ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 36

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ՝ բացառությամբ հատուկ դեպքերի (հատուկ դեպքերն այն են, երբ ինչ-որ տեղից ուշանում ենք, միջազգային հյուրեր են սպասում, եւ օբյեկտիվ պատճառներով ենք ուշանում), քաղաքացիներին զիջում է ճանապարհը հետիոտնային անցումների վրա»,- այս խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, որը 2019 թվականին պարծենում էր, թե քաղաքացիներին ճանապարհ զիջելը իր ձեռքբերումն է:

Ավելին՝ հպարտանում էր, թե ճանապարհային ոստիկանությունն անգամ վարչապետի ընտանիքի անդամներին է տուգանում: 2020-ի հունվարի 25-ին ՀՀ վարչապետը հայտարարեց. «Հայաստանի վարչապետի կինը ոստիկանության կողմից վարչական տուգանքի է ենթարկվել «Կոնդ» կառավարական առանձնատներում՝ վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկը անչափահասին վստահելու համար: Օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակ»:

Այս խոսքերից 2-3 տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը ոչ միայն լուսացույցի տակ չի կանգնում, այլեւ խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները՝ հետիոտներին չի զիջում ու նրանց մահվան պատճառ է դառնում: Ապացույցը այս տարվա ապրիլի 26-ին Երեւանի Լեո-Պարոնյան խաչմերուկում երիտասարդ հղի կնոջը՝ Սոնա Մարտիրոսյանին վրաերթի ենթարկելու փաստն էր: Ի՞նչ է ստացվում. 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո հեծանիվով, մետրոյով կամ հասարակական տրանսպորտով երթեւեկող իշխանավորներին սպասարկող կորտեժներն այսօր ոչնչի, անգամ մարդկային կյանքի առջեւ կանգ չեն առնում, իսկ Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությունը՝ իրեն սպասարկող ավտոշարասյան՝ լուսացույցի տակ կանգնելու ու քաղաքացիներին զիջելու մասին, հերթական սուտն էր:

 

 

 

Մոտ 600 հազար դրամ աշխատավարձ եւ 250 հազար դրամ էլ հավելյալ գումար ստացող ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ Էդուարդ Աղաջանյանն այս տարվա ապրիլի 2-3-ը Գորիս է մեկնել պետական բյուջեի միջոցների հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա հետ միասին Գորիս դարձյալ պետբյուջեի հաշվին մեկնել են պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Սարգիս Խանդանյանը, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Շահբազյանը, Ազգային ժողովի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Էդուարդ Կարապետյանը եւ նույն վարչության անձնագրային սպասարկման բաժնի կրտսեր մասնագետ Էրիկ Մելքոնյանը: Նշենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ՝ ԱԺ բոլոր պատգամավորները, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը նախատեսված է պատգամավորական գործունեություն իրականացնելու ընթացքում առաջացած ընթացիկ ծախսերը հոգալու համար։ Նշված գումարը հարկման ենթակա չէ։ Եվ հետաքրքիր է, որ անգամ Գորիս գործուղումը պատգամավորները որոշել են ամբողջությամբ կատարել պետական բյուջեի հաշվին, այլ ոչ սեփական՝ դրա համար հատկացված միջոցներից:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ քննչական կոմիտեում Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի բացատրություն տալու գործընթացից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կոմիտեի քննիչը միացրել է ձայնագրությունը  եւ կոնկրետ  հարցեր  տվել՝ զրույցի հետ կապված, թե ինչ նկատի ունի նա՝ ասելով, որ իր սկզբունքների դեմ չի գնա: Ի պատասխան՝ Ռուբեն Վարդազարյանը ասել է այն, ինչ հունիսի 20-ին հրապարակային ասել էր մամուլի ասուլիսի ժամանակ: Կոմիտեի քննիչի կողմից հնչել են նաեւ հարցեր, որոնք չեն վերաբերել Վարդազարյանին, ինչին ի պատասխան՝ Ռուբեն Վարդազարյանը քննիչին ասել է, որ այդ  հարցերը պետք է ուղղել ոչ թե իրեն, այլ Գագիկ  Ջհանգիրյանին: Ըստ էության, Վարդազարյանը որեւէ լրացուցիչ տեղեկություն նախաքննական մարմնին չի հայտնել, նա բացատրության մեջ ասել է այն, ինչ խոսել է հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին։ Ստացվում է, որ առաջիկայում Գագիկ  Ջհանգիրյանը եւս պետք է բացատրություն տա կոմիտում, իսկ կգնա նա նախաքննական մարմին, թե ոչ, կիմանանք՝ հետեւելով զարգացումներին: Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին հրապարակվել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, ինչի ժամանակ մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։ Հասարակությունն ու մասնագիտական համայնքը հիմնականում սեւեռված է ձայնագրության մեջ հնչող հայհոյանքների ու գաղտնի ձայնագրելու փաստի վրա ու երկու կողմերի ճիշտն ու սխալն է քննարկում, այնինչ կարեւորագույն հարցերը կարծես տողատակերում են մնում։

 

 

 

 

«Հայբիզնեսբանկ»-ը տուգանվել է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այս տարի «Հայբիզնեսբանկ» -ի եւ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։ Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինասնավորում իրականացնող վարկային կազմակերպության կողմից «Հայբիզնեսբանկ»-ի կանոնադրական կապիտալի 25 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման միջոցով 2022 թվականի հունվարի 24-ի համակենտրոնացումը օրենքով սահմանված կարգով չհայտարարագրելը Հանձնաժողովը որակել է որպես չհայտարարագրված համակենտրոնացում։ Եւ օրենքի խախտման համար «Հայբիզնեսբանկ»-ի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 2 մլն 125 հազար դրամի չափով։ Տուգանվել է նաեւ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինասնավորում իրականացնող վարկային կազմակերպությունը 2 մլն 125 հազար դրամով։ Բացի այս, «Հայբիզնեսբանկ»-ի մյուս բաժնետեր «Էմ ԷՖ ԷՄ» ընկերությունը եւս տուգանվել է 2 մլն 125 հազար դրամով։ Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին բանկի միակ բաժնետեր է դարձել «էմ էֆ էմ գլոբալ ինվեստ» ընկերությունը, որը գրանցված է Շվեյցարիայում՝ Ցյուրիխում։ Այս տարվա հունվարին բանկում բաժնետերերի նոր փոփոխութուն է տեղի ունեցել, ու «Էմ էֆ էմ գլոբալ ինվեստ»-ի բաժնետոմսերի 25 տոկոսն անցել է «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությանը։ Այսինքն՝ «Հայբիզնեսբանկ»-ի բաժնետեր է դարձել ՀՀ կենտրոնական բանկը, որովհետեւ «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպության հիմնադիրն ու բաժնետերը ԿԲ-ն է։ Ի դեպ, հենց այս գործարքներից հետո նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դարձել է բանկի տնօրենների խորհրդի անդամ։ Իսկ «Հայբիզնեսբանկ»-ի նախկին բաժնետերը Վիտալի Գրիգորյանցն է՝ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերը։ Ասել է թե՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է Կենտրոնական բանկի հիմնադրած ընկերությանը։

 




Լրահոս