մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 8 հիվանդանոց։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում  էին, որ հիվանդանոց են տեղափոխվել շտապնօգության բժիշկն ու բուժքույրը, ովքեր կանչով  մեկնելիս են եղել։

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ովքե՞ր ունեն մասնակի կենսաթոշակի իրավունք:

Կարինե Միքայելյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ.  Քաղաքացու հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ մասնակի կենսաթոշակ նշանակվում է`

1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է.

2) թատերական եւ թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին, եթե լրացել է նրանց 50 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է.

3) 1-ին եւ 2-րդ կետերում նշված այն անձանց, ովքեր մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, օրենսդրությամբ սահմանված կարգով, հաշվառվել են մասնակի կենսաթոշակ նշանակելու համար (ունեցել են առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ), եւ լրացել է նրանց` սույն հոդվածով սահմանված մասնակի կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնակի կենսաթոշակ նշանակելու համար անձը կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ, մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Սովորողը քննություններին չներկայանալու դեպքում ինչպե՞ս կարող է հետագայում այն վերահանձնել։

Ալիս Դալաքյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ 4-րդ դասարանի` տարեկան 1-3 կամ գիտելիքների ստուգումից 1-3 միավոր գնահատված լինելու կամ գիտելիքների ստուգմանը չներկայանալու դեպքերում, եթե դրանց առավելագույն թիվը երեքն է, սովորողը հանձնում է վերաքննություն` հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում` հաստատության մեթոդմիավորումների կազմած առաջադրանքների հիման վրա:

9-րդ դասարանի սովորողը տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) կամ ավարտական քննություններից 1-3 (բանավորի դեպքում) կամ 1-7 (գրավորի դեպքում) միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում, եթե դրանց առավելագույն թիվը չորսն է, վերաքննություն է հանձնում իր ուսհաստատությունում (բացառությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի՝ 3 մայիսի 2012թ. N 388-Ն հրամանով հաստատված «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման եւ ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգի» 20-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերով սահմանված քննական առարկաների) հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում: Առաջադրանքները կազմվում են նշված կարգի 22-24-րդ եւ 33-րդ կետերի պահանջներին համապատասխան։

12-րդ դասարանի սովորողը տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) կամ պետական ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատված լինելու կամ հունիս ամսին նախատեսված քննության օրը չներկայանալու դեպքում, եթե դրանց առավելագույն թիվը երեքն է, վերաքննություն է հանձնում իր ուսհաստատությունում` հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առաջադրանքները կազմվում են նշված կարգի 32-35-րդ կետերի պահանջներին համապատասխան։

 




Լրահոս