Ֆրանսիացի փոփ-աստղ ZAZ-ի երեւանյան առաջին մենահամերգը կայացավ հունիսի 25-ին «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում Հրազդան մարզադաշտում:
Ֆրանսիացի երգչուհու համերգի մեկնարկը տրվեց երիտասարդ երաժիշտ Պարգի եւ «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի ելույթներով։
ZAZ-ը բեմ բարձրացավ բացման արարողությունից մեկ ժամ անց՝ մարզադաշտի կենտրոնով՝ ճանապարհին ջերմորեն ողջունելով իրեն սպասող հանդիսատեսին։
Հատուկ հայ երկրպագուների համար ZAZ-ն իր մտքերը փորձում էր արտահայտել հայերեն նախադասություններ ընթերցելով, ինչը, հատկապես, բուռն էր ընդունվում Հրազդան մարզադաշտում։
«Մենք ամեն օր ապրում ենք մի հրաշք, բայց այնքան ենք սովորել, որ մոռանում ենք։ Դրա համար ես բեմում եմ դրել օդ, հող, ջուր եւ կրակ։ Ես պաշտում եմ կրակը։ Երբ շատ մութ է, մոմեր եմ վառում, դա ինձ հիշեցնում է կրակը, որ մեջս ունեմ»,-հայերենով արտաբերեց երգչուհին՝ շարունակելով,-«Մենք հաճախ անզոր ենք զգում սարսափի դեմ․ ես հավատում եմ, որ երգելը եւ պարելը մեզ կարող են զվարճացնել, եւ դա արդեն լավ է»։
Երգչուհին նաեւ հիշեց Ազնավուրին, նրա հանդեպ մեծ սերն ու հարգանքը, ու Կամո Սեյրանյանի դուդուկի նվագակցությամբ ներկայացրեց աշխարհառչակ հայ շանսոնյեի La Boheme երգը։ Հայ հանդիսատեսի կողմից հատկապես բուռն ընդունվեց ZAZ-ի ամենահայտնի հիթը՝ Je Veux-ը։
Նշենք, որ «ՀԱՅԱ» փառատոնին, այն շարունակելու է թեժ համերգների շարքը․ հուլիսի 1-ին Հայաստանում ելույթ կունենա աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը, հուլիսի 9-ին՝ Led Zeppelin Symphonic նախագիծը։ Առաջիկա համերգները եւս տեղի են ունենալու Հրազդան մարզադաշտում։
Լիդա Եղիազարյան