Բաքվի հայ գերիների խոշտանգումներին միջազգային գնահատականի բացակայությունը հանցանքները նորմալիզացնելու ռիսկ է. ՀՀ ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ուղերձ է տարածել հունիսի 26-ին նշվող Խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ՝ նշելով, որ ադրբեջանական իշխանության ներկայացուցիչները խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի են ենթարկել ու ենթարկում նաև միջազգային պարտավորությունների խախտմամբ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։ Այս առումով միջազգային իրավակարգի կողմից ուշացած գնահատականը կամ դրա իսպառ բացակայությունը կրում է այլ կոնֆլիկտների շրջանակներում նման հանցանքները նորմալիզացնելու լրջագույն ռիսկ։ Ցավոք, ուշացած հետևությունները արժենում են մարդկային կյանքեր ու խեղված ճակատագրեր։

«Հունիսի 26-ին մարդկությունը նշում է խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրը։ Միջազգային իրավունքով արգելված ու որևէ հանգամանքներում արդարացում չունեցող այս հանցագործության տեսակը շարունակում է մարտահրավեր մնալ մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելուն և պատժելուն ուղղված միջազգային իրավակարգի ու պետությունների կոլեկտիվ պայքարի համար։ Անմարդկային այս հանցագործության զոհերին, վերապրածներին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին անհրաժեշտ աջակցության տրամադրումը պետք է լինի այն պետությունների ուղղակի պարտավորությունը, որոնք ստանձնել են խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունն այլ կերպ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի բացարձակ արգելք նախատեսող միջազգային պարտավորություններ»,- ասվում է ուղերձում։

Քրիստիննե Գրիգորյանը հավելել է, որ, չնայած բավականին զարգացած միջազգային ու ազգային իրավական կարգավորումներին ու ինստիտուցիոնալ համակարգերի առկայությանը, ժամանակակից կոնֆլիկտներն ու պատերազմական գործողություններն էլ ավելի մեծ ու առայժմ չհասցեագրված ռիսկեր են ստեղծում խոշտանգման ու վատ վերաբերմունքի հանցագործությունների համար։ «Եվ կոնկրետ Արցախյան 44-օրյա պատերազմի օրինակով փաստագրված են բազմաթիվ օրինակներ, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշտանգումների, արտադատական սպանությունների ու անմարդկային վերաբերմունքի այլ ձևերի են արժանացել բազմաթիվ մեր հայրենակիցներ։

Ադրբեջանական իշխանության ներկայացուցիչները խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի են ենթարկել ու ենթարկում նաև միջազգային պարտավորությունների խախտմամբ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։

Այս առումով միջազգային իրավակարգի կողմից ուշացած գնահատականը կամ դրա իսպառ բացակայությունը կրում է այլ կոնֆլիկտների շրջանակներում նման հանցանքները նորմալիզացնելու լրջագույն ռիսկ։ Ցավոք, ուշացած հետևությունները արժենում են մարդկային կյանքեր ու խեղված ճակատագրեր»,- շեշտել է ՀՀ ՄԻՊ-ը։

Նա արձանագրել է, որ, լինելով խոշտանգումների ու վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես բարձրաձայնել և տարեկան ու արտահերթ զեկույցներով ու հայտարարություններով փաստարկված ներկայացրել է նաև ոլորտի ներպետական քաղաքականության ու պրակտիկայի խնդիրները։

Քրիստիննե Գրիգորյանը պարզաբանել է, որ խոշտանգման ու վատ վերաբերմունքի բոլոր ձևերի բացարձակ արգելքի պահանջը ներառում է ազատությունից զրկման վայրերում անձանց բոլոր կարիքները, ինչպես օրինակ՝ քրեակատարողական հիմնարկներում պահման անբավարար պայմանները, բժշկական օգնության և սպասարկման թերությունները, ազատազրկման վայրերում ու պատժի կրումից հետո վերականգնողական ու վերասոցիալականացման ծառայությունների զրոյական արդյունավետությունը, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպություններում անօրինական զսպման միջոցների կիրառումը:

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտել է, որ պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի ինչպես խոշտանգման դեպքերին արագ ու համարժեք արձագանքելու, արդյունավետ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, այնպես էլ երկրում խոշտանգումների արդյունավետ կանխարգելման ուղղությամբ՝ ներառյալ խոշտանգումներ վերապրածներին և նրանց ընտանիքներին անհատական հոգեբանական և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման միջոցով:

«Այս առումով մեր երկրում շարունակում են անկատար մնալ խոշտանգման ու այլ անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու բացարձակ իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմները»,-նկատել է ՀՀ ՄԻՊ-ը՝ հավելելով, որ այսօրը ևս մեկ առիթ է այս խնդիրները քննարկելու և ինստիտուցիոնալ լուծումների հետևից գնալու համար՝ համագործակցելով ոլորտում տարիներ ի վեր գործունեություն ծավալած քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։




Լրահոս