ՔԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն որոշել է Ապարանի կրակոցների գործը Արագածոտնի մարզի քննչական բաժնից տեղափոխել Երեւան: Ասել է թե՝ նախաքննական մարմինը անհանգստություն կամ մտավախություն ունի աղմկահարույց գործի քննությունը մարզում շարունակելու համար:  Ավելին՝ մեր աղբյուրները պնդում են, որ մեկ անձ չի կրակել, այլ կրակել են այլ անձինք եւս, ու կիրառվել է մի քանի զենք: Ըստ լուրերի՝ կրակողներից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  ակտիվիստ է, որին նախաքննական մարմինը ամեն ինչ անում է «ջրից չոր դուրս բերելու» համար:

 

ArmLur.am-ը դիմեց Քննչական կոմիտե՝ պարզելու համար, թե որքանով է տեղեկությունը ճիշտ, եւ ինչու է գործը տեղափոխվել Երեւան: «Նախ ցանկալի կլիներ, որ այս հարցադրումներն ու Քննչական կոմիտեի պատասխանները ներառված լինեին համապատասխան թեմայի վերաբերյալ Ձեր լրատվամիջոցի կողմից տարածված տեղեկատվության բովանդակության ու տրամաբանության տիրույթում, քանզի այդ հրապարակման մեջ կային ճշտումների ու պարզաբանումների ենթակա մի շարք դրվագներ, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին վերագրվող որոշակի տեղեկություններ, որոնք իրականության հետ որեւէ աղերս չունեն: Ավելին՝ առանց որեւէ անհանգստության կամ մտավախության, այլ պարզապես հաշվի առնելով Ապարան քաղաքում տեղի ունեցած միջադեպի հնչեղությունն ու համապատասխան քրեական գործը քննչական մասնագիտացված խմբի կողմից քննելու կարեւորությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հանձնարարությամբ՝ գործը տեղափոխվել է Կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչություն, ձեւավորվել համապատասխան քննչական խումբ, որի կազմում ներգրավված են ինչպես հիշյալ գլխավոր վարչության, այնպես էլ Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչներ: Վստահությամբ պետք է փաստենք, որ Կոմիտեի նախագահի անմիջական հսկողությամբ տարվելու է լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն, իսկ նախաքննության ներկա փուլում այլ մանրամասներ չենք հայտնելու եւ հորդորում ենք նաեւ տարաբնույթ մեկնաբանություններ ենթադրող հրապարակումներով չխոչընդոտել իրականացվող աշխատանքներին: Քննչական կոմիտեն, ինչպես դուք նշեցիք, որեւէ մեկի «ջրից չոր դուրս բերելու» գործառույթներով չի զբաղվում: Եվ առաջարկում ենք զերծ մնալ գործի օբյեկտիվ քննությանը խոչընդոտող ու նախատրամադրող ձեւակերպումներից: Այս պահին նշանակված են անհրաժեշտ բոլոր փորձաքննությունները, որոնց արդյունքներով կտրվեն ինչպես կրակող անձի կամ անձանց, այնպես էլ բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ համակողմանի պատասխաններ»,- պաշտոնապես, ArmLur.am-ին ի պատասխան, հայտնեցին Քննչական կոմիտեից:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ կրակոցներից հետո մի խումբ երիտասարդներ մտել են հիվանդանոց եւ կոտրել ապակիները: Հիվանդանոցի տնօրեն Հայկ Շմավոնյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հիվանդանոց մուտք գործած երիտասարդները բավականին շատ էին, սակայն ոստիկանները կարողացել են իրավիճակը կարգավորել: Երիտասարդները պահանջում էին արագ բուժօգնություն ցույցաբերել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը նախաքննության ավարտ է հայտարարել պետական դավաճանության քրեական գործերից մեկով: Էդգար Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի ծառայող, 2021 թվականի մայիսին համացանցի միջոցով ծանոթացել է Ադրբեջանի Հանրապետության տարածքում սպասարկվող հեռախոսահամարը շահագործող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչ հանդիսացող, Էմմա անվամբ հանդես եկող եւ դեռեւս ինքնությունը չպարզված անձի հետ, տեղեկացված չլինելով իր հաղորդակից կարգավիճակի մասին, ինտիմ բնույթի հարցերի շուրջ ծավալած զրույցների արդյունքում վերջինին սիրաշահելու եւ իրենց շփումը շարունակական դարձնելու նպատակով, դրժելով ՀՀ ԶՈւ զինծառայողի՝ ռազմական եւ պետական գաղտնիքը պահպանելու երդումը, նույն՝ մայիս ամսին դիտավորությամբ հայտնելու եղանակով օտարերկրյա հատուկ ծառայության նշված ներկայացուցչին հրապարակել է ծառայության բերմամբ իրեն հայտնի դարձած պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանք, այն է՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները հայտնի են դարձել օտարերկրյա հատուկ ծառայությանը, որն իրական սպառնալիք է ստեղծել Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության համար: Բացի այդ, Էդգար Առաքելյանը 2017 թվականի Նուբարաշենի կրակադաշտից ապօրինի ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող 6 հատ փամփուշտներ, որոնք ապօրինի կերպով փոխադրել եւ պահել է իր բնակարանում: 2022 թվականի մարտի 3-ին կատարված խուզարկությամբ դրանք հայտնաբերվել եւ վերցվել են:

 

 

 

ԿՌԻՎ՝ ՍԵՎԱՆՈՒՄ

Նախօրեին ոստիկանության Սեւանի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նալբանդյան փողոցում կռիվ է: Մեկնած խումբը Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բակից բերման է ենթարկել նույն շենքի բնակիչ երեք երիտասարդի: Խուզարկությամբ բերման ենթարկվածներից 22-ամյա երիտասարդի գոտկատեղից հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ՝ շեղբի երկարությունը՝ 9 սմ, բռնակի երկարությունը՝ 12 սմ: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով մեկ անգամ խփել է 38-ամյա հարեւանի կրծքավանդակին:

Ժամը 23.10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 38-ամյա տղամարդ: Նա հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել են փորձաքննություններ:

 

 

 

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐՎՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պայթյունի հետեւանքով ՍՊ ընկերության աշխատակիցներից մեկի մահվան, եւս մեկի վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երեւանի Արին-Բերդ փողոցում մետաղաձուլմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակցի կողմից գազային եւ թթվածնային բալոնների գործադրմամբ աշխատող գազակտրող սարքի միջոցով մետաղական դետալի կտրման աշխատանքներ կատարելու ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներից հիշյալ աշխատակիցը մահացել է, իսկ նույն տարածքում գտնվող մեկ այլ աշխատակից ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախքաննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն,  որի ընթացքում հայտնաբերվել եւ վերցվել է հատուկ տեխնիկական միջոցներով միմյանցից կտրված երկաթե խողովակի երկու կտոր, իսկ խողովակում՝ սպիտակ փոշենման զանգված: Տեղեկություններ են ստացվել, որ աշխատակցի մահվան պատճառ կարող է հանդիսանալ գազակտրող սարքի միջոցով նշված խողովակը կտրելու ընթացքում  առաջացած պայթյունը: Քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատահետքաբանական եւ դատաբժշկական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

 

 

 

ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ ԷԻՆ

Մի խումբ երիտասարդներ երեկ ակցիա են իրականացրել Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց: Վերջիններս ԲԴԽ-ի դիմաց միացրել են հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված, իր եւ Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպման ժամանակ արված գաղտնի ձայնագրությունից մի հատված: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակեց խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի եւ խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանի հետ 2021թ. փետրվարի 20-ին իր ունեցած զրույցի ձայնագրությունը: Նա նշեց, որ այն հրապարակելը իր կյանքում կայացրած ամենաբարդ որոշումներից մեկն է եղել, մինչեւ հիմա չի հրապարակել, որովհետեւ սպասել է, որ խորհուրդը ողջամիտ կգործի եւ ծայրահեղ քայլերի չի դիմի:




Լրահոս