«ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՊԱ«ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՊԱՅՔԱՐԸ ՁԱԽՈՂԵԼ ԵՆ»ՅՔԱՐԸ ՁԱԽՈՂԵԼ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ՝ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, հայտարարեց, որ ընդդիմությունը փոխում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեմ պայքարի մարտավարությունն ու հրապարակից հավաքում վրանները։ Թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ»  օրաթերթը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ։

 

-Ընդդիմությունը հայտարարում է, որ, ըստ երեւույթին, անցնում է պայքարի այլ փուլի, այլ մարտավարությունների՝ չբացառելով, որ փողոցային պայքարից կարող են անցնել ուրիշ ֆորմատի պայքարի Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը հեռացնելու համար: Ի՞նչ է արել այս ընթացքում ընդդիմությունն ու, Ձեր գնահատականներով, ի՞նչ է պատրաստվում անել:

-Ընդդիմության այս հայտարարությունը նշանակում է այն, որ ընդդիմությունը ձախողել է փողոցային պայքարը եւ ընդունում է, որ փողոցային պայքարի միջոցով չի կարող հեռացնել իշխանությունից Նիկոլ Փաշինյանին, եւ  հայտարարության  այն մասը, թե անցնելու է պայքարի այլ ֆորմատի, նշանակում է այն, որ, ընդունելով ձախողումը, հիմա փորձում է սեփական երեսը պահել: Ընդդիմությունը հետագա գործընթացները փորձում է ներկայացնել որպես պայքարի հաջորդ փուլ: Ամեն դեպքում, ընդդիմությունն այս պահին ընդունում է, որ իրեն չհաջողվեց փողոցային  պայքարի միջոցով, մարդկանց  փողոց դուրս բերելու միջոցով Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, որը նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանը քարտ-բլանշ ունի  իր ձեռքում շարունակելու իր հակապետական եւ հակահայկական գործողությունները, որոնք է՛լ ավելի սարսափելի ծանր հետեւանքներ են տալու Հայաստանին ու հայ ժողովրդին:

-Չի՞ ստացվում, որ ավելի շատ օգնեցին Նիկոլ Փաշինյանին:

-Սա ստացվում է այնպես, ինչպես եղավ 2021 թվականին, երբ պահանջում էին հրաժարական, հետո համաձայնեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որի արդյունքում Նիկոլ  Փաշինյանի հակապետական իշխանությունը վերընտրվեց: Ինձ համար կապ չունի, որ նրան իբրեւ թե ընտրել է ընտրությանը մասնակցած ընտրողների մեծ մասը: Նշեմ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շատ է սիրում ներկայանալ որպես ժողովրդի կողմից ընտրված, այնինչ բոլորն էլ շատ լավ գիտեն, որ  Նիկոլ Փաշինյանին ընտրել է ընտրողների ընդամենը 26 տոկոսը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի վերընտրելը 2021թ.-ին հայաստանյան ընտրողների ընդամենը 26 տոկոսի կամքն էր: Ցավոք սրտի, 2021 թվականի անհաջողության արդյունքում ընդդիմությունն ավելի երկարացրեց կապիտուլյանտ եւ Ալիեւի դեմ ծնկած Նիկոլ Անհողի իշխանությունը այն դեպքում, երբ այս տարի արդեն սպասվում էին հերթական խորհրդարանական ընտրությունները, եւ չէր բացառվում, որ կարելի էր գոնե խորհրդարանական այս տարի  տեղի ունենալիք ընտրություններում ձերբազատվել այս հակապետական եւ թրքամետ իշխանությունից:

-Այսինքն՝ ընդդիմադիրների քայլերը հաշվարկված չէ՞ին:

-Չեմ կարող հաստատ ասել՝ հաշվարկված էին, թե ոչ, որովհետեւ տարբեր մեկնաբանություններ կարելի է տալ թե՛ ընդդիմության գործողություններին, թե՛ իշխանությունների վարքագծին:  Ամեն դեպքում,  պետք է ընդունել, որ հայտարարելով հաջորդ փուլի եւ այլ պայքարի մեթոդների անցնելու մասին՝ հայաստանյան ընդդիմադիրները ընդունում են, որ չհաջողվեց փողոցային պայքարի միջոցով իշխանությունը վերցնել կապիտուլյանտ ու հողատու Նիկոլի ձեռքից:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՔԱՂԱՎԻԱՑԻԱ ՀՅՈՒՐ ԳՆԱՑԱԾ «ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿԸ»

Քաղավիացիայի կոմիտեի արդեն նախկին նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը սրտաճմլիկ ուղերձով հրաժարականի դիմում է գրել: Հրաժեշտի երկարաշունչ տեքստի մեջ, Էդմոն Մարուքյանի ասած, «սիրունիկ աղջիկը» խոսում է ինչ-ինչ ձեռքբերումների մասին, որոնք երեւի միայն ինքն է տեսել, այն էլ՝ հեռավոր Դանիայից: 4 տարի պաշտոնավարման մեծ մասը եվրոպաներում է եղել, երկու տարին՝ ֆիզարձակուրդի մեջ: (2020-ին ու 2021-ին են ծնվել նրա զավակները):

 

Ստոկհոլմում կրթություն ստացած Ռեւազյանը, որ Հայաստան եկավ (կամ Փաշինյանի իշխանության հրավերով եկավ) 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո, թվում էր՝ հեղափոխական բարեփոխումներ կանի ոլորտում, եվրոպական գիտելինքները՝ ի նպաստ ոլորտի զարգացման, կապերը օդային նոր հորիզոններ բացելու համար կկիրառի, ձեռքբերումը, սակայն, օտարների կողմից շահագործվող ու տնօրինվող «ազգային» ավիափոխադրողի առջեւ կանաչ լույս վառելը եղավ:

Ռեւազյանի հրաժեշտի տեքստերի ամեն հատվածին մեկիկ-մեկիկ կարելի է անդրադառնալ, բայց առավել քան հետաքրքիր է ազգային ավիափոխադրողի հատվածը, որ նա որպես իր ամենակարեւոր ձեռքբերում է համարում: Արաբներին պատկանող ընկերության կողմից շահագործող ավիափոխադրողին «ազգային» անունն են տվել այն դեպում, երբ դրա ո՛չ սեփականատերերն են հայեր, ո՛չ էլ լեզունն է հայերենը: Ի դեպ, Ռեւազյանը նույնպես հայերեն դժվարությամբ է խոսում, կարծում եմ՝ նաեւ լեզվամտածողությունը հայերեն չէ: Ինչ վերաբերում է մեզ՝ լրագրողներիս հետ շփումներին, ապա դրա մասին անիմաստ է խոսել: Իշխանափոխությունից հետո հաճախ էր մամուլի ասուլիսներ հրավիրում, ոգեւորիչ հայտարարություններ անում: Կարճ ժամանակ անց նրան ոչ միայն հարցեր տալն էր դժվար, այլ առհասարակ կապի դուրս գալն էր անհնարին. ո՛չ զանգերին էր պատասխանում, ո՛չ էլ հաղորդագրություններին:

Իր պաշտոնավարման մեծ մասը Դանիայում անցկացրած «սիրուն աղջկա» ձեռքն ինչ-որ մեկն ասես գեղեցիկ շարադրանք էր տվել ու ասել՝ «դուխով» հրապարակի: Ինչեւէ, հուսանք՝ Քաղավիացիայի կոմիտե «հյուր գնացած» Ռեւազյանը հյուրի կարգավիճակով այլ պաշտոնի չի նշանավի:

Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ԿՉԵՂԱՐԿՎԵՆ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն առաջարկում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի եւ ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները: Ավելին՝ նախարարությունն այս մասին որոշման նախագիծն արդեն դրել է հանրային քննարկման: Ըստ այդ նախագծի՝ մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ կպահպանվի ՀՀ արվեստի վաստակավոր գործչի եւ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները, որոնք առավել ընդգրկուն եզրույթներ են եւ ներառում են դաշտն ամբողջապես։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պատվավոր կոչումների չեղարկման դեպքում կարիք կլինի վերանայելու հուղարկավորության կառավարական հանձնաժողովի ձեւավորման չափանիշները: Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի կոչման արժանացած արվեստագետները ստանում են 40 հազար դրամ պարգեւավճար: Ըստ նախարարության հիմնավորման՝ պատվավոր կոչումներն ունենում են բացասական ազդեցություն ինչպես առանձին կառույցների ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի, այնպես էլ մշակութային դաշտի բովանդակության վրա առհասարակ: Ձեւավորվում են մրցակցային հարաբերություններ ոչ թե մասնագիտական տիրույթում, այլ նեղ միջանձնային հարթությունում: Բացի այս, նախարարության հիմնավորման մեջ նշված է նաեւ, որ պատվավոր կոչումները սովետական մշակութային համակարգի վերապրուկներ են:

 

 

 

 

ՓՈՂԵՐԻ ՆԵՐՀՈՍՔՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա ապրիլին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 207 մլն 220 հազար դոլար: Նկատենք, որ, մարտ ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 116 մլն 666 հազար դոլարով: Այսինքն՝ պաշտոնական տվյալներով՝ ապրիլին տրանսֆերտները շարունակել են հունվար, փետրվար, մարտ ամիսների համեմատ ավելանալ: Բացի այս, նշենք, որ ՌԴ-ից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած, Հայաստան եկած ու մնացած գումարը ապրիլ ամսին կազմել է 191 մլն 14 հազար դոլար։ Այս ցուցանիշը, ե՛ւ 2021 թվականի դեկտեմբեր, ե՛ւ այս տարվա հունվար, փետրվար, մարտ ամիսների համեմատ, բավականին աճել է: Նշենք, որ այս գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են:

Փաստորեն, ապրիլին 139 մլն 569 հազար դոլարի չափով ավելացել են ՌԴ-ից ՀՀ եկած տրանսֆերտները: Փոխարենը ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է պակասել. եթե մարտին այն կազմել է 35 մլն 330 հազար դոլար, ապա ապրիլին դարձել է 33 մլն 17 հազար դոլար:




Լրահոս