ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում վարորդին տրանսպորտային միջոցի շահագործումն արգելելու դեպքում ժամանակավոր հաշվառման փաստաթուղթը կտրամադրի պարեկային ծառայողը: Բանն այն է, որ կառավարության որոշմամբ հաստատված փաստաթղթի ձևի մեջ, որպես այդ փաստաթուղթը տրամադրող մարմին է նշված միայն ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը:
Իսկ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե այն օրենքով սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն, կամ սահմանված կարգով փակցված չէ տվյալ տարվա տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը: Ավելին, տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե այն անօրինական վերասարքավորված է:
Նշենք, որ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով ժամանակավոր փաստաթուղթ` տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնը փակցնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումն օրինականացնելու համար: Իսկ տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթղթի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ս.Հ.