«Աշխարհում նման բան չկա, դա եղել է Սովետական Միության ժամանակ, իսկ ուրիշ երկրներում, ովքեր որ առանձնանում են իրենց շնորհքով եւ տաղանդով, մարդկանց գումար էին տալիս, որպեսզի այդ մարդիկ լավ ապրեն, եւ հենց այդ մարդկանց պահում էին գանձի պես: Աշխարհում այդ տեսակ մարդկանց, ովքեր որ հոգեւոր, մշակութային աշխատանք են կատարում, պահում են թանգարանում, որպեսզի մարդիկ գան եւ հեռվից տեսնեն, իսկ մեր երկրում այնքան հասարակ դարձրեցին, որ արդեն կապ չունի՝ վաստակավոր ես, թե ժողովրդական, մեկ է: Մեր նախարարությունը պետք էր, որ առաջին հերթին հոգար արվեստագետների եւ մշակութային գործիչների մասին, ասեին, որ երկիրդ երկիր է, պետությունդ պետություն իր մշակույթով, իսկ եթե մշակույթդ չես պահպանում, այն վերացնում է քո երկրի գոյությունը: Նման ազգերի օրինակներ շատ կան աշխարհում. եթե դու քո մշակույթին տիրություն չես անում, կոչում բան եղած չեղած մեկ է, կոնկրետ ինձ համար մեկ է»,-մեզ հետ զրույցում նշեց ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից «ՀՀ պետական պարգեւների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ է դրվել քննարկման, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի եւ ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները եւ մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիչ պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի եւ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները, որոնք առավել ընդգրկուն եզրույթներ են եւ ներառում են դաշտն ամբողջապես։
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով ամրագրված «գրական, գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատության» իրավունքը։
Փոփոխությունների արդյունքում կարեւոր երաշխիքներ են ստեղծվում մշակույթի եւ արվեստի ոլորտում ստեղծագործողների հավասար պայմաններում ինքնադրսեւորվելու ու ստեղծագործելու, իրենց արվեստը հանրությանը ներկայացնելու համար, դրանով իսկ ապահովվում է սահմանադրական իրավունքը։
Հարկ է նշել, որ սույն պատվավոր կոչումների չեղարկման դեպքում կարիք կլինի վերանայելու հուղարկավորության կառավարական հանձնաժողովի ձեւավորման չափանիշները:
Նշենք, որ ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի կոչման արժանացած արվեստագետները ստանում են 40 000 դրամ պարգեւավճար:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՍՊԱՍՎՈՒՄ Է «ԲԼԲՈՒԼՅԱՆՆԵՐ»-Ի ՆՈՐ ԵԹԵՐԱՇՐՋԱՆ
Բոլորի կողմից սիրված «Բլբուլյաններ» սիթքոմի 2-րդ եթերաշրջանը անակնկալ ձեւով ավարտվել է, ինչն էլ քննարկումների առիթ է հանդիսացել նախագծի հավատարիմ հանդիսատեսի շրջանում, թե ինչու այսպես հանկարծակի սիթքոմը հեռացավ հեռուստաէկրաններից, եւ ինչու նախապես չհայտարարվեց ավարտի մասին: Հայտնի չդարձավ, թե արդյոք այն շարունակություն ունենալու է:
Այս եւ այլ հարցերի պատասխանները ArmLur.am-ը փորձեց ստանալ «Բլբուլյանները» սիթքոմի գլխավոր դերակատար Մհեր Մխիթարյանից, որը մարմնավորում է Շավոյի կերպարը:
Վերջինիս խոսքով՝ նախագիծը չի փակվել, այն շարունակություն է ունենալու. «Կարծում եմ՝ շուտով կլինի երրորդ եթերաշրջանը, իսկ 2-րդ սեզոնն արդեն ավարտվել է: Երրորդ եթերաշրջանի հետ կապված այլ տեղեկություններ չունեմ այս պահին, կարծում եմ՝ շուտով կսկսվեն նկարահանումները»,-հակիրճ նշեց մեր զրուցակիցը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԼԵՎԱՆԴՈՎՍԿՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» ընդունել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» պայմանները եւ ստիպված կլինի 50 միլիոն եվրո վճարել 33-ամյա հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու համար. հաղորդում է AS-ը։ Կատալոնական ակումբը հույս ուներ լեհ խաղացողին գնել 30-35 միլիոն եվրոյով։ Ֆուտբոլիստն արդեն հայտարարել է, որ մտադիր չէ հաջորդ մրցաշրջանում հանդես գալ «Բավարիայում», որի հետ ունի դեռ մեկ տարվա պայմանագիր։ Լեւանդովսկու ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Չելսին» ու Փարիզի ՊՍԺ-ն։
ՖԵԴԵՐԵՐԸ ՆԱՀԱՆՋԵԼ Է
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Լավագույն տասնյակ է մտել լեհ Հուբերտ Հուրկաչը, որը Հալեի մրցաշարի եզրափակչում պարտության էր մատնել Դանիիլ Մեդվեդեւին։ Լեգենդար շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը նահանջել է 96-րդ տեղ։ Նա մոտ 1 տարի կորտ դուրս չի եկել։ Ռուսաստանցի Կարեն Խաչանովը բարձրացել է մեկ աստիճան եւ 22-րդն է։
ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Իսպանիայի հավաքականի եւ գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Դանիել Օլմոն հարձակման է ենթարկվել Վալենսիայում. հաղորդում է Las Provincias-ը։ Ֆուտբոլիստը եղել է եղբոր հետ։ Վարսավիրանոցից դուրս գալուց հետո նրանց վրա են հարձակվել զինված հանցագործներ եւ հափշտակել Դանիել Օլմոյի Rolex ժամացույցը, որի գինը 30 հազար եվրո է։ Օլմոյի եղբայրը փորձել է դիմադրել եւ վնասվածքներ է ստացել։ Դանիել Օլմոն «Բարսելոնայի» սան է։ Կատալոնական ակումբի երիտասարդական թիմերում հանդես է եկել 2007-2014 թվականներին։
ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐ
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում տեղի ունեցավ երրորդ տուրը։ Բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) միավորը կիսեց Յան-Կշիշտոֆ Դուդայի (Լեհաստան), Դին Լիրենը (Չինաստան)՝ Ռիչարդ Ռապորտի (Հունգարիա), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան)՝ Յան Նեպոմնյաշչու (Ռուսաստան), Ալիռեզա Ֆիրուջան (Ֆրանսիա)՝ Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ։ Կարուանան եւ Նեպոմնյաշչին 2-ական միավորով կիսում են առաջին տեղը։ Նրանցից կեսական միավոր են հետ Դուդան, Ֆիրուջան, Ռապորտն ու Նակամուրան։ Ռաջաբովն ու Դին Լիրենն ունեն 1-ական միավոր։ Մրցաշարը կավարտվի հուլիսի 5-ին։ Կանցկացվի 14 տուր։