ՔՊ-Ի ԴԱՏԱԽԱԶԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀՈՐ ԱՆՑՅԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նշենք նաեւ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա սեպտեմբերի 16-ին: Ի դեպ, Աննա Վարդապետյանի անունը շոշափվեց մի շարք աղմակահարույց քրեական գործերի շրջանակում: Նա, լինելով Փաշինյանի օգնական, խմբագրել է Ռուբեն Հայրապետյանին ու նրա որդուն որպես մեղադրյալ ներգրավելու որոշումները։

 

Ասել է թե՝ քննիչը իր քրեադատավարական գործողությունները համաձայնեցրել է գործադիրի ղեկավարի օգնականի հետ: Ավելին՝ 2021 թվականին գրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի հոր գործողությունների մասով հարուցվել էր քրեական գործը: Մասնավորապես, 20.09.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է սույն քրեական գործը՝ Ավան վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Կարեն Վարդապետյանի կողմից ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ շինարարության ոլորտում թույլտվություններ տրամադրելու համար «Խութ» բարեգործական հիմնադրամի հաշվին գումարներ մուծելուն հարկադրելու դեպքի առթիվ: Արդյունքում 08.12.2020թ. որոշում է կայացվել քրեական գործով վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով կարճելու եւ նույն հիմքով Կարեն Վարդապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին /արարքի մեջ հանցակազմ չկա/: Քննիչի կայացրած որոշումների օրինականությունը ստուգվել է ՀՀ դատախազությունում:

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1986 թ., 18 փետրվարի, ք. Երեւան

Կրթություն

2002 – 2006 թթ. – Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ

2006 – 2008 թթ. – Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա

2008 – 2012 թթ. – Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա, 2012 թ. հոկտեմբերի 5-ին պաշտպանել է «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն

Աշխատանքային գործունեություն

09.2003 – 05.2005 թթ. – Ավան համայնքի ղեկավարի խորհրդական

04.2007 – 10.2008 թթ. – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ

10.2008 -12.2008 թթ. – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ

12.2008 – 03.2009 թթ. – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ

03.2009 – 03.2013 թթ. – ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական

03.2013- 07.2014 թթ. – ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական

07.2014 – 04.2018 թթ. – ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար

04.2018 – 04.2019 թթ. – ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական

04.2019 թ. – 11.2019 թ. – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

15.02.2020թ. – 29.02.2020 թ. – «Դար» տարածաշրջանային զարգացման եւ մրցունակության հիմնադրամի համայնքային զարգացման ծրագրի ղեկավար

2010 թ.-ից առ այսօր – Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, 2017 թ.-ից՝ նույն ամբիոնի դոցենտ

02.03.2020 թ. նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական

Այլ տվյալներ

2015 թ.-ից առ այսօր – Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ է:

2016-2021թթ. – Երեւանի պետական համալսարանի Իրավագիտություն – 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ?00.05) անդամ:

Ավելի քան 20 գիտական հոդվածների, գիտագործնական ձեռնարկների, վերլուծությունների եւ գրքերի հեղինակ ու համահեղինակ է:

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է:

Ք.Մ.

 

 

ՏՎՅԱԼՆԵՐԸ ԿՐԿՆԱԿԻ ԵՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԵԼ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից,  «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունից ստացված փաստաթղթերի հիման վրա, իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում ի հայտ են բերվել առերեւույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ:

 

Մասնավորապես՝ ՀՀ պետական վերահսկողության ծառայության կողմից «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում 2022թ. փետրվարի 21-ից մինչեւ ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում «Լոկատոր» եւ «Արմեդ» համակարգերի համադրման միջոցով իրականացվել են 2018-2021թթ. տնտեսավորողների հետ կնքված բժշկական թվով 36 պայմանագրերի հիմքով մատուցվող վճարովի ծառայությունների եւ ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի թիվ 1260-Ն որոշմամբ սահմանված կարգով քաղաքացիներին վճարովի հիմունքներով մատուցվող ծառայությունների կատարման ընտրանքային ուսումնասիրություն:

2019-2021թթ.-ին պայմանագրային հիմքով  13 տնտեսվարողներին մատուցված ծառայությունների համար վճարված 9.503 կանչերի, ինչպես նաեւ քաղաքացիներին վճարովի հիմունքներով մատուցված այլ ծառայությունների համար վճարված 22.612 կանչերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 2005 դեպք, երբ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով ծառայողական փաստաթուղթ հանդիսացող կանչի թերթիկները ճիշտ չեն լրացվել: Մասնավորապես՝  արդեն իսկ վճարված կանչերի համար թերթիկները կրկնակի մուտքագրվել են «Արմեդ» համակարգ՝ իբրեւ պետպատվերի շրջանակներում իրականացվող ծառայություն: Դրա հիման վրա ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալությունն ընկերությանը վճարել է լրացուցիչ ընդհանուր 23.267.750 ՀՀ դրամ գումար:

Նկատի ունենալով, որ դատախազի կողմից իր լիազորություններն իրականացնելիս ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով հայտնաբերվել են առերեւույթ հանցավոր արարքների հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում  ՀՀ քրեական օրենսգրքի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է  ՀՀ քննչական կոմիտե:

 

 

ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը դատավորների դիմումները չի ընդունում: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Դատարանների միության նախագահ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը առողջական խնդիրների պատճառով արձակուրդ գնալու համար դիմում է ներկայացրել ԲԴԽ, ինչպես նաեւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանին, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահը Ալեքսանդր Ազարյանի դիմումը հրաժարվում է ընդունել: Իսկ ինչո՞ւ. այս հարցի պատասխանը անձամբ փորձեցինք պարզել Տիգրան Սահակյանից, սակայն վերջինս նիստի էր:

 

 

 

ԻՍՐԱՅԵԼՍԱՐԳՍ ՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

Կայարանցի Թեւոսիկի եղբոր սպանության գործով դատապարտյալ Իսրայել Սարգսյանը դատի է տվել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը: Մեզ հայտնի դարձավ, որ վերջինս պահանջում է անվավեր ճանաչել ապրիլի 24-ի որոշումը: Չի բացառվում,  որ ծառայությունը նրան տույժի է նեթարկել, եւ նա այդ տույժը բողոքարկում է դատարանում: Հիշեցնենք, որ 46-ամյա Իսրայել Սարգսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետերով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականին Իսրայել Սարգսյանը կազմակերպել եւ օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից քրեական հեղինակություն Կայարանցի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով կյանքից զրկել է սպանության կատարող Մովսես Ներսիսյանին: Առավել դաժան ճակատագրի, ըստ այս քրեական գործի, արժանացել է Մովսես Ներսիսյանը՝ Արթուր Սաֆարյանի սպանության ենթադրյալ կատարողը: Սպանության հետքերը թաքցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Իսրայել Սարգսյանի կողմից Մովսեսը ենթադրաբար սպանվել է 2014 թվականի փետրվարի 1-ին «Մագնում» հյուրանոցում: Այս գործի առանձնահատկությունն այն է, որ սպանության մեղադրանք է առաջադրվել տուժող Մովսեսի դիակը հայտնաբերված չլինելու պայմաններում: 2014 թվականի փետրվարի 1-ից մինչ օրս Մովսես Ներսիսյանի մասին ոչ մի տեղեկություն չկա, նրա դիակը հայտնաբերված չէ: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրված նաեւ ապօրինի կերպով «ՏԿ» մոդելի ատրճանակ, փամփուշտներ եւ այլ ռազմամթերք ձեռք է բերելու, կրելու, գործադրելու համար: Նա առաջին ատյանի դատարանի կողմից ազատազրկման է դատապարտվել 25 տարի ժամկետով, ինչը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան:

Ք.Մ.

 

 




Լրահոս