ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավորներ՝ Վահագն Հովակիմյանը, Արփի Դավոյանը, Հակոբ Ասլանյանն ու Արմեն Խաչատրյանը, ներկայացրել են Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ: Այն արդեն ներկայացվել է խորհրդարանին, ընդգրկվել է նախագծերի թվում եւ ավելին, վաղն էլ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ հենց այդ նախագծի թեմայով:
Նկատենք, որ փոփոխությունների փաթեթում ներառված է նաեւ մեկ այլ նախագիծ՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Հետաքրքիր է, որ այս փոփոխություններով ավագանուն օրենքով ինքնալուծարվելու հնարավորություն են տալիս:
Նշենք, որ սա եւս մեկ հնարավորություն է՝ ավագանին ժամկետից շուտ լուծարելու համար: Ինչպես հայտնի է, Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետ է ընտրվել ավագանու նախորդ տարվա դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում՝ ձայների մեծամասնությամբ, երբ անվստահություն էր հայտնվել նախորդ քաղաքապետ Հայկ Մարությանին:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, օրենսդրական այս փոփոխություններով իշխանությունն ուզում է անցկացնել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ: Թեկնածուն էլ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, ում էլ իշխանությունները ցանկանում են քաղաքապետ դարձնել:
Մանրամասները՝ տեսանյութում: