ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 30

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի մայիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտորեն հայտարարում էր. «Ազգային ժողովի եւ նախագահական նստավայրի դռները բաց են հանրության առաջ: Բաղրամյան 26-ին վերադարձվել է ՀՀ նախագահի նստավայրի կարգավիճակը»։

Փաշինյանը նման բան «100 փաստ նոր Հայաստանի մասին» հայտարարությունների շրջանակում էր ասում։ Ազգային ժողովի ու նախագահական նստավայրի այգիներն իսկապես մի որոշ ժամանակ բաց էին հասարակության համար։ Դա տեղի էր ունեցել 2018-ի հոկտեմբերի 2-ին, երբ վարչապետ Փաշինյանը ոտքի վրա պաշտոնանկ էր արել այն ժամանակ կոալիցիոն կառավարության մաս կազմող «Դաշնակցություն» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախարարներին ու մարպետներին եւ հայտարարել, որ այգի ելումուտ պետք է ունենան ՀՀ բոլոր «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները։ Հոկտեմբերի 3-ից Ազգային ժողովի դարպասները մինչեւ Հայաստանում կորոնավիրուս համավարակի տարածումը բացվեցին, բայց համավարակի նահանջից ու կարանտինի չեղարկումից հետո այն այդպես էլ չբացվեց։ Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ մարդիկ պահանջում են իշխող քաղաքական թիմի ու Փաշինյանի հրաժարականը, այգու դռներն այնպես են զմռսվել, որ թվում է՝ դարեր անց էլ չեն բացվի։ Իրականում Ազգային ժողովի ոչ թե ամբողջ, այլ այգու մի շատ փոքր հատվածն էր բաց հասարակության համար։ Խորհրդարանի մեծ ու ընդարձակ, դեկորատիվ ծառերով հարուստ ու սկյուռներով բնակեցված այգու ամենաճոխ ու հետաքրքիր հատվածները ՀՀ քաղաքացիները չեն տեսել, նրանք սոսկ ԱԺ գլխավոր մասնաշենքի առջեւի շատրվանների ու դրանց հարակից տարածքում են եղել։

Այժմ, սակայն, անգամ այդ հատվածն է փակ այն նույն մարդկանց համար, որոնց առջեւ Նիկոլ Փաշինյանը խոնարհվում ու հավատացնում էր, թե բոլորին սիրում է հատ-հատ։ Թե՛ Ազգային ժողովի, թե՛ նախագահի նստավայրի այգու դռներն այժմ ոչ միայն մի քանի կողպեքով են կողպված, դեռ վրադիր էլ զոդված են։ Փաստորեն, Ազգային ժողովի ու նախագահականի դռները բացելու Փաշինյանի հայտարարությունը հերթական սուտն էր։

 

 

 

Երեկ ավարտվեց ութերորդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանը, սակայն  դա ամենեւին էլ չի նշանակում, որ խորհրդարանում նիստեր այլեւս չեն լինելու։ Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական խմբակցության ներկայացուցիչներին արդեն զգուշացրել են չշտապել երկրից հեռանալու հարցում, չկազմել հանգստի պլաններ, քանի որ հուլիսին եւս դեռ արտահերթ նիստեր կլինեն:Բազմաթիվ հարցեր կան, որոնք կուտակվել են եւ պետք է քննարկվեն։ Հետաքրքիր է, որ խորհրդարանում արդեն իսկ ճամպրուկային տրամադրություններ են՝ չնայած այդ զգուշացումներին։ Օրինակ՝ երեկ Քպ-ականները պասիվ էին բյուջեի նախագծի կատարողականի քննարկման ժամանակ, իսկ կառավարության հետ հարցուպատասխանի համար հերթագրվել էր ընդամենը չորս պատգամավոր։ Իշխանական գործիչների սիրտը հանգիստ է ուզում. շատ են հոգնել ու հյուծվել:

 

 

 

Չնայած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռ երեք ամիս կա, սակայն քաղաքական իշխանություններն արդեն նրան փոխարինող են փնտրում: Բանն այն է, որ, ըստ «Դատախազության մասին» օրենքի 63-րդ հոդվածի, մոտ երեք ամսից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի լիազորությունները կդադարեն: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ազգային ժողովի որոշմամբ, պաշտոնի է նշանակվել 2016-ի սեպտեմբերի 15-ին: Ըստ նույն օրենքի՝ Արթուր Դավթյանը եւս մեկ անգամ կարող է առաջադրվել այդ պաշտոնում, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանություններն ավելի հակված են իշխող ՔՊ-ի կողմից խորհրդարանին այլ թեկածու առաջարկել: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ թեկնածուներից մեկն էլ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն է: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պատգամավորից ճշտել՝ նման քննարկումներ կան, թե ոչ, եւ արդյոք առաջարկ ստացել է: Վերջինս նշեց. «Առաջին անգամ եմ լսում, ժպիտով եմ վերաբերվում նման լուրերին»: Բոլոր կառույցներում սեփական մարդկանց պաշտոնների նշանակելու մոլուցք ունեցող իշխանությունների պարագայում այսպիսի թեկնածուն սպասելի էր, եւ նույնկերպ սպասելի էին նաեւ մամուլի տեղեկությունները հերքել սիրող ՔՊ-ականների այսպիսի պատասխանները: Մենք կսպասենք զարգացումներին:

 

 

Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում էլի բարձրացել են: Ըստ մասնագետների կանխատեսումների` անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ մինչեւ տարեվերջ ավելի են բարձրանալու: «Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, բնակարանների թանկացում արձանագրվել է Երեւանի բոլոր վարչական շրջաններում: Ի դեպ, Կենտրոն վարչական շրջանում ապրիլին բնակարանի մեկ քմ-ն գերազանցում էր 1600 դոլարը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն ապրիլին վաճառվել է 730 հազար դրամով, մինչդեռ մարտին այն կազմել է 715 հազար 600 դրամ, այսինքն` մեկ ամսվա ընթացքում 14 400 դրամով թանկացել է: Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 10 900 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 8050 դրամով: Օրինակ` Դավիթաշեն վարչական շրջանում ապրիլին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 375 հազար 300 դրամով, Ավանում` 325 հազար 600 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում` 328 հազար դրամով, Նոր-Նորքում` 322 հազար դրամով: Բնակարանի գինը բարձրացել է նաեւ Նուբարաշենում, որտեղ մարտին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 197 հազար դրամ, իսկ ապրիլին՝ 200 հազար դրամ։ Մասնագետների խոսքով՝ թանկացել են ոչ միայն բնակարաններն ու տները, այլեւ վարձակալության ծառայության գինն է բարձրացել: Այս տարեսկզբից գրեթե 50 տոկոսով բարձրացել են վարձու բնակարանների վճարները՝ չնայած այն հանգամանքին, որ վերջին ամիսներին Ռուսաստանից եկողների հոսքը փոքր-ինչ պակասել է: Բացի այս, դոլարի փոխարժեքի տատանումները եւս նպաստում են անշարժ գույքի գնաճին. այս դեպքում քաղաքացիների մեծ մասը նախընտրում է ներդրումներ կատարել հենց այս շուկայում:

 




Լրահոս