Ապարանի կրակոցների գործը տեղափոխվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչություն. Արգիշտի Քարամյանի ուշագրավ որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն որոշել է Ապարանի կրակոցների գործը Արագածոտնի մարզի քննչական բաժնից տեղափոխել Երևան: Ասել է, թե նախաքննական մարմինը անհանգստություն կամ մտավախություն ունի աղմկահարույց գործի քննությունը մարզում շարունակելու համար:  Ավելին, մեր աղբյուրները պնդում են, որ մեկ անձ չի կրակել, այլ կրակել են այլ անձինք ևս ու կիրառվել է մի քանի զենք: Ըստ լուրերի՝ կրակողներից մեկը ՔՊ ակտիվիստ է, որին նախաքննական մարմինը ամեն ինչ անում է «ջրից չոր դուրս բերելու» համար:

ArmLur.am-ը դիմեց Քննչական կոմիտե՝ պարզելու համար, թե որքանո՞վ է տեղեկությունը ճիշտ և ինչու՞ է գործը տեղափոխվել Երևան.

«Նախ ցանկալի կլիներ, որ այս հարցադրումներն ու Քննչական կոմիտեի պատասխանները ներառված լինեին համապատասխան թեմայի վերաբերյալ Ձեր լրատվամիջոցի կողմից այսօր տարածված տեղեկատվության բովանդակություն ու տրամաբանության տիրույթում, քանզի այդ հրապարակման մեջ կային ճշտումների ու պարզաբանումների ենթակա մի շարք դրվագներ, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին վերագրվող որոշակի տեղեկություններ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն:

Ավելին, առանց որևէ անհանգստության կամ մտավախության, այլ պարզապես հաշվի առնելով Ապարան քաղաքում տեղի ունեցած միջադեպի հնչեղությունն ու համապատասխան քրեական գործը քննչական մասնագիտացված խմբի կողմից քննելու կարևորությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հանձնարարությամբ գործը տեղափոխվել է Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն, ձևավորվել համապատասխան քննչական խումբ, որի կազմում ներգրավված են ինչպես հիշյալ գլխավոր վարչության, այնպես էլ Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչներ:
Վստահությամբ պետք է փաստենք, որ Կոմիտեի նախագահի անմիջական հսկողությամբ տարվելու է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, իսկ նախաքննության ներկա փուլում այլ մանրամասներ չենք հայտնելու և հորդորում ենք նաև տարաբնույթ մեկնաբանություններ ենթադրող հրապարակումներով չխոչընդոտել իրականացվող աշխատանքներին:
Քննչական կոմիտեն, ինչպես դուք նշեցիք, որևէ մեկի «ջրից չոր դուրս բերելու» գործառույթներով չի զբաղվում: Եվ առաջարկում ենք զերծ մնալ գործի օբյեկտիվ քննությանը խոչընդոտող ու նախատրամադրող ձևակերպումներից: Այս պահին նշանակված են անհրաժեշտ բոլոր փորձաքննությունները, որոնց արդյունքներով կտրվեն ինչպես կրակող անձի կամ անձանց, այնպես էլ բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ համակողմանի պատասխաններ»,- պաշտոնապես ArmLur.am-ին ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից:

Քնար Մանուկյան




Լրահոս