ԱՄԱՌԱՅԻՆ ԼՈՂԱՓԸ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է ոչ միայն իր, այլեւ կնոջ՝ Օլյա Հայրապետյանի՝ 2021 թվականի դրամական միջոցների ու ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը:

 

ArmLur.am-ը նախ ուսումնասիրեց Հայկ Սարգսյանի՝ 2020 թվականի տարեկան հայտարարագիրը, ըստ որի՝ Սարգսյանն Արաբկիր վարչական շրջանում ունի ինքնակամ շինություններ, որոնք նա նվեր է ստացել 2017 թվականին: Պատգամավորը 2020 թվականին հայտարարագրել է, որ ունի երկու՝ Mercedes-Benz եւ Lexus մակնիշի ավտոմեքենա: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ 2013 թվականի արտադրության Lexus-ը Սարգսյանը գնել է 2019 թվականին, իսկ Mercedes-ը՝ 2017 թվականին: Բանկային հաշվին առկա մնացորդը 2020 թվականի վերջին կազմել է 3 մլն 592 հազար դրամ:

Բացի այս, 2020 թվականի հայտարարագրում նշված է, որ պատգամավորը տարեսկզբին ունեցել է 0.36 բիթքոին, որը տարեվերջին դարձել է 0.16: Հիշեցնենք, որ պատգամավորն այս մասին մի առիթով հայտարարել էր, որ դեռեւս 2017 թվականից ունի բիթքոին արտադրող սարքավորումներ: Սակայն 2021 թվականի տարեկան հայտարարագրում բիթքոինի մասին որեւէ տեղեկություն չկա: Ենթադրվում է, որ պատգամավորն իր բիթքոինները վաճառել է կամ էլ վերածել է դոլարի:

Պատգամավորի կանխիկ գումարը կազմել է 24 մլն դրամ եւ 55 հազար դոլար: Նրա եկամուտը սեփական աշխատավարձն է եղել, որը ստացել է Ազգային ժողովից՝ ամսական 683 հազար դրամի չափով: Բացի այս, նա բանկերից մեկից 77 հազար դրամի չափով եկամուտ էլ է ստացել:

2021 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ բանկային հաշվին մնացորդը կազմել է 4 մլն 385 հազար դրամ:

Կանխիկ գումարը 24 մլն դրամ եւ 55 հազար դոլար է: Նա բանկերից մեկից ստացել է 82 հազար դրամի եկամուտ, իսկ ամսական աշխատավարձը կազմել է 698 հազար դրամ: 2021 թվականի տարեկան հայտարարագրի ծախսերի վերաբերյալ հատվածում ոչինչ նշված չէ:

Ուշագրավն այն է, որ պատգամավորը եւ 2021 եւ 2022 թվականների հայտարարագրերում ոչ մի տող չի հիշատակել Սեւանա լճի ափին գործող White Shorja ամառային լողափի, սրճարանի մասին: Այն, որ White Shorja-ն պատկանում է Սարգսյանին, այս մասին բազմաթիվ լրատվամիջոցներ գրել են: Ավելին, Սարգսյանի կինն է պարբերաբար լուսանկարներ հրապարակում այդ լողափից: Չգիտես՝ ինչու, Սարգսյանը գերադասել է լողափի մասին հայտարարագրերում չնշել:

Սարգսյանի կինը՝ Օլյա Հայրապետյանը, անշարժ եւ շարժական գույք չունի, բայց, չնայած սրան, 2021 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ կանխիկ գումար է ունեցել 10 մլն դրամի, 25000 դոլարի չափով: Եկամուտը «Կիեւ» ընկերությունից ստացած աշխատավարձն է, որը կազմել է 831 հազար դրամ: Պատգամավորի կինը եւս ծախսերը չի ներկայացրել:

Ս.Հ.

 

 

 

ԿԲ-Ն ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ԿԻՐԱՌԵԼ

Կենտրոնական բանկը պատժամիջոցներ է կիրառել արժութային շուկայում հակամրցակցային վարքագիծ դրսեւորած փոխանակման կետերի նկատմամբ։ «2021 թվականի հոկտեմբերի 5-ից ի վեր տեւական ժամանակ Հայաստանի Հանրապետության արտարժույթի շուկայում նկատվել են հակամրցակցային համաձայնության եւ գնային չարաշահման դրսեւորումներ: Կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի շարք փոխանակման կետեր, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, կայացրել են հակամրցակցային համաձայնություն եւ սահմանել հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի, ՌԴ ռուբլու եւ եվրոյի մեծածախ առուվաճառքի միասնական փոխարժեքներ: Համաձայնեցված փոխարժեքները հրապարակվել են rate.am տեղեկատվական հարթակում, ինչն ազդել է այլ փոխանակման կետերի գնորոշման վարքագծի վրա՝ հանգեցնելով նշված արժույթների մասով ՀՀ դրամի նկատմամբ փոխարժեքի ոչ օրինաչափ շեղումների»,-ասված է Կենտրանաբան բանկի հայտարարությունում։ Արձանագրված խախտումների առնչությամբ համապատասխան փոխանակման կետերի նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ՝ նախազգուշացման, տուգանքի եւ լիցենզիայի գործողության ժամանակավոր կասեցման տեսքով։

 

 

ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ օրերս Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին   կրկին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչություն՝ հարցաքննության: Ի դեպ, նրան հարցաքննել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող տարբեր քրեական գործերի շրջանակում` հաշվի առնելով, որ նա եղել է ՊԲ հրամանատար: Ի դեպ, գրել էինք, որ  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը կկասեցնի Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործը: Շուրջ 2 տարվա ընթացքում նախաքննական մարմինը չի կարողացել հիմնավորել, թե Ադրբեջանի կողմից ով է իմացել Ջալալ Հարությունյանի գտնվելու վայրը կամ վերոնշյալ մեքենայում լինելու հանգամանքը եւ նախապատրաստել նրա սպանությունը: Ասել է թե՝ քրեական գործով այդպես էլ մեղադրյալ չի հայտնվել:

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը 2020 թվականի հոկտեմբերին մարտական դիրքում վիրավորվել էր եւ հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ազատվել Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնից: Այնուհետեւ Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 13-րդ կետերով (Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու համար՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, որն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել)։

 

 

 

17 ՏԱՐԻ ԱՆՑ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ 

2017 թվականի նոյեմբերի 23-ին Իջեւան համայնքը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Էդգար Ամիրյանի, սեփականության իրավունքը ճանաչելու, ուրիշի ապօրինի տիրապետությունից գույքը ետ վերադարձնելու պահանջներով։

2017թ. դեկտեմբերի 4-ին դատավոր Սիմա Իսկանդարյանը որոշում է կայացրել հայցադիմումը դատարանի վարույթ  ընդունելու մասին, դատավորի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովում կիրառելու մասին, մերժվել է։  2018 թվականի ապրիլի 11-ին դատարանը արձանագրային որոշում է կայացրել ՀՀ ԿԱ ԱԳՊԿ Տավուշի տարածքային բաժնին այդ գործով ներգրավել որպես երրորդ անձ։ Այնուհետեւ նշված քաղաքացիական գործը հանձնվել է դատավոր Ս. Ուլիխանյանին, ապա՝ Ի. Բաղմանյանին, հետո՝ Ս. Արմենակյանին։

Քաղաքացիական հայցը վերաբերում է Իջեւան քաղաքի կենտրոնում գտնվող, իջեւանցիների  շրջանում որպես  «Շախմատի տուն» հայտնի շենքի տարածքին։  2005թ. հոկտեմբերի 10-ին  Իջեւան համայնքի ավագանին, հաշվի առնելով քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի առաջարկությունը, որոշել  է  համայնքի սեփականությունը հանդիսացող, Վալանսի փողոցի 1-ին շենքի 2-րդ հարկում գտնվող 161,3 քմ տարածքը ներկայացնել աճուրդային վաճառքի՝ մեկնարկային գին սահմանելով 1 միլիոն 129 հազար 100 դրամը։ Համաձայն աճուրդային հանձնաժողովի 2005թ. դեկտեմբերի 19-ի արձանագրության՝ 161,3 քմ տարածքը  մեկնարկային գնով վաճառվել է  Է. Ամիրյանին։  Ուշագրավ է, որ քաղաքի կետրոնում գտնվող գեղեցիկ շենքի  տարածքը օտարվել  է մեկնարկային գնով քաղաքապետ Վ. Ներսիսյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող, նախկինում Իջեւան  համայնքի  ավագանու անդամ  Է. Ամիրյանին։

Առքուվաճառքի պայմանագիրը  նորտարական  վավերացում է ստացել «Իջեւան»   նոտարական տարածքի նոտար Սանամ Հովսեփյանի կողմից։ Դատարանը արձանագրել է, որ  Է. Ամիրյանի սեփականության իրավունքը գրանցվել է բացառապես 161,3 քմ ոչ բնակելի  տարածքի նկատմամբ, իսկ վիճելի գույքի՝ 85,6 քմ մակերեսով բաց պատշգամբների՝ 1-ին հարկից բաց պատշգամբ՝ 40,2քմ-ի  եւ 2-րդ հարկից բաց պատշգամբ՝ 45,4քմ-ի նկատմամբ այն չի գրանցվել, այսինքն՝ պետական գրացում չի ստացել։ 2022թ.-ի մայիսի 26-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ  Սարգիս  Արմենակյանը վճռել  է բավարարել քաղաքացիական հայցը, պարտավորեցնել պատասխանող Էդգար Ամիրյանին ետ վերադարձնել Իջեւանի քաղաքի Վալանսի 1 հասցեում գտնվող 85,6 քմ մակերեսով բաց պատշգամբները հայցվոր  Տավուշի մարզի Իջեւան համայնքին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս