«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 27-ին մենք հրապարակել էինք ՊԵԿ մաքսային ոլորտի ավելի քան հինգ տասնյակ աշխատակիցների նամակը, որով նրանք պարզաբանում էին պահանջում` հերքում եւ ներողություն ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից՝ համարելով, որ վերջինս իրենց զրպարտել է «Հրապարակին» տված մի հարցազրույցում հնչեցրած որոշ մտքերով։ Իսկ հարցազրույցում Բադասյանն ասել էր, որ մաքսային տերմինալներում դեռեւս կոռուպցիոն երեւույթներ կան մնացած՝ 5-10 հազար դրամի չափով «շնորհակալություն» հայտնելու տեսքով։
Նամակը ստանալուց հետո ՊԵԿից մեզ ասել էին, որ Ռուստամ Բադասյանն արձակուրդում է, երբ վերադառնա ու անհրաժեշտ համարի, կարձագանքի նամակին։ Բայց այդպես էլ նրա կողմից արձագանք չեղավ։ Փոխարենը եղավ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ազատումը, որը վաղուցվանից կոնֆլիկտ ուներ Ռուստամ Բադասյանի հետ: Ապա պարզեցինք նաեւ, որ Ներսիսյանի ազատվելուց մի քանի օր առաջ էլ պաշտոնից ազատվել էին նամակը ստորագրած մոտ տասը աշխատակիցներ։
Մենք գրավոր հարցում էինք ուղարկել ՊԵԿ լրատվական ծառայություն՝ հետաքրքրվելով, թե ՊԵԿ նախագահը տեղյա՞կ է այդ նամակից, արձագանքե՞լ է դրան, ի՞ նչ մեկնաբանություն ունի դրա վերաբերյալ կամ ե՞րբ եւ ինչպե՞ս է պատրաստվում արձագանքել։ ՊԵԿ-ից երեկ պատասխան ենք ստացել, որ դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն, բոլոր հանգամանքների համակողմանի ուսումնասիրությունից հետո գնահատական կտրվի «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի եւ այլ իրավական ակտերի առերեւույթ խախտումներին։
Այսինքն՝ հասկացնում են, որ նամակ գրող մաքսայինի ծառայողները դեռ պատասխան պետք է տան իրենց նամակի համար, այլ ոչ թե ՊԵԿ նախագահը պետք է պատասխան տա իր ասածների համար։ Հետաքրքրվել էինք նաեւ, թե այդ նամակի հրապարակումից ի վեր, նաեւ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի՝ պաշտոնից ազատումից հետո Պետեկամուտների կոմիտեի՝ հատկապես մաքսային ոլորտի քանի աշխատակից է ազատվել պաշտոնից եւ ինչ հիմքով։ Նրանց տեղը նոր նշանակումներ եղե՞լ են արդեն։
ՊԵԿ-ից հայտնել են, որ Շուշանիկ Ներսիսյանի՝ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո, այսինքն՝ հունիսի 8-ից մինչ օրս, ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության մասով ազատվել է մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող 5, հայեցողական պաշտոն զբաղեցնող 1 եւ սպասարկում իրականացնող 1 աշխատակից՝ անձնական դիմումների հիման վրա։
Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե երբ է լինելու Շուշանիկ Ներսիսյանի ազատումից հետո թափուր մնացած ՊԵԿ նախագահի տեղակալի հաստիքի համալրումը, կա՞ն արդեն հավանական թեկնածուներ՝ այս պաշտոնում նշանակվելու համար, ՊԵԿ-ից տվել են անհասկանալի պատասխան․ «ՀՀ ՊԵԿ կառավարումն իրականացվում է՝ ելնելով ՊԵԿ ռազմավարությամբ մարմնի առջեւ դրված նպատակների եւ խնդիրների լուծումից, հետեւաբար՝ կառավարման մոդելի ընտրությունը պետք է բխի հենց ռազմավարությունից եւ բարեփոխումների ծրագրից։ Այս մասով որեւէ գործընթաց նախաձեռնելիս, բնականաբար, հանրությունը կտեղեկացվի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում