Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրենով անել նաեւ Հայաստանի համայնքների միությունը։ Այս մասին վերջերս «Ժողովուրդ» օրաթերթն էր գրել: Բանն այն է, որ միության ղեկավարի՝ Էմին Երիցյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է, ու իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ձեռքը նաեւ այս կառույցի վրա է ցանկանում դնել։ Միության ընդհանուր, վերջերս տեղի ունեցած ժողովի ժամանակ ՔՊ-ական համայնքապետերը, ըստ մեր տեղեկությունների, որպես միության նախագահ ցանկացել են իրենց թեկնածուին ընտրել, բայց քանի որ, ըստ միության գործող կանոնադրության, ՔՊ-ական որեւէ թեկնածու չի համապատասխանել կառույցի նախագահի համար առաջադրված չափանիշներին, օրվա քաղաքական իշխանությանը նախապես մտածված պլանը կյանքի գործել չի հաջողվել: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ համայնքների միության ղեկավարումը ցանկանում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ստանձնել: Համայնքների միության շուրջ ստեղծված իրավիճակի մասին ArmLur.am-ը զրուցել է միության նախագահ Էմին Երիցյանի հետ:
-Պարո՛ն Երիցյան, վերջես պարզ դարձավ, որ ՔՊ-ն շահագրգռված է, որ միությունում ունենա սեփական թեկնածուին, անգամ անուն էր շրջանառվում: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Միության մեջ չկան նման բաներ, չկան կուսակցականներ, բոլորը համայնք ներկայացնող են:
-Այո, կարող են չլինել, բայց ՔՊ-ն կարող է ցանկանալ ներսում իր մարդն ունենալ:
-Չկա, էլ նման կուսակցական միտումներով խմբավորումներ գոյություն չունեն:
-Ժամկետը լրանում է, չէ՞, նախագահի: Ի՞նչ է սպասվում:
-Մեզ մոտ մի քանի հիմնական հարց. մեկը՝ որ հնգամյա ժամկետը բոլոր մարմինների համար է, մեզ մոտ կոլեգիալ մարմին է, իսկ վարչատարածքային ռեֆորմների արդյունքում մենք նախաձեռնել էինք միության կառավարման համակարգի փոփոխություն: Օրինակ՝ եթե մենք ունենք 900 կամ 500 համայնք, ապա մի քանի մակարդակի կառավարում է: Հիմա խորհրդի կազմում անդամների թիվը քիչ է, եւ կանոնադրական փոփոխություններ պետք է լինեն: Այդ տպավորությունները պրոյեկտվում են հանրության քաղաքական միջավայրի տպավորություններով: Մեր միության ներսում միշտ եղել է բազմակուսակցական համակարգ, եւ դա հիմք չի հանդիսացել, որ ներսում խմբավորումներ ձեւավորվեն: Այդ դեպքում կազմակերպությունը չի կարող գործել. դա անբնական երեւույթ է մեզ համար:
-Իշխող համայնքապետերը, որոնք նաեւ ՔՊ-ականներ էին, առաջարկներով էին հանդես եկել, օրինակ՝ Արմավիրի համայնքապետը՝ չափորոշիչներ փոխելու առումով: Հիմա, այսինքն, որ դա փոխվի, ավելի հավանական չէ՞, որ նրանք հնարավորություն կունենան առաջադրվելու որպես Համայնքների միության ղեկավար:
-Բոլորն էլ հնարավորություն պետք է ունենան եւ կարող են ունենալ: Արտառոց որեւէ բան այստեղ չկա: Եթե որեւէ համայնքի ղեկավար կուսակցության անդամ է եւ առաջարկներով է հանդես գալիս, դա չի նշանակում, որ ինչ-որ գործողություն է կամ կուսակցականացվում է: Նույն կերպ համայնքների շատ ՔՊ-ական ղեկավարներ առաջարկներով հանդես չեն եկել կամ այլ նախընտրություններ ունեն, ինչպես մնացածի պարագայում:
-Էջմիածնի համայնքի ղեկավարի անունն է շրջանառվում:
-Դրանք ասեկոսեներ են: Երբ կգա ընտրությունների պահը, ցանկացած մեկը կարող է լինել թեկնածու, առաջադրվել եւ այլն: Ես նորից պատրաստվում եմ առաջադրվել որպես թեկնածու:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱՎ
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: Այն պետք է քննարկվի վաղը կայանալիք արտահերթ նստաշրջանի ժամանակ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ տարվա ընթացքում զարգացումները եղել են կանխատեսվածից փաստացիորեն ավելի բարենպաստ. սկզբնապես նախատեսված 3.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն՝ տարվա փաստացի տնտեսական աճը կազմել է 5.7 տոկոս:
Նախորդ տարի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 587 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 22.7 տոկոսը, դրանք 2020 թվականի նկատմամբ բարելավված էին 0.3 տոկոսային կետով, 2021-ին այն 147 մլրդ դրամով ավելին էր, քան սկզբնապես պլանավորվել էր: 2021-ին եղել է 2 տրլն 4 մլրդ դրամ փաստացի ծախս, որից ընթացիկ մասը՝ 1 տրլն 786 մլրդ, կապիտալ մասը՝ 218 մլրդ դրամ: Ընթացիկ ծախսերի գծով պարտավորությունները կատարվել են ամբողջությամբ, կատարողականը շատ մոտ է 100 տոկոսին, իսկ կապիտալ ծախսերի փաստացի կատարողականը եղել է 92.3 տոկոս ճշտված պլանի նկատմամբ: Ըստ նախարարի՝ դա վերջին 4-5 տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է:
Իսկ ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա Խաչատրյանը հավելեց. «2021 թվականը նպատակ ուներ բարելավել պարտքի հարաբերական ցուցանիշը, որովհետեւ 2020-ին շատ բարձր աճ էինք արձանագրել. Կառավարության պարտքը 2019-ի նկատմամբ աճել էր 13.4 տոկոսային կետով՝ հասնելով ՀՆԱ-ի 63.5 տոկոսին: Մենք կարողացել ենք 2021-ի ընթացքում այդ ցուցանիշը նվազեցնել, այն կազմել է ՀՆԱ-ի 60.3 տոկոսը: Դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ մի կողմից ծրագրված եւ փաստացի իրականացված տնտեսական աճն է եղել ավելի բարձր, քան կարող էր գնահատվել սկզբնապես, մյուս կողմից՝ ծախսերը որոշակի իմաստով զսպվել են»:
Հավելենք, որ նստաշրջանում քննարկման ժամանակ ներկա կլինի կառավարության ամբողջ կազմը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
Վաղը կմեկնարկի խորհրդարանի հերթական նստաշրջանը, որն ամառվա համար վերջինն է լինելու, սակայն արտահերթ նիստեր դեռ կգումարվեն։ Այսօր ԱԺ խորհուրդը նիստ կգումարի եւ կընդունի օրակարգը։ Armlur.am-ը տեղեկացավ, որ այս պահին օրակարգում 11 հիմնական եւ 8 լրացուցիչ հարցեր են ընդգրկված։ Հիմնական հարցերից է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի նախագծի կատարողականը եւ Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության հաշվետվությունը։ Արդեն չորեքշաբթի օրը տեղի կունենա ավանդական հարցուպատասխանը կառավարության անդամների հետ, որին կմասնակցի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԳԱՆՁՈՒՄ Է ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ
Այն ավտոկայանատեղը, որի համար նախատեսվում է վճարի գանձում, առանձնացվելու է կառավարության կողմից սահմանված գույնին եւ ձեւին համապատասխան գետնանշումով: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվաքների նախարարությունն առաջարկում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարել եւ այս մասին որոշման նախագիծը ներկայացրել է հանրային քննարկման: Պարզվում է՝ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի ներկայիս կարգավորումներով՝ համայնքային վճարովի ավտոկայանատեղերը, որպես տարբերակիչ միջոց եւ պարտադիր տարր, առանձնացվում են կարմիր գույնի գետնանշումներով, որոնցում թեեւ առկա են առանձին հատվածներ նախատեսված միայն հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար, սակայն գործնականում գույնի միատոնության պատճառով չեն տարբերակվում այլ վարորդների կողմից, ինչն էական խոչընդոտ է հանդիսանում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման խնդրի լուծման համար: Ավելին՝ ներկայումս կիրառվում է ընդհանուր մոտեցում վճարման դրույքաչափերի վերաբերյալ, եւ համայնքային վճարովի ավտոկայանատեղիներն առանձնացված չեն՝ ըստ գոտիականության: ArmLur.am-ը տեղեկացավ, որ սահմանվելու են նաեւ առանձնացված հատվածներ համայնքային վճարովի ավտոակայանատեղիներում հաշմանդամություն ունեցող անձանց համար: Բացի այս, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է իրականացնել տարբերակված դրույքաչափերի սահմանում՝ ըստ գոտիականության, ընդհանուր ավտոկայանատեղիների եւ ծառայողական ավտոկայանատեղիների կազմակերպման առնչությամբ: